Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ժողովուրդը խիստ մտահոգված է, խուճապ դեռ չի նկատվում, բայց բողոք է տարածված, վերջերս անգամ Սպահանում ժողովուրդը փողոց էր դուրս եկել ջրի պակասի համար: Իրանի հարավային մասի բնակիչները արդեն վերջին ճիգերն են գործադրում, հայտնի չէ՝ ինչպես պետք է շարունակեն իրենց կյանքը ջրի չգոյության պարագայում»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Իրանից մեր հայրենակիցը՝ անդրադառնալով հարևան երկրում ջրի պակասի հետևանքով մտահոգիչ իրավիճակին:
Ըստ օդերևութաբանական տվյալների, Իրանում այս տարի տեղումները նվազել են 89%-ով, երկրին պատուհասել է վերջին 50 տարվա ամենամասշտաբային երաշտը:
Ջրի պակասը արդեն սկսում է զգալի դառնալ նաև մայրաքաղաք Թեհրանում, ահազանգել են երկրի առաջին դեմքերը՝ իրավիճակը բնորոշելով շատ լուրջ.«Նախագահն էլ հայտարարել է, որ մոտավորապես մի ամսից ավելի ջրի պաշար չունենք Թեհրանի համար, քաղաքի ամենամեծ ջրամբարը լցված է ընդամենը 5-10 տոկսով, եթե այսպես շարունակվի Թեհրանը պետք է օգտագործի այլ շրջաններ ջրերից: Բայց խնդիրն առկա է ոչ միայն Թեհրանում, այլ ողջ Իրանի տարածքում: Երկրի հարավային քաղաքներում, նաև կենտրոնական հատվածում վաղուց էին սկսվել ջրի սահմանափակ կիրառման կարգավորումները, շատերը ցերեկները ժամերով չէին ունենում»:
Նա նշեց, որ երեկ առավոտվանից Թեհրանի արևելյան շրջանների ջուրն արդեն ցերեկային ժամերին անջատված է եղել, միանալու դեպքում էլ ջրի հոսանքը շատ փոքր է եղել: Նա մտահոգություն հայտնեց, որ նաև գիշերային ժամերին են հնարավոր անջատումներ: Պետական պաշտոնյաները խոսում են նաև այն մասին, որ չափազանց շատ ջուր օգտագործող տնային տնտեսություններին և բիզնեսներին պատժելու ծրագրեր կարող են գործարկվել:
Արդյոք այս իրավիճակը ստեղծվել է միայն երաշտի պատճառով.«Ոչ միայն որոշ մասերում վերջին տարիների երաշտն է պատճառը, այլ ջրի մսխումը, ջրային ռեսուրսների թույլ կառավարումը: Թեհրանի ջրի մատակարարման խողովակների 20-30 տոկոսը փչացած են և ջուրը գնում է գետնի տակ: Նաև թերթերը շատ են գրում, որ Իրանի ջուրը մաֆիայի ձեռքում է և պետության առաջ հաշվետվողական չեն, ինչքան ուզել այս տարիների ընթացքում օգտվել են՝ մեծ վնաս պատճառելով ջրային ռեսուրսներին: Խմելու ջրի քանակն ընդհանուր ջրային ռեսուրսների 10 տոկոսն է մնացած 90 տոկոսը գնում է ագրարային և արտադրական ջրերի սպառման համար» :
Համացանցում լուսանկար էր տարածվել, որ Ուրմիա լիճն ամբողջությամբ ցամաքել է, ինքնաթիռներով լճի ավազանի վրայի ամպերի վրա քիմիական նյութեր ցողելով փորձում էին տեղումների առաջացման լայնածավալ գործողություն իրականացնել, մեր զրուցակցի խոսքով, փորձարկումներ սկսել են, բայց արդյունքների դեռ չեն հասել:
Ինչ վերաբերում էր այս իրադարձության ֆոնին մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու և բնակչության տարհանման մասին Փեզեշքիանի հայտարարությանը, նա նկատեց.«Նման առաջարկ կառավարությունը չունի, նման որոշում չկա, սակայն երկրի նախագահն օրերս հայտարարեց իրավիճակից ելնելով Թեհրանից տիպված հեռանալու մասին: Բայց այս միտքը փորձագետները իրատեսական չեն համարում, քանի որ նման քայլի համար բավական մեծ նախապատրաստական աշխատանքներ են պետք, որոնք չեն կատարվել»:




