Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում հաղթում է է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 15 298 ձայնով: ԿԸՀ-ն ներկայացրել է տվյալներ բոլոր 47 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը ստացել է 10 051 ձայն, «Համահայկական ճակատը»՝ 295, «Հանրապետությունը»՝ 1 241, «Մայր Հայաստանը»՝ 1 692, «Ազատ դեմոկրատները»՝ 1 177, «Ժառանգությունը»՝ 440, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1 193 ձայն:
«Այն տպավորությունը, որը մենք քարոզարշավի ընթացքում ենք ստացել, միանշանակ ենթադրում էր, որ կունենանք հաղթանակ, սակայն միշտ հաճելի է ֆիքսել այդ հաղթանակը, թեև ակնհայտ է, որ վերջում կարող են լինել որոշ անակնկալներ՝ մասնավորապես ընդդիմության տարբեր ռազմավարական սցենարների դեպքում, ինչպես Գյումրիում: Բայց մենք պայքարի մեջ մտել ենք վստահ լինելով, որ մեր թեկնածուն այն անձնավորությունն է, որը վստահորեն կարող է ունենալ քաղաքացիների մեծամասնության քվեն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վաղարշապատի ավագանու ընտրություններին և ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի համայնքապետ դառնալուն՝ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
«Շատ վստահ և ջախջախիչ հաղթանակ է արձանագրվել»,- ընդգծեց պատգամավորը և նկատեց, որ ընդդիմությունը մոտ վեց ուժով էր ներկայացված ընտրություններին.«Բաշխել էին իրենց ուժերը և հույս ունեին, որ հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ Վաղարշապատը Մայր Աթոռի նստավայրն է, կարող են շահարկել եկեղեցու անունը և իշխանության և որոշ եկեղեցականների հարաբերությունները, որպես հակամարտություն փաթեթավորելով ձայներ կորզել: Մինչդեռ քարոզարշավի ընթացքում օրինակ շատ էջմիածնեցիներ ասում էին՝ եթե դուք Երևանում, այլ մարզերում որոշ եկեղեցականների հետ կապված շատ մտահոգիչ բաներ ուղղակի լսում եք, մենք մեր աչքով տեսել ենք: Շատ ակնհայտ է, որ եթե անգամ այս օրակարգի հետ ենք կապում ընտրությունը, ապա այստեղ ևս «Քաղաքացիական պայմանագրի» շանսերն ավելի բարձր էին»:
Ըստ Հասմիկ Հակոբյանի, այս ընտրությունը նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախերգանքն էր, ընդ որում՝ ընդդիմությունն էլ այս գործընթացը կապում էր 2026-ի ընտրությունների և դրա ելքի հետ: Արդյոք հաղթանակը պատգամավորի համար ազդակ է, որ 2026-ի ընտրություններում ՔՊ-ն երրորդ անգամ կարող է դառնալ իշխանություն.«Անգամ այս ընտրությունների արդյունքներն ամփոփելու ժամերին, երբ շատ ակնհայտ էր, որ մենք հաղթում ենք, ես էլի զգուշավոր լավատես էի, որովհետև իրականում պետք է շոշափել հաղթանակը, նոր դրա մասին բարձր խոսել: Ես այս դեպքում ևս զգուշավոր լավատես կլինեմ, իսկ որ ես ունեմ այդ վստահությունը, որ մենք 2026-ին շարունակելու ենք սպասարկել խաղաղության օրակարգը և դրա համար կրկին ստանալու ենք մանդատ մեր քաղաքացիներից, դա միանշանակ է»:
Արգիշտի Մեխակյանի հաղթանակը առավելապես համայնքում նրա անձնային իմիջի՞ արդյունք էր, թե ՔՊ-ի հետ ասոցացվելու, Հակոբյանը շեշտեց, որ Մեխակյանը շատ բարձր վարկանիշ ունի, շատ գնահատված է՝ իր կատարած աշխատանքի բերումով.«Ես ամբողջ քարոզարշավի ընթացքում լսում էի, որ եթե մենք այդքան ներգրավված ենք, թիմն ամբողջությամբ Մեխակյանի և տեղի թիմի կողքին է, ապա սա միգուցե վանի մարդկանց: Ինքս փորձում էի հակառակում համոզել, որ մեր միասնականությունը, «Քաղաքացիական պայմանագիր» անունով ներկայանալը շատ ավելի ճիշտ է: Օրինակ՝ ՀՅԴ-ն ուներ թեկնածու, բայց ՀՅԴ-ին հիշեցնող ոչ մի բան չէինք տեսնի, ոչ դաշնակցական պաշտոնյաները, ոչ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատն անգամ գրառումներով չէին աջակցում, քարոզարշավի ընթացքում չեն կանգնել իրենց թեկնածուի կողքին»:
Ըստ նրա, Մեխակյանի հանդեպ աջակցությունը զգացել է նաև վերջին քայլերթի և ամփոփիչ հավաքի ժամանակ, որի սակավամարդ լինելու խոսակցությունների հետ Հակոբյանը համաձայն չէ.«Ես դա լսել եմ, բայց նաև ես այնտեղ եմ եղել, շատ մեծ քայլերթ էր, մեծ աջակցություն էր, պատուհաններից, մայթերից մեզ ողջունում էին: Երբ քայլում էինք, անգամ ընդդիմադիր թեկնածուների շտաբներից էին դուրս եկել ու մեզ ողջունում»:
Ինչ վերաբերում է ընտրության գնացածների ցուցանիշներին, որը ըստ ԿԸՀ-ի 45.12 տոկոս է, Հակոբյանը նշեց.«Թվերը շեշտակի ավելի են 2021-ից, սա խոսում է այն մասին, որ քաղաքացին վստահ է, որ ինքն է ձևավորում իր համայնքի ավագանին և գիտի, որ իր ձայնը որոշիչ է և տեղ է հասնելու: Նախկինում կար այս խոսույթը՝ ամեն ինչ որոշված է, ինչի ենք գնում»:
Շնորհավորելով Արգիշի Մեխակյանին հաղթանակի առիթով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ դիմել է Վաղարշապատի բնակիչներին և նշել.«Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։
Արդյոք իշխանությունը կարող է օգտագործել հենց այս պահը այդ գործընթացի համար.«Անկեղծ ասած, դրա հետ կապված մենք ոչինչ չունենք անելու որպես իշխանություն, որպես պաշտոնյաներ, բայցի այն հանրային խոսքը, որով հանդես ենք գալիս՝ նաև որպես քրիստոնյաներ մեր տեսլականի, եկեղեցի-քաղաքացիներ շփման և ձևաչափի մասին: Ինչ-որ հատուկ պահ չկա, որ պետք է օգտագործել, այդ հատուկ պահը վաղուց եկել անցել է, և այս ամեն ինչից պետք է հետևություն անի նախ Մայր Աթոռը»:
Նրա համոզմամբ, թեև մեծ դեր է խաղացել Արգիշտի Մեխակյանի անձնային կերպարը, բայց նաև սա ազդակ է, որ եկեղեցու թեմայի շուրջ իշխանության բարձրացած հարցերն անարձագանք չեն մնացել հանրության կողմից:


