Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Zarkerak.am-ը հարցում է ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն՝ տեղեկատվություն ստանալու ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող անչափահասների վերաբերյալ:
Թվեր և մեղադրանքներ
ՀՀ-ում ազատությունից զրկված անչափահասները պահվում են միայն ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում: Պատիժը կրում է 4 արական սեռի անչափահաս, 2-ը՝ կալանավորված անձ, 2-ը՝ դատապարտյալ: Տարիքային միջակայքը՝ 16-17 տարեկան: Մեղադրվում են կամ դատապարտվել են ծանր և առանձնապես ծանր՝ սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության, մարդու, սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս 18 տարին չլրացած անձինք: Հիմնարկում գտնվող դատապարտյալները երկարաժամկետ դատապարտված չեն, պատժաչափը՝ 4-5 տարի է:
Պայմաններ և վերասոցիալականացում
Անչափահաս դատապարտյալները պատիժ են կրում վերջիններիս համար նախատեսված ՔԿՀ-ներում, որտեղ նրանց համար նախատեսվում են պատժի կրման հատուկ վերականգնողական պայմաններ, որոնք ուղղված են անչափահաս դատապարտյալի ֆիզիկական, հոգեկան, հոգևոր, բարոյական և սոցիալական բնականոն զարգացումն ապահովելուն, նրան դաստիարակելուն և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանելուն: Հիմնարկի վարչակազմը ազատությունից զրկված անչափահաս անձանց հետ աշխատանքներն իրականացնում է վերոնշյալ և վերաբերելի այլ իրավական ակտերի պահանջների համաձայն՝ նրանց համար կազմակերպելով մարզական, մշակութային, կրոնական և այլ բնույթի միջոցառումներ, ինչպես նաև կատարելով սոցիալական, հոգեբանական և իրավական բնույթի մասնագիտական աշխատանքներ, որոնք միտված են վերասոցիալականացման գործընթացների ապահովմանը:
Անչափահասներն ընդգրկվում են պարտադիր հանրակրթական ծրագրով նախատեսված դասընթացներին, ստանում են հիմնական և կամ/միջնակարգ կրթություն: ՔԿՀ-ում առկա է գրադարան՝ հայկական, արտասահմանյան, օտարալեզու նաև հոգևոր գրականությամբ, որից օգտվում են նաև անչափահաս կալանավորված և դատապարտված անձինք: Ներկայումս հիմնարկում պահվող և պատիժ կրող ազատությունից զրկված անձանց մի մասը բավական հետաքրքրվածություն է դրսևորում գրականության, ընթերցանության հանդեպ:
Կապն արտաքին աշխարհի հետ
Հիմնարկում առկա է համակարգչային սենյակ, որից անչափահասներն օգտվում են միայն դասընթացների շրջանակում՝ առանց համացանցին միանալու հնարավորության, քանի որ կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելվում է իրենց մոտ ունենալ կամ հանձնուքներով և ծանրոցներով ստանալ կամ ձեռք բերել, ինչպես նաև արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին վաճառել ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց՝ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք, բաժանորդային քարտ, և այլ մասեր ու պարագաներ, ռացիա, բացառությամբ ՔԿՀ-ի ցածր անվտանգային գոտու մեղմ պատիժ կրող դատապարտյալների: Արգելված է ձեռք բերել և պահել ֆոտոխցիկ, տեսախցիկ, համակարգիչ, վիդեո, աուդիո ձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա՝ բացառությամբ ազատությունից զրկված անձինք հեռախոսակապից և տեսազանգից օգտվում են ՀՀ կառավարության որոշումով:
Կալանավորված անձին կամ դատապարտյալին ՔԿՀ պետի սահմանած ժամանակացույցով տրամադրվում է հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու հնարավորություն՝ ամսական մեկական հեռախոսակապ և տեսազանգ պետական միջոցների հաշվին: Հեռախոսակապից և տեսազանգից դատապարտյալը լրացուցիչ օգտվում է սեփական միջոցների հաշվին: Ազատությունից զրկված անձինք համացանցից կարող են օգտվել տեսազանգ կատարելու նպատակով:Ազատությունից զրկված անձինք, այդ թվում՝ անչափահաս, կարող են օգտվել երկարատև տեսակցությունից մինչև 3 օր տևողությամբ:
Թմրամիջոցների շրջանառությունը և ապօրինությունների բացառումը
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ում վերջին երեք տարիների ընթացքում անչափահասների ներգրավմամբ, փոխանցելու նպատակով թմրամիջոցի ներթափանցման դեպքեր չեն արձանագրվել: Անչափահասների միջև բարոյահոգեբանական մթնոլորտը պատշաճ և ոչ կոնֆլիկտային պահելու նպատակով վերջիններս ներգրավվում են հիմնարկում իրականացվող վերասոցիալականացման և օգտակար զբաղվածության ապահովման ուղղված աշխատանքներում՝ բազմաբնույթ միջոցառումներ, դասընթացներ, ցանկության դեպքում որոշակի տեխնիկատնտեսական աշխատանքներ, ինչպես նաև իրականացվում են անհատական ընդունելություններ, կատարվում են սոցիալական և հոգեբանական մասնագիտական աշխատանքներ:


