Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Իրականում Ադրբեջանը որևէ քայլ առաջ չի արել դեպի խաղաղություն: Երկու կետերի համաձայնեցումը միանշանակ Հայաստանի դիրքորոշման արդյունքն է, այսինքն՝ հերթական քայլ առաջ արել է Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանին միայն մնում էր դրա հետ համաձայնել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:
Ստեփանյանն ընդգծեց, որ խաղաղության համաձայնագրի վերջին երկու կետի համաձայնեցումից հետո Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել. «Այդ դեզինֆորմացիան, որը նրանք տարածում են, որ հայկական զորքերը գնդակոծել են իրենց դիրքերը, դա ընկնում է ընդհանուր տրամաբանության մեջ, որն առնվազն սկսած 2020 թվականի աշնանից՝ չի փոխվել: Նպատակները մի քանիսն են և բոլոր այդ նպատակներն ընկնում են մեկ ամենակարևոր նպատակի սահմաններում: Գլխավոր նպատակը՝ Հայաստանի կապիտուլյացիան է, այն չի փոխվել և չի փոխվում, մնացած նպատակները՝ Հայաստանի ներսում խուճապի տարածումն է, ներքաղաքական խռովություններն են, իշխանությանն ուղղված մեղադրանքներն են ընդդիմության, հասարակության տարբեր հավածների կողմից և ամենակարևոր նպատակը հետևյալն է, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանին պետք են պատճառներ: Այս պատճառը, որն իրենք առաջ են քաշում, որ հայկական կողմից կրակոցներ են հնչում, դրանցից մեկն է»:
Քաղաքագետի կարծիքով՝ բոլորը շատ լավ հասկանում են՝ ինչ է կատարվում. «Այդպիսի երկիր չկա, որը չի հասկանում՝ Ադրբեջանն ինչ է անում և ադ բոլոր ողջույնի խոսքերը, որոնք հնչում են Ֆրանսիայից, ԱՄՆ-ից նույնիսկ Ռուսաստանից, Թուրքիայից, խոսում են այն մասին, որ այն մտահաղացումը, որն ուներ Հայաստանի կառավարությունը՝ հերթական քայլն անելով ցույց տալ սեփական կառուցողականությունը և Ադրբեջանի ապակառուցողականությունը, այդ նպատակին մենք հասել ենք, այլ հարց է, որ այս նպատակին հասնելն էսկալացիայի վտանգը բոլորովին չի պակասեցնում, որովհետև Ադրբեջանը շարունակում է գործը տանել դեպի էսկալացիա: Նրանք անընդհատ փորձում են էսկալացիայի սպառնալիքի տակ ստիպել Հայաստանին անել աս կամ այն զիջումը: Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից հետո միանգամից առաջ քաշեց իրենց նախապայմանը՝ Անկախության հռչակագրի դուրս բերումը Սահմանադրությունից, Մինսկի խմբի լուծարումը և այլն: Այդ պահանջներն անվերջ են, այս համաձայնության արդյունքում սկզբունքային փոփոխություններ տեղի չեն ունեցել»:
Մեր այն հարցին, թե Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվության ֆոնին հնարավոր է նրանք դիմեն ագրեսիայի՝ Ստեփանյանն ասաց. «Ամեն ինչ կախված է այն բանակցություններից, որոնք վարվում են երկու երկրների միջև և որին մասնակցում են ԱՄՆ-ն, ինչ-որ առումով Ռուսաստանը, ԵՄ-ն, իսկ այդ բանակցություններն ակնհայտ կերպով գնում են: Հիշենք Թրամփի խորհրդականի հեռախոսազրույցը Հաջիևի հետ և այն հայտարարությունը, որը տարածվեց, նաև բոլոր երկրների հայտարարությունները, որտեղ ողջունվում է խաղաղության պայմանագրի համաձայնեցումը»:
Անդրադառնալով նաև վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարությանը և դրան Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հաջիզադեի արձագանքին, որ ՀՀ-ն անում է գործնականում անհնարին առաջարկներ՝ Դավիթ Ստեփանյանը նշեց. «Անհնարին է համարում փաստական ապացույցներ ներկայացնելը տեսանկարահանման կամ աուդիո ձայնագրության տեսքով, որովհետև դա ուղղակի գոյություն չունի: Եթե իրոք կրակած լինեինք իրենց տարածքի վրա, հիմա 100 նման ձայնագարություն էին տարածել համացանցում, սա խոսում է նրա մասին, որ որևէ բան իրականությունում տեղի չի ունենում և ԵՄ դիտորդական առաքելության հայտարարությունում դա ևս նշված է: Այս ամենն ալիևյան հերթական պրոպագանդիստական հնարքն է, որի նպատակն է էսկալացիայի, պատերազմի վտանգի մակարդակը տարածաշրջանում բարձրացնել: Նա անընդհատ փորձում է պատերազմի վտանգի տարածումով Հայաստանից նոր զիջումներ կորզել: Ալիևը խաղաղության պայմանագիրը ստորագրել չի ցանկանում, կարող է ստորագրել միայն մեկ դեպքում, եթե նրան ստիպեն: Հայկական կողմից որևէ զիջումով ադրբեջանցիների հետ խաղաղության հասնել չենք կարող, ինչ զիջում էլ մենք անենք, Ադրբեջանը պահանջելու է նոր զիջում»:
Ստեփանյանը շեշտեց, որ մոտ ժամանակներում խաղաղության պամանագրի ստորագրում սպասելի չէ. «Ադրբեջանի նպատակները լրիվ այլ են: Մեր կողմից արված բոլոր հայտարարություններն Ադրբեջանի դիրքորոշումը մեղմելու փորձ են: Կարծում եմ, որ մեր երկրի ղեկավարությունը շատ լավ գիտակցում է, որ տեսանելի ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն անհնար է, որովհետև մենք Ադրբեջանին ստիպել չենք կարող, զիջումների ճանապարհով էլ դրան հասնել չենք կարող: Նրանք ամեն մի խաչմերուկում գոռում են, որ խաղաղության կողմնակից են, Հայաստանն է, որ չի հրաժարվում ռևանշիստական մոտեցումներից, իրենք չեն կարող ասել, որ դեմ են խաղաղությանը, դրա համար էլ առաջինը հայտարարեցին, որ համաձանեցվել է տեքստը, այն դեպքում, երբ մեր ԱԳՆ-ի հաղորդագրությունում նշվում էր, որ կողմերը համաձայնեցրել են և պետք է ընդհանուր հայտարարությունով հանդես գային, հենց այդ պահին պարզ էր, որ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել: Ես այս պահին գոնե մեկ ցուցիչ չեմ տեսնում, որը խոսում է այն մասին, որ Բաքուն իրոք ուզում է Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, այս պահին դա անհնար է, պետք է իրավիճակ փոխվի: Այս պահին բանակցությունները մտել են փակուղի»: