Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Տխուր է, շատ ցավալի, խայտառակություն է և ինչ էլ լինի որևէ արդարացում դժվար է գտնել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Պորտուգալիայի ընտրանուց 1:9 հաշվով կրած պարտությանը՝ ասաց ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Նշենք, որ ազգային հավաքականն անցկացրած 6 հանդիպումներում վաստակած 3 միավորով եզրափակեց ընտրական մրցաշարի F խմբի մրցաշարային աղյուսակը:
«Միակ հաղթանակը, որ ունեցանք՝ լավ էր, մնացած խաղերում էլ կարող էր լավ լինել, եթե չլինեին բացթողումներ. Իռնալդիայի հետ խաղում չարաբաստիկ պահը (Տիգրան Բարսեղյանը կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից) ամբողջովին խաղը կոտրեց, այնինչ կարող էինք հաղթել, և Հունգարիայի ու Պորտուգալիայի հավաքականների հետ խաղում արած սխալները: Պորտուգալիայի հետ առաջին խաղում ընդհանրապես այն տպավորությունն էր, որ մեր հավաքականը դուրս է եկել պորտուգալացիներին նայելու, հիանալու համար, ոչ թե ֆուտբոլ խաղալու, կամային պայքար չկար, շատ էին երանությամբ լի հայացքով նայում մրցակցին, այդ վիճակից պետք է դուրս գալ, պետք է գիտակցել, որ այդ պահին բոլորը դուրս են եկել կռիվ տալու, ուղղակի պետք է մինչև վերջ սպառես քեզ դաշտում, որ արդյունք ունենաս, երբ այդ հոգեբանական խնդիրներն էլ կհաղթահարվեն, կարող է և ավելի լավ թիմ ունենանք: Պորտուգալիայի դեմ երկրորդ խաղում էլ թիմը կոտրվեց, պատրաստ չէր, եղավ այն, ինչին այդ պահին թիմը պատրաստ էր, ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ, մենք այդ պահին կարող էինք այդքանը»:
_1763634212.webp)
Գիլոյանի խոսքով՝ կային ֆուտբոլիստներ, ովքեր պայքարում էին և նվիրված խաղ էին ցույց տալիս. «Այստեղ կարողանալ-չկարողանալու խնդիր է, տղաները փորձում են, ուզում են, այնպես չի, որ հենց այնպես դաշտ էին դուրս եկել, բացառությամբ Պորտուգալիայի հետ առաջին խաղը, մյուս խաղերում պայքար էլ կար, նվիրվածություն էլ կար, ուղղակի դա է մեր ռեսուրսը»:
Խոսելով գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կարճ ժամանակում կատարած աշխատանքի մասին՝ Կարեն Գիլոյանն ասաց. «Եթե իրատես լինենք, պետք է ասենք, որ Եղիշե Մելիքյանը չէր կարող հրաշք գործել, որովհետև այսօր պետք է ընդունենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ունի բարձր կարգի երեք ֆուտբոլիստ, այն էլ վերապահումով, մյուսներն այն մակարդակի չեն, որ կարողանան միջազգային նման լուրջ խաղերում հարց լուծել, եղանակ ստեղծել ու պատվախնդիր ֆուտբոլ խաղալ: Համաձայն եմ այն մտքի հետ, որ մարզիչը պետք է որոշակի փուլ անցնի, կարողանա իրեն դրսևորել, կարողանա իր խաղը բացատրել ու հասկացնել հավաքականին: Ժամանակ է պետք, որպեսզի կարողանա դրսևորել իրեն ու այդ ժամանակ կհասկանանք, ինչ էր ուզում ու ինչ ստացվեց»:

Ֆուտբոլում առկա խնդիրները՝ ըստ Գիլոյանի, շատ ավելի խորքային են. «Խնդիրը մանկապատանեկան ֆուտբոլն է, այն պետք է զարգացնել, ենթակառուցվածքները պետք է համապատախան լինեն, մենք քանի՞ նորմալ ակադեմիա ունենք, որ ուզում ենք ֆուտբոլ ունենալ: Պետք է նախ այս հարցերը լուծենք, հետո սկսենք պահանջել, որ մեր ֆուտբոլիստներն ու հավաքականը կարողանան պատվախնդիր ու որակյալ խաղ ցույց տալ: Լավ օրից չէ, որ դրսից ենք հրավիրում հայ ֆուտբոլիստների, հետո այնպես էլ չէ, որ շատ լայն ընտրություն ունենք նաև դրսում գտնվող հայ ֆուտբոլիստների մեջ: Առկա խնդիրները մեկ օրում հնարավոր չէ լուծել, այդքան հեշտ չէ, դրան պետք է հասնել՝ երկար ճանապարհ անցնելով, բայց կոնկրետ քայլեր են պետք, ներդրումներ են պետք, շատ մարզադաշտեր է պետք կառուցել, պետք է ենթակառուցվածքներ ունենալ, որպեսզի 10 տարի հետո կարողանանք խոսել ուժեղ թիմ ունենալու մասին»:

Կարեն Գիլոյանն ընդգծեց, որ ֆուտբոլի զարգացման համար պետք է լինի համախմբած աշխատանք. «Մարզաձևի համար պատասխանատու է ֆեդերացիան, պատասխանատվություն ունի նաև երկիրը, պետք է ավելի շատ գումար հատկացվի ֆուտբոլին, ֆեդերացիան պետք է ավելի նպատակային աշխատի մանկապատանեկան ֆուտբոլում, ակումբները պետք է իրենց ներդրումն անեն: Ցավոք ՀՀ-ում կան ակումբներ, որոնք իրենց կազմում մեծ մասամբ ընդգրկել են լեգեոներներ և այդպես են ուզում խնդիր լուծել, չնայած նրանց էլ պետք է հասկանալ, դա էլ է պետք, բայց ցանկացած թիմ պետք է իր ակադեմիայում սաներ պատրաստի, որպեսզի հետագայում համալրեն հավաքականի կազմը: Պետք է բոլորը համախմբված աշխատեն, որպեսզի արդյունք ունենանք, ու վերջապես մենք էլ ուժեղների պայքարին մասնակցենք»:


