Դպրոցական համազգեստից,  դրահամավաքներից  մինչև հեռախոս տանել-չտանել. նոր սեպտեմբեր՝ հին խնդիրներով Zarkerak - Դպրոցական համազգեստից, դրահամավաքներից մինչև հեռախոս տանել-չտանել. նոր սեպտեմբեր՝ հին խնդիրներով
Zarkerak Zarkerak - Դպրոցական համազգեստից, դրահամավաքներից մինչև հեռախոս տանել-չտանել. նոր սեպտեմբեր՝ հին խնդիրներով
Դպրոցական համազգեստից,  դրահամավաքներից  մինչև հեռախոս տանել-չտանել. նոր սեպտեմբեր՝ հին խնդիրներով

Դպրոցական համազգեստից, դրահամավաքներից մինչև հեռախոս տանել-չտանել. նոր սեպտեմբեր՝ հին խնդիրներով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Սեպտեմբերի 1-ի հետ կապված գրեթե չենք ունենում դրահամահավաքների հետ կապված  բողոքներ,  գուցե 1-2 գրավոր բողոք ստացած լինենք»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍՆ  հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:

Սեպտեմբերի 1-ը մոտենում է. պատրաստություն, անհանգստություն,   ու հարցեր, որոնք թվում է՝  միշտ են ակտուալ:

Դպրոցական համազգեստ՝ որոշում առանց պարտադրանքի

«Դպրոցական համազգեստի վերաբերյալ նախարարությունը որևէ կարգավորում չի սահմանում»,- հայտնեց Թամարա Սարգսյանը: Ըստ նրա,  նախարարության կողմից շրջանառվող բոլոր կարգավորումները վերաբերում են խնդրին, որ դպրոցները իրավունք չունեն կազմակերպել միջոցառումներ, որոնք կհանգեցնեն աշակերտների միջև անհավասար պայմանների,  ծնողների համար կրթության բովանդակոթյան հետ կապած չունեցող ֆինանսական բեռի: 

ԿԳՄՍՆ ներկայացուցչի խոսքով,  շատ երկրներում դպրոցներն ունեն  ինքնավարություն դպրոցական համազգեստ ունենալու. «Բայց նախարարությունը ֆինանսական հավելյալ բեռ չառաջացնելու իմաստով  փորձում է իրավիճակը կառավարել, դպրոցները չեն կարող իրենք պարտադրել կամ նախաձեռնել դա»:

Սարգսյանը հավաստացրեց, որ դպրոցական համազգեստ ունենալու որոշումը կայացնում են  ծնողները և աշակերտները.«Դա սահմանափակելու շատ լիազորություններ նախարարությունը չունի: Համազգեստի հետ կապված գրավոր բողոքներ այս տարի, նաև անցած տարի չենք ստացել, առհասարակ մասսայական դժգոհություն վերջին տարիներին  չի եղել»:

Հեռախոսը՝ գրպանում. կարելին ու չի կարելին

«Բոլոր նոր դասագրքերում, նաև առաջին դասարանցիների գրքում ունենք ակտիվ կոդեր,  որոնք տանում են դեպի համապատասխան ուսունական նյութ, տեսանյութ, հետևաբար երեխաների կողմից սարքավորումների օգտագործումը չի արգելվում»,- նշեց Սարգսյանն ու հավելեց, որ սա վերաբերում է բոլոր դասարաններին: 

Հայտնեց՝ սրանով փորձ են անում ձևավորել մշակույթ, որ գաջեթները նաև կրթությանն օժանդակելու միջոցներ են: Սակայն ըստ նրա հեռախոսի օգտագործումը կարգավորող կանոնների կարիք կա.«Վերջին շրջանում քննարկումներ ենք ունեցել՝  կարևոր է, որ դպրոցներն իրենց հստակ կանոններն ունենան տարբեր սարքավորումների օգտագործման վերաբերյալ. տարբեր երկրներում տարածված է, որ դասարաններն ունենում են պահարաններ դասաժամերին հեռախոսները պահելու համար՝ թե տարրական, թե ավագ դասարաններում: Կարծում եմ ունենք ՀՀ-ում նման կանոններով առաջնորդվող դպրոցներ»: 

Թամարա Սարգսյանի խոսքով, քանի դեռ չկան հստակ ու համատարած կանոններ, հեռախոսը կարող է կռվախնձոր դառնալ, օրինակ ուսուցիչը ստիպված կարող է հավաքել դրանք դասաժամին, բայց սա էլ լուծում չէ: 

Հարց է առաջանում, արդյոք հեռախոսների առկայությունը առավել խոցելի չի դարձնում ուսուցչին՝ ցանկացած պարագայում հանրայնացվելու առումով.«Մենք ընդհանրապես ուսուցչի, աշակերտի պաշտպանության խնդիր տեսնում ենք, բայց նաև շատ կարևոր է հասկանալ, թե մենք ինչ տեսակի փոխհարաբերությունների մասին ենք խոսում: Համացանցում սովորաբար ուսուցչի մի անմեղ նկատողությունը չի հայտնվում, հայտնվում են այնպիսի նյութեր,  երբ ուսուցիչը թույլ է տալիս անթույլատրելի վարքագիծ: Այսինքն՝ ունենք այս իրավիճակի մյուս կողմը, երբ երեխաներն են լինում անպաշտպան ու որոշում են հանրայնացել խնդիրը»: 

«Ես կարծում եմ որ մեր ուսուցիչների մեծ մասը չունի այդ խնդիրը և անկեղծ  ու հարգալից հարաբերություններ է  կառուցում աշակերտների հետ: Գուցե քիչ թվով մասնագետներ կան,  որոնք մասնագիտական պատշաճ վարքագիծ չեն ցուցաբերում: Միևնույն ժամանակ ինքս շատ կցավամ, եթե ուսուցիչը աշակերտների հետ հարգալից  և կոռեկտ լինի՝ վախենալով, որ մեդիայի շրջանառության  օբյեկտ դառնա: Այն բոլոր տեսանյութերը, որոնք ներկայացնում են ուսուցչի կողմից հոգեբանական և ֆիզիկական բռնություն, ստանում են իրենց արձագանքը, նախարարությունը տեղյակ է նաև չհանրայնացված դեպքերից: Ուսուցիչները ստանում են նկատողություն, նախազգուշացում, նաև ազատվում են աշխատանքից կամ դատական կարգով արգելվում է զբավել մասնագիտական գործունեությամբ»: 

Նա միևնույն ժամանակ վստահեցրեց, որ ծեծի ժամանակաշրջանը վաղուց  ավարտվել է, ուսուցիչը շատ ավելի զգոն է, քանի որ աշակերտները և ծնողները նման վարքագիծ չեն հանդուժում: Թեև չբացառեց հատուկենտ դեպքերի առկայությունը: 

«Առաջիկա ուսումնական տարին հայտարարվելու է անվտանգ և ապահով դպրոցական միջավայրի տարի, որը վերաբերելու է, թե ուսուցիչներին, թե աշակերտներին:  Սա կարոևր է,  որպեսզի մենք կարողանանք շատ  համակարգային անդրադառնալ  նշված հարցերին և ձևավորել խորը իրազեկվածություն յուրաքանչյուրի իրավունքների և  պարտականությունների մասով»,- եզրափակեց Թամարա Սարգսյանը: 

 

Մարիամ Մկրտչյան 

 

 

 

 

 

 

27 Օգոստոս, 2025 16:15
Վեր