Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Միաժամանակ երկու ուղղությամբ տեսնում ենք իրանական կողմի ակտիվացում։ Ինչպես Արմեն Գրիգորյանը, այնպես էլ Հաջիևն էր այցելել Իրան, գումարած դրան, եթե Հայաստան էր այցելել Իրանի պաշտպանության նախարարը, ապա Արցախի տարածքում իրանական ԶՈւ-ն զորվարժություն էր իրականացնում Ադրբեջանի հետ։ Հատկապես զորավարժությունների քարոզչական աղմուկը մեղմելու համար՝ Իրանի պաշտպանության նախարարն այցելեց ՀՀ, որովհետև հակառակ դեպքում, Արցախում տեղի ունեցած զորավարժությունները, որոնք բացառիկ էին, կարող էին Հայաստանում որոշակի հակաիրանական քարոզչական հետևանքներ ունենալ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արևելագետ Արմեն Պետրոսյանը։
Պետրոսյանի խոսքով՝ վերջին շրջանում իրանական կողմից տեսնում ենք որոշ գործողություններ, որոնք միտված են Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանը․ «Օրինակ՝ ապրիլին Ադրբեջան այցելեց Իրանի նախագահը, շատ կարևոր այց էր և նաև Փեզեշքիանը կարևոր հայտարարություններով հանդես եկավ՝ հատկապես Արցախի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, եթե գնահատեմ, մենք ականատես ենք Իրանի կողմից որոշակի ակտիվացման՝ Հարավային Կովկասում, որը պայմանավորված է մի կողմից այս տարածաշրջանում իրենց ներկայությունն ամրապնդելուն, մյուս կողմից ակնկալվող որոշ մարտահրավերների դիմագրավելուն՝ հատկապես Ադրբեջանի տարածքից Իսրայել-Ադրբեջան-ԱՄն հնարավոր համագործակցությունը կանխելու նպատակով։ Իրանի քայլերն այս պահին այդ ուղղությամբ են և ադրբեջանական ուղղությամբ ակտիվությունը բալանսավորելու համար էլ մենք տեսնում ենք որոշ ակտիվ քայլեր նաև հայկական ուղղությամբ»։
Արևելագետը նշեց, որ Իրանի հիմնական դերակատարումը Հայաստան-Ադրբեջան բախում թույլ չտալն է և վերջին շրջանում Իրանի ակտիվացումը հենց այդ նպատակին է ուղղված։ Ըստ Պետրոսյանի՝ Իրանի շահերից որևէ կերպ չի բխում իր սահմաններին ապակայունացումը։
Անդրադառնալով Իրան-Թուրքիա ներկայիս հարաբերություններին՝ մեր զրուցակիցն ընդգծեց․ «Այս փուլում կառավարելի հարաբերություններ են, դա պայմանավորված է ինչպես Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով, այնպես էլ ընդհանրապես տարածաշրջանում ստեղծված իրավիճակով։ Ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը չեն ցանկանում հավելյալ սրացումներ և ավելի շատ նրանց գործողությունները միտված են տարածաշրջանային կայունությանը և երկկողմ հարաբերությունները չվտանգելուն»։
Արմեն Պետրոսյանը նաև նշեց, որ Իրանը վերջին առնվազն երկու տարվա ընթացքում կորցրել է իր դիրքերը․ «Իսրայելը, ակտիվանալով Գազայում, զուգահեռաբար նաև զգալիորեն թուլացրել է Իրանի ներկայությունը տարածաշրջանում՝ բավականաչափ կարևոր գործողություններ իրականացնելով Սիրիայում, Լիբանանում իրանական ազդեցության ուժերի դեմ։ Ներկայումս, քանի որ Իրանը բավականաչափ թուլացել է և դրան գումարած ընթանում են ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները, Իրանը փորձում է ակտիվությամբ ցուցադրել նաև իր կշիռը ամբողջ տարածաշրջանում, որպեսզի դա էլ որպես որոշակի ցուցիչ օգտագործվի ԱՄՆ-ի հետ բանակցություններում»։
Խոսելով ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին՝ Պետրոսյանը նշեց․«Կողմերը հայտարարում են, որ բանակցությունները դրական ուղով են ընթանում, կարծես թե բովանդակային պայմանավորվածություններ են ձեռք բերվում, բայց երկու կողմի ուղերձները հաշվի առնելով՝ երևում է, որ դեռևս կողմերի միջև պահպանվում են տարաձայնություններ, մասնավորապես՝ Իրանի կողմից ուրանի հարստացման ծավալների մասով։ Այս պահին հիմնական բանակցություններն այդ ուղղությամբ են․ Իրանը ցանկանում է իր երկրում սահմանափակ չափով ուրան հարստացնել, բայց ԱՄՆ-ն կարծես թե պնդում է, որպեսզի ընդհանրապես հրաժարվի և ուրան չհարստացնի, այլ ներմուծի այլ երկրներից։ Դրան գումարած իրանական կողմն ակնկալում է պատժամիջոցների թուլացում, որը սակայն ԱՄՆ-ն դեռևս չի իրականացնում։ Կա նաև Իսրայելի գործոնը, որը փորձում է ամեն կերպ խոչընդոտել ԱՄՆ-Իրան բանակցություններին և խնդրի լուծումը տանել դեպի ռազմական հարթություն»։