Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ընդդիմության սեզոնային հանգիստն ավարտվեց։ Սկսվել են գարնանային սրացումները։ Մի մասը իմպիչմենթի գործընթացով փորձում է քաղաքական լրահոսում անունը «վառ» պահել, իսկ մյուս մասն էլ, մասնավերապես «սիամական երկվորյակներ» Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, միմյանց հերթ չտալով հանդիպումներ են ունենում երիտասարդ համալսարանականների հետ և միմյանց հետ մրցակցում են թե իբր ով է իրենցից ավելի պետականամետ, ով է ավելի հզոր գործիչ, ով է ավելի շատ գործ արել երկրի համար։
Թողնենք մի կողմ հարցը, թե արդյոք սա հայտնի զույգի հերթական ստվերային գզվռտոցի ժայթքումն է, թե Քոչարյան-Սարգսյան զույգի այսպես ասած թշնամանքի մասին վատ բեմադրված խաղ։ Մոտենում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունը և ակնհայտ է, որ սիամական երկվորյակները փորձում են առնվազն մնալ «ալիքի վրա» և չկորցնել այն մինիմալը որն ունեն այսօր։ Իսկ մինիմալը պահելու համար կամ պետք է բեմադրել թշնամանք, կամ պետք է զբաղվել հեքիաթասացությամբ։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանին թվում է, թե իր ելույթը լսում են միայն երիտասարդ համալսարանականները, որոնց զգալի մասը հավանաբար շատ աղոտ պատկերացում ունի Քոչարյանի պաշտոնավարման տարիների մասին, և երկրորդ նախագահը փորձում է իր նախագահության տարիների մասին պատմել «Գյուլնազ տատի» հեքիաթները։
Նույն տրամաբանութամբ էլ շարժվում է Սերժ Սարգսյանը։ Հայտնի զույգը երևի մոռանում է, որ հասարակության զգալի մասը լավ հիշողություն ունի և շատերն են այսօր հիշում, որ Քոչարյանի և Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանը ոչ թե Շվեյցարիա էր դառնում, այլ ավելի ու ավելի էր խորանում ճահիճի մեջ։ Թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը փորձում են իրենց պաշտոնավարման տարիները ներկայացնել որպես Հայաստանի վերելքի տարիներ, մինչդեռ այդ տարիներին վերելք ապրում էին բացառապես իրենք և իրենց շրջապատը, այլ ոչ թե երկիրն ու ժողովուրդը։ Հենց նրանց անհեռատես ու շահամոլ քաղաքականությունը Հայաստանին հասցրեց մի հանգրվանի, որից այն կողմ աղետն էր։ Անորակ սպառազինություն, անորակ ենթակառուցվածքներ, էներգետիկ և բնական ռեսուրսների մսխում։
Սա է եղել Քոչարյանի և Սարգսյանի պաշտոնավարման տարիների քաղաքականության արդյունքը։ Բնականաբար գործող իշխանությունն էլ ունի բացեր, գուցե նաև մեծ բացեր ու թերացումներ, սակայն այդ բացերը հիմնականում հետևանք են այն կոռումպացված համակարգի, որը 25 տարի շարունակ կառուցել է սիամական զույգը։ Ընդորում, կառուցել է մի ժամանակաշրջանում, երբ աշխարհը համեմատաբար հանգիստ էր և հնարավորություն կար աշխարհաքաղաքական իրավիճակն օգտագործել ի նպաստ Հայաստանի զարգացման և հզորացման։ Մինչդեռ հայտնի զույգը այդ ընթացքում կառուցեց իր ֆինանսական կայսրությունը, իսկ Հայաստանին բոլորովին անպաշտպան թողեց փլուզվող աշխարհակարգի տակ։
Մկրտիչ Իսրայելյան