Որքան գումար է տրամադրվել «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության համար  և արտիստներից ով որքան է վճարվել Zarkerak - Որքան գումար է տրամադրվել «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության համար և արտիստներից ով որքան է վճարվել
Zarkerak Zarkerak - Որքան գումար է տրամադրվել «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության համար և արտիստներից ով որքան է վճարվել
Որքան գումար է տրամադրվել «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության համար  և արտիստներից ով որքան է վճարվել

Որքան գումար է տրամադրվել «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության համար և արտիստներից ով որքան է վճարվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 754.690.895 ՀՀ դրամ:  Այս մասին ի պատասխան Zarkerak.am-ի գրավոր հարցման հայտնեցին Երևանի քաղաքապետարանից: 

Նշեցին նաև, որ միջոցառումների կազմակերպման ծառայությունները ձեռք են բերվել «Գնումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգով:

Ինչպես տեղեկանում ենք հրապարակային պայմանագրերից՝ Երևանի քաղաքապետարանը  332 միլիոն 934.895 դրամի պայմանագիր է կնքել  «Ֆակտորի  Փրոդաքշն»-ի հետ, պայմանագրով ընկերությունը ստանձնել է «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում մայրաքաղաքի մի շարք վայրերում միջոցառումների կազմակերպում ապահովել: Մասնավորապես, պայմանագրի տեխնիկական բնութագրում  նշվում է․«Միջոցառման  շրջանակում անհրաժեշտ է 2025 թվականի հոկտեմբերի 12-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզի տարածքում, Երևանի Ազատության հրապարակում, Երևանի Դիանա Աբգարի զբոսայգու տարածքում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Կարապի լճի տարածքում և Հանրապետության Հրապարակում կազմակերպել համերգային ծրագրեր և միջոցառումներ հայաստանյան հայտնի երաժշտախմբերի և անհատ արտիստների մասնակցությամբ, ինչպես նաև՝ Սախարովի անվան հրապարակի տարածքում կազմակերպել սպորտային ուղղվածության ծրագիր»:

Այս պայմանագրում առանձին հատված կա նաև երգիչ Թաթայի համերգի վերաբերյալ, սակայն չի ներկայացվում երգչին տրամադրված գումարի չափը.«Նախատեսվում է Թաթա Սիմոնյանի համերգը՝ առնվազն 1 ժամ 20 րոպե տևողությամբ։ Համերգին ելույթ է ունենալու նաև ՌԴ երգչուհի Լյուբով Ուսպենսկայան, ով կատարելու է 2 երգ՝ յուրաքանչյուրը առնվազն 3 րոպե տևողությամբ։ Համերգային ծրագրի կազմակերպման շրջանակներում անհրաժեշտ է ապահովել բեմի նախագծման, ԼԷԴ էկրանների կոնտենտի պատրաստման, բեմադրող ռեժիսորի, երաժշտական պրոդյուսերի, երգերի ձայնագրությունների, գործիքավորման, անձնակազմի, բեմադրող պարուսույցի (առնվազն 6 պարային ելույթներ), երգչի և պարային խմբերի հագուստների  պատրաստման, վարսահարդարի և դիմահարդարի ծառայություններ»։

Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան 2807» միջոցառման շրջանակում «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ի հետ կնքել է  53 միլիոն դրամի պայմանագիր, դրա շրջանակում  ընկերությունը մատուցել է  մշակութային միջոցառումների հարթակներում դեկորատիվ սեգմենտների պատրաստման մոնտաժման, ապամոնտաժման ու բեմի քողարկման ծառայություններ՝ Ազատության հրապարակում, Հանրապետության հրապարակում, Դիանա Աբգարի անվան զբոսայգում և Կասկադ համալիրում։

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում երգչուհի Բրյունետին  ելույթի համար վճարել են 3 միլիոն 300.000 դրամ, իսկ Հանրապետության հրապարակում համերգի  համար «Կարեն-Սևակ» բենդին վճարվել է 10 միլիոն 666.000 դրամ։ Գաֆէսճեան քանդակների պարտեզում ելույթի համար Արտո Թունջբոյաջյանի և «Արմենիան Նեյվի Բենդի»-ն վճարվել է 2 միլիոն 420 հազար դրամ: Շառլ Ազնավուրի հրապարակում Երվանդ Երզնկյանին և նվագախմբի ելույթի համար վճարվել է 2 մլն 635 հազար դրամ:  Դիանա Աբգարի անվան պուրակում համերգի համար  «Նեմրա Բենդ»-ին վճարվել է  2 միլիոն 750 000 դրամ։ 

«Ռեինկարնացիա» խմբին ելույթի համար վճարվել է  5 միլիոն դրամ։ «Լավ էլի» բենդին վճարվել է 1 միլիոն 800 հազար դրամ, «Սևագիր» խմբին՝  715 հազար դրամ,«Բամբիռ» խմբին՝ 2 միլիոն դրամ։ 

Էլեկտրոնային երաժշտության համերգային ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել իտալացի Բենի Բենասին ու ևս երկու դիջեյ,  ընդհանուր վճարվել է  35 միլիոն 750 հազար դրամ։

Հաղորդավարական ծառայության համար Վահե Խանամիրյանին վճարվել է  834 հազար դրամ։ 

 

Մարիամ Մկրտչյան

 

 

10 Նոյեմբեր, 2025 17:28
Վեր