«Իմպիչմենտ» օպերացիան ի սկզբանե նախաձեռնել էին երկու անհատներ, որոնք ինչ-որ առումով փոխկապակցված են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիմի հետ։ Այդ գործընթացը նույնիսկ «ոզնու» համար էր պարզ, որ ի սկզբանե տապալված է։ Տապալված է, որովհետև վարչապետի հրաժարականի պահանջ այս պահին չկա նախևառաջ փողոցում, երկրորդ՝ այն չէր կարող հաջողություն ունենալ, որովհետև գործընթացը կազմակերպող անհատների քաղաքական կշիռը չի բավականացնում փողոց դուրս բերել նույնիսկ մեկ ավտոբուս մարդ, ուր մնաց կարողանան իրենց շուրջը համախմբել անհրաժեշտ թվով ոչ միայն ընդդիամդիր, այլև իշխանական պատգամավորների։
Բացի հայտնի զույգից՝ իմպիչմենտի սեփական գործընթաց սկսեցին նաև «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցությունից հեռացած, կամ հեռացված երկու պատգամավորները՝ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը։
Տպավորությունն այնպիսին է, որ «Իմպիչմենտ» օպերացիայի գլխավոր սցենարիստը որոշել է Ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունից առաջ կատակերգություն բեմադրել։
«Քաղաքացիական պայմանագրի» նախկին ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց «սրտի» վարչապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան՝ Էդմոն Մարուքյանն է լինելու։ Վերջինն առանց ձևականությունների միանգամից ընդունեց առաջարկը և դարձավ «Իմպիչմենտ» օպերացիայի առաջին «զոհը»։ Սրանով, սցենարիստը յուրահատուկ համ ու հոտ փորձեց հաղորդել «Իմպիչմենտ» կատակերգությանը։ Սակայն սցենարիստը սցենարիստ չէր լինի, եթե չշարունակեր բացել խաղը։
Էդմոն Մարուքյանը միանգամից զանգահարեց ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին, որպեսզի արդեն որպես վարչապետի թեկնածու սկսի քաղաքական կոնսուլտացիաները։ Սակայն Էդմոն Մարուքյանը բավական կոշտ պատասխան ստացավ նախևառաջ այն ուժից, որի ղեկավարը չի բացառվում որ հանդիսանում է հենց «Իմպիչմենտ» ներկայացման սցենարիստը, կամ գուցե սցենարիստի պրոդյուսերը։
Միանգամից երկու տարբեր բեմերում և տարբեր դերասաններով խաղարկվող «Իմպիչմենտ» ներկայացման գլխավոր հերոսին՝ Էդմոն Մարուքյանին, հենց առաջին արարում որոշեցին քաղաքականապես «սպանել»։
Մարուքյանի վարչապետի թեկնածու կերպարը կամ սցենարիստի սրտով չէր, կամ գուցե Մարուքյանին չէին զգուշացրել, որ իրեն վերապահված է լինելու ընդամենը փոքր խաղ մեծ ներկայացմանը։
Քաղաքական թատերաշրջանը ակտիվ փուլ է մտնում, իսկ թե ովքեր են մեծ ու փոքր դերերի համար հերթագրված քասթինգում՝ ցույց կտա ժամանակը։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։