Հայաստանում հարուստ մարդկանց նկատմամբ հասարակական վերաբերմունքը շարունակում է մնալ հակասական։ Շատերի համար «հարուստ» բառը մինչ օրս նույնացվում է կոռուպցիայի, թալանի և անարդարության հետ։ Սակայն նման ընդհանրացումը ոչ միայն սխալ է, այլև վնասակար, որովհետև իրականում բոլոր հարուստները նույն ճանապարհով չեն հասել իրենց հաջողությանը։
Անկախության առաջին տարիները Հայաստանի համար ծանր փորձություն էին։ Տնտեսությունը փլուզված էր, պատերազմ էր, էներգետիկ ճգնաժամ, գործազրկություն, անորոշություն։ Այդ պայմաններում կային մարդիկ, ովքեր ռիսկի դիմեցին, փոքր բիզնեսներ հիմնեցին, արտադրություն ստեղծեցին, առևտուր կազմակերպեցին, տարիների ընթացքում աշխատեցին, ներդրումներ արեցին, ընդլայնեցին իրենց գործունեությունը և օրինական ճանապարհով դարձան հաջողակ ու հարուստ։ Նրանց հաջողությունը տարիների աշխատանքի, համառության, ռիսկի և ճիշտ կառավարման արդյունք էր։
Սակայն կա նաև մյուս պատմությունը։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի քաղաքական ու տնտեսական համակարգում տարիներ շարունակ ձևավորվեց քրեաօլիգարխիկ միջավայր, որտեղ հարստությունը հաճախ ստեղծվում էր ոչ թե մրցակցությամբ ու աշխատանքով, այլ իշխանությանը մոտ լինելու, մենաշնորհների, կոռուպցիայի, տնտեսական ռեկետի, պետական միջոցների յուրացման և անօրինական արտոնությունների հաշվին։ Այդ համակարգում որոշ մարդիկ կուտակեցին հսկայական կապիտալ՝ ոչ թե արժեք ստեղծելով, այլ ուրիշների հնարավորությունները սահմանափակելով և ազգային հարստությունը «կոպեկներով» յուրացնելով։
Հենց այստեղ է հասարակության գլխավոր խնդիրը։ Երբ բոլոր հարուստներին դնում ենք նույն հարթության վրա, անարդարություն ենք անում այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց հաջողությանը հասել են ազնիվ աշխատանքի շնորհիվ։ Իսկ երբ չենք տարբերակում օրինական ձեռնարկատիրոջն ու նախկին քրեաօլիգարխին, իրականում խրախուսում ենք այն պատկերացումը, թե հաջողության հասնելու միակ ճանապարհը կոռուպցիան է։
Զարգացած տնտեսություն հնարավոր չէ կառուցել, եթե հասարակությունը թշնամաբար է վերաբերվում յուրաքանչյուր հաջողակ գործարարի։ Նույնքան վտանգավոր է նաև հակառակ ծայրահեղությունը՝ արդարացնել ցանկացած մեծ կապիտալ՝ առանց հետաքրքրվելու, թե ինչպես է այն ստեղծվել։
Ուստի գնահատման չափանիշը պետք է լինի ոչ թե մարդու ունեցվածքի չափը, այլ այդ ունեցվածքի ծագումը։ Եթե հարստությունը ստեղծվել է աշխատանքով, նորարարությամբ, ներդրումներով, հարկեր վճարելով և աշխատատեղեր ստեղծելով, ապա նման հաջողությունը պետք է հարգվի։ Եթե այն կուտակվել է կոռուպցիայի, թալանի, պետական լծակների չարաշահման կամ տնտեսական ճնշումների միջոցով, ապա հասարակությունը լիովին իրավունք ունի պահանջելու իրավական և բարոյական պատասխանատվություն։
Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե հարուստների դեմ պայքար, այլ անօրինական հարստացման դեմ պայքար։ Այդ տարբերակումը կարևոր է ոչ միայն արդարության, այլև երկրի տնտեսական ապագայի համար։ Որովհետև ներդրումներ, արտադրություն և տնտեսական աճ հնարավոր են միայն այն դեպքում, երբ հասարակությունը տարբերում է ազնիվ հաջողությունն ու հանցավոր հարստացումը։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

