Ադրբեջանը փորձում է ամերիկյան պլանի մեջ փաթեթավորել սեփական մտացածին «Զանգեզուրի միջանցք»-ը, իսկ մենք համաձայն չենք դրան. Դավիթ Ստեփանյան Zarkerak - Ադրբեջանը փորձում է ամերիկյան պլանի մեջ փաթեթավորել սեփական մտացածին «Զանգեզուրի միջանցք»-ը, իսկ մենք համաձայն չենք դրան. Դավիթ Ստեփանյան
Zarkerak Zarkerak - Ադրբեջանը փորձում է ամերիկյան պլանի մեջ փաթեթավորել սեփական մտացածին «Զանգեզուրի միջանցք»-ը, իսկ մենք համաձայն չենք դրան. Դավիթ Ստեփանյան
Ադրբեջանը փորձում է ամերիկյան պլանի մեջ փաթեթավորել սեփական մտացածին «Զանգեզուրի միջանցք»-ը, իսկ մենք համաձայն չենք դրան. Դավիթ Ստեփանյան

Ադրբեջանը փորձում է ամերիկյան պլանի մեջ փաթեթավորել սեփական մտացածին «Զանգեզուրի միջանցք»-ը, իսկ մենք համաձայն չենք դրան. Դավիթ Ստեփանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ամերիկյան կողմի մասնակցությամբ շոշափելի առաջընթաց այս պահին չկա: Թրամփը, ինչպես և ցանկացած պոպուլիստ քաղաքական գործիչ՝ փորձում է բոլորին վաճառել այն, ինչ գոյություն չունի՝ իր բացառիկ դերը հիշատակելով այդ ամենում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե հրաշք են գործել և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Ստեփանյանի խոսքով՝ ամերիկյան կողմից Ադրբեջանի վրա ճնշում չկա, կա բավականին անտարբեր տոնով ներկայացվող առաջարկ. «Ասում են՝ եթե ուզում եք, եկեք Վաշինգտոն և այնտեղ ստորագրեք խաղաղության պայմանագիրը, եթե չեք ուզում՝ ձեր գործն է: Համաձայնություն չկա ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից: Ադրբեջանը փորձում է այս ամերիկյան պլանի մեջ փաթեթավորել սեփական մտացածին «Զանգեզուրի միջանցք»-ը, իսկ մենք մեր հերթին համաձայն չենք այդ պայմաններին: Տարբերություն չկա կոմունիկացիաների վերաբացման պլանների մեջ՝ ո՛չ ռուսականի, ո՛չ ամերիկյանի, ուղղակի տարբերությունը վերահսկողությունն է, մեզ համար այս պահին ներկայացրած այդ ամերիկյան պլանը մեծ հաշվով ռուսականից չի տարբերվում, տարբերությունն այն է, որ ռուսական դրոշի փոխարեն լինելու է ամերիկյանը, սա մեզ համար անընդունելի է, որովհետև սա մեր ինքնիշխանության ոտնահարում է: Այս ամենում կա մեկ կոնենսուս, դա ռուսների վտարումն է այստեղից, այս հարցում բոլորը համաձայն են, ընդհուպ մինչև Իրանը»:

Ինչ վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ քաղաքագետը նշեց. «Դա փորձ է հիվանդ գլխից խնդիրը գցել առողջ գլխի վրա, երբ Թրամփը հայտարարում է, որ պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիր, իրենք պետք է բացատրեն, թե ով է մեղավորը, Ալիևը «բացատրում է», որ մեղավորը մենք ենք: Փորձ է անում սեփական պատասխանատվությունը գցել մեզ վրա»:

Ըստ Դավիթ Ստեփանյանի՝ բոլոր այցերի ժամանակ կոմունիկացիաների վերաբացումը քննարկվել է. «Հարցն օրակարգում է, այն չի կարող չքննարկվել, դա մեզ էլ է պետք, խնդիրը պայմաններում է, մենք փորձում ենք այնպես անել, որ մեր պայմաններով դա լինի, ճանապարհի վերաբացմանը որևէ մեկը կարծում եմ՝ ՀՀ-ում դեմ չէ: Երբ կոմունիկացիաները սկսում են աշխատել, պատերազմի հավանականությունը տասնյակ անգամներով նվազում է: Ալիևը փորձում է մեզ վաճառել խաղաղություն, ինքն ասում է՝ ինձ տվեք էքստերիտորիալ կարգավիճակով ճանապարհ, ես ձեզ վրա չեմ հարձակվի, սա անընդունելի է: Ինքը փորձում է նոյեմբերի 9-ի տրամաբանությունը կիրառել հիմա՝ որպես ճնշման լծակ, իսկ մենք ասում ենք՝ ոչ, եթե մենք քեզ տալիս ենք ճանապարհ, դու պետք է մեզ տաս ճանապարհ Նախիջևանի տարածքով, դու պետք է վճարես դրա համար, քո բեռները պետք է սահմանի վրա ստուգվեն, այսինքն՝ այն, ինչ կա բոլոր նորմալ երկրների հարաբերություններում»:

Խոսելով նաև խաղաղության պայմանագրի նախաստորագրման վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին՝ Ստեփանյանն ընդգծեց. «Աբու Դաբիում այս հարցում համաձայնություն տեղի չի ունեցել, որքանով ես հասկանում եմ առաջին հերթին ալիևյան սահմանադրական փոփոխությունների պահանջով, իսկ սա խոսում է մեկ բանի մասին, որ եթե Ալիևն այս փուլում շարունակում է այդ պահանջն առաջ քաշել, դա նշանակում է, որ նա դեռ չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը: Նախաստորագրումը քայլերից մեկն է, դա քայլ առաջ է, բայց որ նշենք, թե դրանով մեր խնդիրները լուծում ենք Ադրբեջանի հետ, ոչ, դա այդպես չէ, բայց ցանկացած դեպքում մենք պետք է գնանք այդ ճանապարհով: Բանակցությունները շարունակվելու են, այս հարցում երկու կողմն էլ համաձայն է, բայց ասել, որ այսօր ամեն ինչ համաձայնեցված է, կողմերը պատրաստ են ստորագրության՝ այդպես չէ»:

Իսկ թե արդյոք մինչև տարեվերեջ հավանական է, որ կստորագրվի խաղաղության պայմանագիրը՝ Ստեփանյանն ասաց. «Ես դա չեմ բացառում, ամեն ինչ մեծ հաշվով կախված է ԱՄՆ-ից, եթե Թրամփն իրոք որոշի, որ իրեն պետք է այս խաղաղության պայմանագիրը և Ադրբեջանի վրա սկսի ճնշում գործադրել, դա հնարավոր կլինի: Եթե ճնշում չգործադրվի, սա անվերջ շարունակվելու է, Ալիևը չի գնալու պայմանագրի ստորագրմանը: Այս պահին չկա այդպիսի հնարավորություն, որ բացի հայտարարություններից, ԱՄՆ-ն գործի անցնի: Այդ առաջարկությունները մի քանի ամիս է, որ սկսել են քննարկվել, նրանք առաջարկությունները գցել են սեղանին և դրանից հետո ոչ մի բան չեն արել: Այս պահին փաստացի մենք ոչինչ չունենք, բացի առաջարկներից և դրանց շուրջ բանակցություններից»:

 

Աննա Բզնունի

21 Հուլիս, 2025 16:00
Վեր