Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պետք է օբյեկտիվորեն գնահատել Վաշինգտոնում արձանագրվածը՝ կողմերի ընդունած հռչակագիրը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի, այսպես ասենք, մասնակցությամբ, բայց ոչ ներգրավվածությամբ և դրա հետագա հեռանկարները: Այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում, Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացի նախորդ շրջափուլի ամփոփումն էր և նոր շրջափուլի մեկնարկը՝ խաղի նոր կանոններով»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված հռչակագրին, դրա կետերին և դրանից ակնկալիքներին:
Փորձագետն առաջարկեց ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում շրջանառության մեջ դրված «Թրամփի ուղու» առնչությամբ գնահատականներում ոչ տրվել էյֆորիային, ոչ էլ հակառակը՝ ՀՀ վախճանին կամ Սյունիքի կորստին միտված անկումային տրամադրություններ հաղորդել.«Վաշինգտոնյան հանդիպումներից, փաստաթղթերից հետո այս քարոզչական աղմուկը թողնելով, ընդ որում հասկանալի քարոզչական աղմուկը, պետք է հասկանալ, որ սկսվում է բոլորովին նոր գործընթաց, եթե այնուամենայնիվ կողմերն արդեն գնան փոխզիջումային տրամաբանության, շատ արագ հարաբերությունների կարգավորման, բնականաբար, դա շատ մեծ արդյունքներ է ապահովելու, երկու երկրների համար և ընդհանրապես տարածաշրջանի համար»:
«Կարգավորման գործընթացի նոր շրջափուլ ենք սկսում և դա կավարտվի, երբ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, երբ բացվեն բոլոր կապուղիները, հիմա ցավոք նման պայմանավորվածություններ և արդյունքներ չկան:Հայաստանի համար ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ կարգավորման գործընթացը տեղափոխվում է դիվանագիտական, քաղաքական հարթություն, խաղաղ միջավայր, առանց ուժի կիրառման սպառնալիքի և որոշակի առումով կա ԱՄՆ-ի ոչ ամբողջական, ոչ պարտադիր, բայց գործընթացին ներգրավվելու հնարավորություն»:
Ըստ Արմեն Պետրոսյանի, Վաշինգտոնում ձևավորված նոր իրողությունների պայմաններում կողմերն ունեն դեռևս հստակ և տևական անելիքներ՝ ստորագրված և վավերացված չէ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը.«Սա դեռ ենթադրում է բանակցություններ, հնարավոր է՝ տևական, Ադրբեջանի կողմից էլ գուցե այս համաձայնագրի ստորագրման շահարկում, գուցե՝ շանտաժ և այլն: Բնականաբար, Ադրբեջանը առավելագույնս փորձելու է գործընթացը տանել իր շահերի տիրույթում: Նաև դեռևս հստակ չէ, թե ինչ պայմաններում, ինչ դրույթներով է տեղի ունենալու ճանապարհների ապաշրջափակումը, այս առումով ևս դեռ պետք է հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեն: Միայն դրանից հետո շատ ավելի հեշտ կլինի կանխատեսելը հետագա պրոցեսները»:
«Այնպես որ դեռ տևական բանակցային շրջափուլ է սպասվում, մեծ ջանքեր և էներգիա է պահանջվում արդեն խաղաղության մթնոլորտում հայկական կողմի համար ստանալու մաքսիմալ դրական արդյունքներ»:
Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակման դեպքում Սյունիքում սպասվող զարգացումներին՝ մասնավորապես այդ մարզում «Թրամփի ուղի» ներդրումային ծրագրին, փորձագետն ասաց.«Եթե բանակցությունները և արդյունքներն արձանագրվեն հայկական կողմի հռչակած սկզբունքների և պատկերացրած կոնցեպտի տրամաբանության մեջ, բնականաբար Սյունիքին առնչվող ակնկալիքները միանշանակ լավատեսություն են ներշնչում, իսկ ԱՄՆ-ի ներգրավվածությունն այս պարագայում ավելի մեծացնելու է այդ ծրագրի անվտանգության և նաև շահավետության մակարդակը:Չնայած տարբեր հոռետեսական գնահատականների, որևէ խաղացող՝ տարածաշրջանային, թե աշխարհաքաղաքական, այս պահին ի զորու չէ ուղիղ կերպով դուրս մղել ԱՄՆ-ին որևէ գործընթացից, գուցե երկարաժամկետ հեռանկարում փորձեր արվեն, բայց կարճաժամկետում նման հնարավորությունները շատ սուղ են»:
Ինչ եզրահանգումներ կարող ենք անել Իրանից հնչող արձագանքներից, և նաև սպասե՞լ ՌԴ-ի հետ հարաբերություններում տեղաշարժեր, այս իրադարձությունների ֆոնին: Ըստ Պետրոսյանի, իրանական կողմից արձագանքները ոչ միանշանակ էին, մինչև նախագահի և ԱԳ նախարարի կողմից իրանական դիրքորոշման հստակեցումը. «Ստեղծված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողություններում, բոլոր տարբեր մակարդակի շահագրգիռ դերակատարները ի զորու չեն ինչ-որ բան փոխելու, եթե ի զորու լինեին ինչ-որ բան անելու, նրանք կկանխեին Վաշինգտոնի ձևաչափի ստեղծումը: Հետևաբար նրանք պետք է փորձեն այս պահին դիրքավորվել այնպես, որ ցույց չտան իրենց անկարողությունը կամ հերթական ձախողումները, նրանց մնում է մեկ ընդունելի ուղեգիծ, քանի դեռ վերջնական հանգուցալուծումներ չկան, փորձելը մաքսիմալ կերպով գործընթացները կառավարելի պահել և փորձել իրենց շահերը և դիրքորոշումը ընկալելի դարձնել ՀՀ-ի, Ադրբեջանի և գործընթացի մյուս մասնակիցների կողմից: Հետևաբար թե՛ Իրանի, թե՛ ՌԴ-ի պարագայում, նրանք պետք է ընկալեն գործընթացներն այնպես ինչպես դրանք կան և փորձեն դիվանագիտական, քաղաքական մակարդակում հնարավորինս ուղղորդեն իրենց շահերի զորու: Չնայած կարծում եմ, որ շատ բարդ է լինելու, բայց այլ ճանապարհ չկա, որովհետև նրանց հնարավորություններն էլ սահմանափակ են» :
Պետրոսյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն առնվազն 2022թ-ից հետո անընդհատ նշում է իր սկզբունքները և իր տեսլականը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացում՝ ի դեմս «Խաղաղության խաչմերուլ» ծրագրի, այդ Ադրբեջանն է, որ փորձում է անընդհատ մանևրել՝ մեկ ՌԴ-ի հետ պայմանավորվածություններով, մեկ ԵՄ-ի, մեկ Իրանի և այլն.«Երբ նշում ենք , որ այս գործընթացը կարող է ազդել օրինակ ՀՀ-Իրան, ՀՀ-ՌԴ հարաբերություններին վրա, պետք է մի բան հասկանալ, որ ՀՀ-ն միակ կողմը չէ այս գործընթացի, այնտեղ կա նաև Ադրբեջան, կա նաև ԱՄՆ, որը փորձում է առաջ անցնել իր բոլոր մրցակիցներից, դրա համար այստեղ միայն ՀՀ-ի վրա այս ամբողջ գործընթացի պատասխանատվությունը բարդելը սխալ հաշվարկ է և հանգեցնելու է հերթական ձախողումների նման դերակատարների համար» :


