Վճարիր անկանխիկ,  ստացիր հետվճար պետությունից. հնարավորություն բոլորի համար. տնտեսագետը՝ նախաձեռնության, դրա ռիսկերի և հնարավոր գնաճի մասին Zarkerak - Վճարիր անկանխիկ, ստացիր հետվճար պետությունից. հնարավորություն բոլորի համար. տնտեսագետը՝ նախաձեռնության, դրա ռիսկերի և հնարավոր գնաճի մասին
Zarkerak Zarkerak - Վճարիր անկանխիկ, ստացիր հետվճար պետությունից. հնարավորություն բոլորի համար. տնտեսագետը՝ նախաձեռնության, դրա ռիսկերի և հնարավոր գնաճի մասին
Վճարիր անկանխիկ,  ստացիր հետվճար պետությունից. հնարավորություն բոլորի համար. տնտեսագետը՝ նախաձեռնության, դրա ռիսկերի և հնարավոր գնաճի մասին

Վճարիր անկանխիկ, ստացիր հետվճար պետությունից. հնարավորություն բոլորի համար. տնտեսագետը՝ նախաձեռնության, դրա ռիսկերի և հնարավոր գնաճի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կենսաթոշակի և նպաստի  հետվճարի ծրագրի ազդեցությունը, ըստ էության, ցույց տվեց, որ անկանխիկ վճարումներն ավելանում են՝  ֆինանսական որոշակի  շահագրգռվածության արդյունքում: Նոր նախագծով այս պարագայում խնդիրը համակարգի ընդլայնումն է՝ շարունակել մեծացնել անկանխիկ շրջանառությունը և դրա համար ավելի գրավիչ հիմքեր ստեղծել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը՝ անդրադառնալով կառավարության վերջին որոշմանը: 

Երեկ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ տարվանից ներդրվելու է համընդհանուր հետվճարի համակարգ. ArCa քարտեր ունեցող  բոլոր քաղաքացիներն  անկանխիկ առևտրի դեպքում 2 տոկոս հետվճար են ստանալու։ Իսկ թոշակառուների անկանխիկ ծախսերի հետվերադարձի համակարգը զարգանալու է և 2026-ին հասնելու է 20 տոկոսի՝ ներկայիս 12 տոկոսի փոխարեն։ 

Տնտեսագետն ընդգծեց, որ պատահական չէ միայն ազգային վճարային համակարգի համար ծրագրի գործարկումը.«Վճարային համակարգերն այսօր մրցակցային պայմաններում են`Visa, Mastercard , յուրաքանչյուրն առաջարկում է իր որոշակի առավելությունները,  սա թույլ է տալիս ազգայինն ավելի մրցունակ և գրավիչ դարձնել, ընդլայնել դրանից օգտվողների և գործառնությունների թիվը»: 

Նշենք, որ ըստ ArCa-ի պաշտոնական էջի՝ համակարգից օգտվողների թիվը 3 միլիոն է,  տարեկան մշակվում է 4 տրիլիոն դրամի գործարք: Արդյոք պետական սուղ բյուջեի պայմաններում սա արդարացված նախաձեռնություն է, տնտեսագետն այսպես բացատրեց.«Պիտի  հասկանանք՝ արդյոք այդ համակարգը որոշակի սահմանափակումներ ունենալու է, թե ոչ, ամեն անձի մասով ամսական որոշակի սահմանափակումներ են լինելու, ինչպես  կենսաթոշակառուների դեպքում: Ենթադրում եմ՝ կարող է  ինչ-որ սահմանափակումներ ունենալ, որը ռիսկերը բյուջի վրա կնվազեցնի: Նաև ուսումնասիրություններ են պետք ArCa-ով գործառնությունների բնույթը հասկանալու և հետևաբար  ծախսային բեռը հաշվելու համար:  Եթե ցանկանում ենք խթանել անկանխիկ շրջանառությունը՝ իր որոշակի դրական հետևանքներով՝  ծախսերի կրճատում, թափանցիկության ապահովում, պետությունմն էլ պետք է ստիպված լինի որոշակի ծախսեր անել»

«Սա ենթադրում է նաև պետական բյուջեի սոցիալական ծախսերի որոշակի բաղադրիչ, որով պետությունն անուղղակիորեն ֆինանսավորում է  բնակչությանը՝ որոշակի գործարքների իրականացման համար»

Տնտեսագետը հատկապես կարևոր համարեց, որ այս նախագիծը շրջանցելու է խաղային ոլորտը.«Եթե չսահմանափակեին,  խաղադրույքներ դնողներն իրենց  ներդրածի համար հետվճար ստանալով դա էլի կօգտագործեին խաղադրույքի համար, ստացվում է՝ պետական բյուջեն մասնակցում է այդ պրոցեսին, որն արդարացի չէ»: 

Անդրադառնալով մտահոգություններին, թե այս նախաձեռնությունը կարող է գնաճի պատճառ դառնալ, մասնագետը հակադարձեց.«Չեմ կարծում, որ սա հավելյալ գնաճի պատճառ դառնա, հիմնավոր չէ մտավախութունը: Պետությունն ուղղակիորեն գները չի բարձրացնում, եթե հարկեր է բարձրացնելու, որը գնաճ է  բերելու, դա այլ հարց է, բայց այս դեպքում չի ենթադրում, որ պետությունը հարկային բեռ է մեծացնում: Բայց թե քեշբեքը ինքն իրենով գնաճի ռիսկեր կպարունակի թե չէ, վաղ է ասել, ենթադրվում է, որ որոշակի պահանջարկի մեծացում է լինելու,  սակայն չեմ կարծում այնքան մեծ լինի, որ էական գնաճի ռիսկեր պարունակի»,- նշեց Էդգար Աղաբեկյանն ու հավելեց, որ ՀՀ-ում այսօր նկատվում է  անկանխիկ գործարքների աճի միտում:

 

Մարիամ Մկրտչյան 

 

 

28 Հոկտեմբեր, 2025 16:46
Վեր