Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այն թվերը, որոնք կան, ավելի համարժեք են իրականությանը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին ամիսների տնտեսական ցուցանիշներին՝ ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.4 տոկոսով գերազանցել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ապրիլին այն 4.3 տոկոսով գերազանցել է մարտի ցուցանիշը, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ բարձր է եղել 5.4 տոկոսով:

Թե արդյոք նշված ցուցանիշները կանխատեսելի էին՝ Քթոյանը նշեց. «2025 թվականի բյուջեի մեջ օրինակ՝ արտաքին տնտեսական գործունեության մասով ապրանքային առևտրաշրջանառության նկատելի նվազում էր կանխատեսված, ինչը և տեղի ունեցավ: Ըստ էության, տնտեսությունում արտացոլվում է այն գործընթացը, երբ նախորդ երկու տարիների ընթացքում հատկապես շոկային ազդեցություն ունեցավ Ռուսաստանի հետ կապված տարբեր ոլորտների շրջանակներում գործառնությունները, օրինակ՝ ոսկու առևտուրը և այդ ինչ-որ իմաստով դրական շոկը հիմա փոխարինվում է հակառակ պրոցեսով: Ասել, որ տնտեսության վրա դա շատ մեծ բացասական ազդեցություն կթողնի՝ ոչ, ինչպես որ դրա ազդեցությունը տնտեսության վրա նախկինում դրականորեն այդքան մեծ չէր: Այո, որոշ ցուցանիշների մակարդակը երկնիշ էր արձանագրվում, այսօր, երբ նույն ոլորտների երկնիշ աճը փոխարինվում է միանիշ աճով, էլի չեմ կարող ասել, որ մենք խնդրի առաջ ենք, հակառակը՝ այդ շոկային էֆեկտը չեզոքացել է, և մենք փաստացի ունենք այն, ինչ կար և պետք է լիներ առանց դրա»:

Անդրադառնալով տարբեր ոլորտների ցուցանիշներին՝ տնտեսագետն ընդգծեց. «Շինարարության ոլորտում շոկային դերակատարում ունի հիփոթեքային վարկերի մասով տոկոսի հետվերադարձի չեղարկումը կամ սահմանափակումը, նախորդ տարվա վերջին ամիսներին շատ մեծ հիփոթեքային վարկավորման ծավալների աճ արձանագրվեց, դա նաև արտացոլվում է շինարարության ծավալներում և հետաձգված էֆեկտը դեռ նկատելի կլինի նաև այս տարվա առաջիկա ամիսներին: Առևտրի մասով ունենք դերակատարման սահմանափակում, նախկինում առևտուրը երկնիշ աճ էր արձանագրում, հիմնականում մեծածախ առևտուրն էր, մասնավորապես՝ ոսկու առևտրով պայմանավորված, հիմա այդ գործոնը չկա: Հետաքրքիր է մշակող արդյունաբերության ասպեկտը, ճիշտ է՝ այստեղ նվազում է արձանագրվում, բայց այդ նվազումն էլի պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ ամիսների ընթացքում մենք առաջանցիկ աճ էինք արձանագրում, բայց այդ աճի հիմքն էլի ոսկու հետ կապված պրոցեսներն էին, հիմա դրանք, որ չկան, հիմնական մետաղների արտադրությունը, որն առնչվում էր այդ պրոցեսների հետ՝ 80 տոկոսանոց նվազում է արձանագրել, և դա ամբողջությամբ իր հետևից քաշել է մշակող արդյունաբերության մնացած բոլոր ցուցանիշները»:

Տնտեսագետը խոսեց նաև գնաճային ցուցանիշների մասին. «Հայաստանին հաջողվում է ապահովել գնաճի ընդունելի մակարդակ: Եթե համեմատության մեջ դիտարկենք, թե՛ տարածաշրջանի երկրների, թե՛ ավելի լայն դիտարկմամբ, օրինակ՝ ԵԱՏՄ կամ ԵՄ, այստեղ մենք համեմատաբար բարվոք պատկեր ունենք, բայց էլի գնաճային ռիսկերն ամեն պահի կարող են ավելի սուր դրսևորում ունենալ՝ հաշվի առնելով գլոբալ անկայունությունը: Ճիշտ է, հիմա Թրամփի պաշտոնավարման առաջին ամիսների համեմատությամբ որոշակի հանդարտություն կա, այնուհանդերձ, հաշվի առնելով, որ անկանխատեսելիությունը դեռևս մեծ է, պետք է հաշվի առնենք, որ մեկ-երկու որոշումը կարող է շուռ տալ իրականությունը, հետևաբար դա նաև գնաճային նոր ճնշումներ կարող է առաջ բերել: Գնաճի հիմնարար պատճառները մեզ մոտ այս պահին հաջողվում է կառավարել և կարևոր հարցերից մեկը՝ հանրության, բիզնեսի գնաճային սպասումներն են, որոնք ցածր են, սա երկարաժամկետ ու միջնաժամկետ տեսանկյունից կարևոր հանգամանք է»:

Արմեն Քթոյանի խոսքով՝ ունենք անվանական աշխատավարձի առաջանցիկ աճ՝ գնաճի նկատմամբ. «Եթե տեսականորեն դիտարկում ենք, սա նշանակում է, որ աշխատավարձային և մնացած եկամուտների իրական արտահայտությամբ ավելացում կա: Իհարկե, կան ոլորտներ, որտեղ այդ ավելացումը շոշափելի կարող է չլինել կամ այնքան մեծ չի, որ կենասամակարդակի աճ արձանագրվի: Պետք է հաշվի առնենք, որ այսօր ունենք ոլորտներ, որտեղ աշխատանքի արտադրողականությունը ցածր է և միջինից ցածր է նաև աշխատավարձը, հետևաբար այդ պարագայում 5 կամ 7 տոկոս աճը որակական տեղաշարժ չի կարող արձանագրել, սա էլ մեկ այլ խնդիր է: Եթե ուզում ենք եկամտի աճ ունենալ, պետք է գանք հիմքից՝ տնտեսության արդիականացման, տեխնիկական վերազինման և այլ խնդիրները պետք է լուծվեն»:
Անդրադառնալով նաև առաջիկա հնարավոր մարտահրավերներին՝ մեր զրուցակիցը նշեց. «Մեր տնտեսությունը փոքր տնտեսություն է, հակված է մեծ թվով ռիսկերի և անորոշությունների, որոնց մակարդակը դեռ բարձր է: Եթե մեկ-երկու շոկային էֆեկտը գալիս կամ գնում է, դա դեռևս չի նշանակում, որ ամբողջությամբ կայուն միջավայրը պահպանվում է: Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով կա շատ մեծ անորոշություն, անորոշություն կա նաև Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող քաղաքականության առումով, այս անորոշություններն ամենատարբեր կապուղիներով ազդում են մեր ու մնացած բոլոր տնտեսությունների վրա: Կան գործիքներ, որոնք պետք է հետևողականորեն մշակվեն, իրականացվեն քայլեր, որոնք միտված են տնտեսության դիմակայունության բարձարցմանը, դա թույլ է տալիս նվազեցնել տնտեսության խոցելիությունը»:

Տնտեսագետը նաև ընդգծեց, որ Կառավարության նախանշած թիրախը համապատասխանում է մեր ներուժային հնարավորություններին. «Թիրախն իրատեսական է, բայց դա չի նշանակում, որ մենք գնում ենք առավել արդյունավետ ճանապարհով: Իրատեսական է 5-6 տոկոսի տիրույթում աճի արձանագրումը»:


