Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2025 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումներում ստացվել է անհետ կորած անձանց 96 հաղորդում և դիմում»,- այս մասին Zarkerak.am-ի հարցմանն ի պատասխան՝ նշեցին ՆԳ նախարարությունից:
2024 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ կա դեպքերի աճ:
Ըստ ՆԳՆ տվյալների՝ անհետ կորած 96 անձանցից հայտնաբերվել է 94-ը, 2-ը դեռևս որոնվում են. «96 անհետ կորած անձանցից 72-ը եղել են չափահաս, 24-ը՝ անչափահաս, մասնավորապես՝ մինչև 6 տարեկան՝ 1, 7-12 տարեկան՝ 4, 13-15 տարեկան՝ 8, 16-18 տարեկան՝ 11։ Անհետ կորած 96 անձանցից 1-ը տառապել է մանկամտությամբ, 8-ը՝ հոգեկան հիվանդությամբ, 4-ն ունեցել են հիշողության հետ կապված խնդիրներ»:
ՆԳՆ-ից տեղեկացրին, որ հայտնաբերված 94 անձանցից 5-ը եղել են մահացած. «1-ի դին հայտնաբերվել է Երևանյան լճում (ջրահեղձ եղած), 1-ը՝ ավտոմեքենայում (ինքանավթարից մահացել է), 1-ը՝ կախված վիճակում, 1-ը՝ Նուբարաշեն տանող ճանապարհի ձորակում, անհետ կորածներից մեկը Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի 3-րդ փողոցի 1-ին տան բնակիչ 2023թ. մայիսի 9-ին ծնված Տիգրան Պետրոսյանն էր։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Կոտայքի մարզային վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Հրազդանի բաժնի և ՀՀ ՆԳՆ Կոտայքի մարզի փրկարարական վարչության ծառայողների կողմից իրականացված համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում 2025թ․ մայիսի 24-ին ժամը 11։11-ին Ջրառատ թաղամասից Հանքավան գյուղ տանող ավտոճանապարհի կամուրջից դեպի Հանքավան գյուղ տանող ուղղությամբ 110 մետր հեռավորությամբ Մարմարիկ գետից հայտնաբերվել է Տիգրան Պետրոսյանի դիակը»:
Ներկայացնում ենք նշված ժամանակահատվածում անհետ կորած և հայտնաբերված 23 անչափահասների և 66 չափահասների գտնվելու վայրի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը.
23 անչափահասներից՝ 11-ը զբոսնելու նպատակով առանց ծնողներին տեղեկացնելու հեռացել են տանից և հայտնաբերվել՝ Երևան քաղաքում, 3-ը վիճել են ծնողի հետ և հեռացել տանից, որոնցից 2-ը հայտնաբերվել են Երևան քաղաքում, իսկ 1-ը՝ իր բնակավայրում, 1-ը մայրիկի հետ մեկնել է ՌԴ, 1-ը հայտնաբերվել է հարակից գյուղում գտնվող հոր գերեզմանատանը, 1-ը եկեղեցուց վերադառնալիս մոլորվել է անտառում, 1-ն ամուսնանալու նպատակով հեռացել է տանից, 1-ն այցելել է Կապանում ծառայող ընկերոջը, 1-ը մեկնել է Սյունիքի մարզ՝ Խուստուփ լեռ, 1-ը հեռացել է աջակցման կենտրոնից և գնացել բարեկամի տուն, 1-ը գիշերել է տանը կից օժանդակ շինության տանիքում, 1-ը հայտնաբերվել է Սևան քաղաքի մոտակա գազալցակայանում։
66 չափահասներից՝ 17-ը դուրս են եկել տանից և առողջական տարբեր խնդիրների պատճառով չեն կարողացել վերադառնալ տուն, 15-ը ինքնուրույն վերադարձել են տուն և չեն ցանկացել հայտնել, թե որտեղ են գտնվել, 14-ը շրջել են Երևան քաղաքում, 4-ը մեկնել են ՀՀ-ից, 4-ը շրջել են Գյումրի քաղաքում, 4-ը ձերբակալվել են առերևույթ տարբեր հանցանքներ կատարելու համար, 1-ը շրջել է Աբովյան քաղաքում, 1-ը շրջել է Վանաձոր քաղաքում, 1-ը շրջել է Իջևան քաղաքում, 1-ը զբոսնել է իր բնակավայրում, 1-ի բջջային հեռախոսը լիցքաթափված լինելու պատճառով չի կարողացել կապվել հարազատների հետ, 1-ը չի ցանկացել վերադառնալ ամուսնու մոտ, 1-ը փոխել է բնակության հասցեն, 1-ը հայտնաբերվել է վերականգնողական կենտրոնում:
2024 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 92 հաղորդում և դիմում, որոնցից 4-ն են եղել մահացած. «1-ի դին հայտնաբերվել է ավտոտնակում՝ ավտոմեքենայի սրահում (շմոլ գազից թունավորված), 1-ը՝ անտառում (կենդանիների կողմից հոշոտված վիճակում), 1-ը հանկարծամահ է եղել (Երևան քաղաքում), 1-ը սպանվել է (դիակը մասնատվել է, թաղվել է ընկերոջ կողմից)։
Անհետ կորած 92 անձանցից 2-ը տառապել են մանկամտությամբ, 5-ը՝ հոգեկան հիվանդությամբ, 3-ն ունեցել են հիշողության հետ կապված խնդիրներ։ 92 անհետ կորած անձանցից 67-ը եղել են չափահաս, 25-ը՝ անչափահաս, մասնավորապես՝ մինչև 6 տարեկան՝ 0, 7-12 տարեկան՝ 3, 13-15 տարեկան՝ 10, 16-18 տարեկան՝ 12»։
Վերը նշված ժամանակահատվածում անհետ կորած անձանց դեպքերով մարդու առևանգման դեպքեր չեն արձանագրվել։


