Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մեծ թվով քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից հետևյալ քայլերով՝ մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից: 2020-2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից: Երկրորդ՝ մեկնում են ՀՀ-ից բուժման, ուսման կամ այլ նպատակով և մինչև 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում: 2010-2024 թվականների 2500 գործ կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Երրորդ՝ ծառայությունից ազատվելու համար զինվորական ծառայության հետ անհամատեղելիության թղթերի պատրաստում: Պարտադիր զինվորական ծռայությունից տարկետում ստացածների և ծառայությունից ազատվածների թվի ավելի քան 80 տոկոսն են կազմում առողջական խնդիրներով պայմանավորված ազատվածներն ու տարկետում ստացածները»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների մի մասը խստացնող են, մյուսը մասը՝ խրախուսող. «Խստացնող կարգավորումներն են՝ կառավարության գործող որոշումներում կատարել փոփոխություններ և որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության: Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարին, երրորդ՝ մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ, սա այն գումարն է, որը գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիներն այսօր էլ կարող են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից: Չորրորդ՝ քրեականացնել քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածների հատկանիշներով քննվող քրեական վարույթների շրջանակում նշանակված փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը կամ խուսափելը»:
Սարգսյանը ներկայացրեց նաև խրախուսող կարգավորումները. «Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող լրացուցիչ ֆինանսական միջոցների մի մասը կուղղեն պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողներին՝ դրամական ապահովության չափերի բարձրացմանը: Երկրորդ՝ կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին: Գործող օրեսդրությամբ նման հնարավորություն ունեն 27 տարին լրացածները և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք: Առաջարկվում է, որպեսզի նման հնարավորություն տանք նաև 18 տարին լրացած անձանց, ըստ այդմ նրանք կարող են վճարել 15 միլիոն դրամ և ծառայել 6 ամիս, կամ վճարել 20 միլիոն դրամ և ծառայել 1 ամիս»:


