Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն: Այս կետից պետք է անդրադառնամ հետևյալ հարցին. այնուամենայնիվ, որո՞նք են մարտահրավերները: «Օրբելի Ֆորում-2025»-ի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարտահրվերներից մեծագույնը և հիմնարարն այն է, որ քիչ առաջ իմ արտաբերած նախադասությունը տարօրինակ, օտարոտի և անծանոթ է հնչում. խաղաղություն ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև: Ի՞նչ է դա նշանակում: Մենք այս խնդրին առնչվելուց առաջ պետք է արձանագրենք, որ խաղաղությունն անծանոթ հասկացություն և միջավայր է ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև:
Մեր անկախությունների առաջին օրից մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը: Մենք խաղաղություն երևույթին չենք առնչվել երբեք, ընդհակառակը՝ նույնիսկ մեր անկախությանը նախորդող և նախընթաց շրջանում մեր հարաբերությունների առանցքային գործոնը և բնորոշիչը եղել է կոնֆլիկտը:
Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը անկախություն ստացել են կոնֆլիկտի ֆոնին, կոնֆլիկտի տրամաբանության մեջ և կոնֆլիկտից բխած էներգետիկայի շնորհիվ, և մենք ամենևին չպետք է թերագնահատենք այս փաստը:
Ուզում եմ ընդգծել, որ ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը, ընդ որում՝ քաղաքական առումով կոնֆլիկտն ավարտված է, լուծված է, բայց պետք է հասկանանք, որ սոցիալ-հոգեբանական առումով 30 և ավելի տարվա սոցիալ-հոգեբանությունը մի երևույթ չէ, որ ուղղակի կարելի է անջատիչը անջատելով և արգելակները քաշելով կանգնեցնել, և հետևաբար, այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում: Արտահայտվում է մամուլում, հանրային շրջանակներում, փորձագիտական շրջանակներում, արտահայտվում է անգամ երկրների առաջնորդության մակարդակում, և մենք պետք է նաև այս երևույթի հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք: Բայց հնարավո՞ր է դա կանգնեցնել: Այո, հնարավոր է: Ինչպե՞ս: Քաղաքական առաջնորդությամբ: ԵՎ սա մեծագույն և կարևորագույն հարցն է. քաղաքական առաջնորդության հարաբերությունն իրավիճակի, ապագայի ռազմավարական պլանավորման և շատ կարևոր է՝ պատմության հետ: Կարծում եմ՝ հենց քաղաքական առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա մի հարցի. մենք ի՞նչ ենք ուզում լինել. մենք ուզում ենք լինել պատմության սպառո՞ղ, թե՞ մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող:
Վերջին երկու տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմության ստեղծող, ինչը ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց, մյուս կողմից, չմոռանալ պատմությունը և լինել պատմություն ստեղծող, նշանակում է՝ առնվազն չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ: Սա է մեր ընկալումը, որովհետև ընդհանրապես պատմությանը հղում անելով՝ պետք է նաև հասկանանք մի բան. իսկ ո՞րն է պատմության մեկնարկային լեգիտիմ կետը:
Եթե մենք այսօրվա մեր գործողությունների հիմնավորումը և տրամաբանությունը փորձենք գտնել պատմության մեջ, դա նշանակում է, որ մենք չենք հավատում խաղաղությանը»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ պատմությունը լինում է կոնֆլիկտների մասին, որովհետև խաղաղության մեջ ոչ մի հետաքրքիր բան չկա պատմաբանի տեսանկյունից: Խաղաղությունը վիճաբանություններ և բանավեճեր չի հրահրում: Խաղաղությունը հրահրում է ներդաշնակություն, իսկ ներդաշնակությունը պատմաբանների համար ամենաձանձրալի իրավիճակն է:
«Ուզում եմ նաև արձանագրել, որ մենք պետք է նաև ուշադիր լինենք պատմության վերաբերյալ այն տրամաբանության մեջ. իսկ ինչո՞ւ չենք կարող հղում անել, մասնավորապես, այն ժամանակների պատմությանը, և կան, իմիջիայլոց, պատմաբաններ և քաղաքական առաջնորդներ, որոնք հղում են անում այն ժամանակների պատմնությանը՝ դա համարելով հիմնական լեգիտիմ մեկնակետ, որտեղ՝ այդ թվում մեր տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պատմությունները բնորոշվում էին Կիրովականներով և Կիրովաբադներով, Լենինականներով և Լենինաբադներով, Կույբիշևներով, «Հոկտեմբեր» կինոթատրոններով և այլն, և այդպես շարունակ:
Կան քաղաքական առաջնորդներ, կան շրջանակներ, որոնք լեգիտիմ միակ մեկնակետը համարում են հենց սա: Կան քաղաքական շրջանակներ, որոնք պատմության մեկնարկը համարում են հենց Կիրովականների և Կիրովաբադների ժամանակաշրջանը, և ոչ մեկը չի կարող ասել, որ ոչ, դա պատմություն չէ:
Հայաստանում ամենաշատ քննարկված թեմաներից մեկը պատմական հայրենիքի թեման է: Վերջին տարիներին մեր Կառավարության և անձամբ իմ արձանագրումը նրա մասին էր, որ եթե մենք պատմական հայրենիքի ընկալումը չփոխարինենք իրական հայրենիքի ընկալմամբ, խաղաղությունը պարզապես կփլուզվի: Խաղաղությունն այսօր արդեն մի քանի ամսական երեխա է, և մենք պետք է կայացնենք որոշումներ՝ մենք ուզում ենք խնամե՞նք այդ երեխային, թե՞ մենք ուզում ենք, որ դա տեղի չունենա:
ՀՀ կառավարության և ժողովրդի կամքը անսասան է. մենք շարունակելու ենք խնամել երեխային, որը, ի դեպ, այս խաղաղությունը, մեր ձեռքերով ստեղծված խաղաղությունն է: Սա եզակի դեպք է. մեր ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի. սա այն խաղաղությունն է, որ այո, դժվարությամբ, բայց մեր սեփական ձեռքերով ենք ստեղծել, և սա առաջին ընդհանուր արժեքն է, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ ստեղծել են»,- նշեց վարչապետը:


