Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մայրաքաղաքում ուսումնական տարվա սկիզբը թեժ սկսվեց. դպրոցներում հեռախոսները սահմանափակելու նախաձեռնությունը ինչպես գովաբանվեց, այնպես էլ հանդիպեց հակադարձումների, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ հաշվի առնելով կրթական նոր չափորոշիչներով թվային տեխնոլոգիաների օգտագործման անհրաժեշտությունը:
Zarkerak.am-ը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվել է, թե ինչ ճակատագրի արժանացավ այս նախաձեռնությունը:
Դպրոցներում հեռախոսների սահմանափակման միասնական մոտեցման շրջանակում 151 դպրոցներից 143-ում արդեն իսկ համապատասխան կարգավորումներ են ամրագրվել դպրոցի ներքին կարգապահական կանոններում, 8-ում մշակվել է փաստաթուղթ, որն առաջիկա նիստերի շրջանակում կներկայացվի դպրոցների կառավարման խորհուրդների հաստատմանը:
«Այս պահին գրեթե բոլոր դպրոցներում գործում են սահմանափակումներ, ընդ որում, որոշներում ավելի վաղ էին նման որոշում կայացրել, քան մենք համընդհանուր կորդեգրեինք այս մոտեցումը»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է նախաձեռնության վերաբերյալ այդ թվում ԿԳՄՍՆ-ից կողմից քննադատություններին, Խաչատրյանը նշեց. «Անհարկի էին այն խոսակցությունները, որոնք առաջին անգամ քաղաքապետարանի կողմից հարցը բարձրաձայնելուց հետո սկսեցին: Քաղաքապետարանը խոսում էր ոչ թե հեռախոսներն առհասարակ արգելելու, այլ սահմանափակելու մասին՝ անհարկի դեպքերում օգտագործելու, որը հանգեցնում է դասի ընթացքում ուշադրության շեղման, նաև՝ կիբերբուլինգի դեպքերի: Մենք ի սկզբանե ասում էինք, որ այն դասարաններում, այն առարկաների դասաժամերին, որոնք ենթադրում են սարքերի օգտագործում, դրանք կարող են կիրառվել ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ, այժմ այդպես է»:
Որոշման վերաբերյալ սովորողների արձագանքին անդրադառնալով՝ Խաչատրյանը նկատեց.«Վստահաբար, կարող ենք ասել, որ որևէ մեկը հաճույքով հեռախոսը չի հանձնում, բայց հատուկ ըմբոստություն, դժկամություն չի նկարագրվել որևէ դպրոցի կողմից: Ծնողների մոտ էլ հարցեր կային, ինչու են հավաքում, ով է լիազորված դա անել: Դպրոցները բացատրում էին, որ դա բոլորի վրա տարածվող որոշում է , այլ ոչ թե հատուկ երեխաներին պատժելու միջոց կամ դաժանություն»,- ասաց Խաչատրյանն ու ընդգծեց, որ ամեն դպրոց, ամեն ուսուցիչ այս հարցում կարող է առաջնորդվել սեփական մեթոդով՝ չշեղվելով նախաձեռնության բուն էությունից:
«Մենք առաջարկել ենք առաջինից մինչև վեցերերոդ դասարաններում հնարավորինս զերծ մնալ հեռախոսի օգտագործումից, անհրաժեշտության դեպքում նաև արգելել, եթե դրանք ուսումնական նյութերի համար անհրաժեշտ չեն, 7-12 դասարաններում ևս կիրառվում են սահմանափակումներ, բայց ուսումնական ծրագրի նյութերն ուսումնասիրելու ընթացքում խելացի սարքավորումների կարիք ավելի շատ է զգացվում»:
Թեև տարբեր ուսումնասիրություններ կան, որ հեռախոսի անհարկի և տևական օգտագործումը բերում է սոցիալական և հոգեբանական բացասական էֆեկտների, բայց Խաչատրյանի խոսքով, որոշ դպրոցներում պատրաստվում են իրականացնել հետազոտություն՝ հասկանալու համար երեխաների առաջադիմության վրա ինչպես է ազդել այս որոշումը:
Զրուցեցինք նաև Երևանի հանրակրթական դպրոցներից մեկի ուսուցչի հետ, նշեց, որ իրենց դպրոցում դասաժամերը պարտադիր սկսում են հեռախոսները հավաքելով, նման հրահանգ կա: Սկզբում աշակերտների կողմից կար դժգոհություն, պատրվակներ, օրինակ, որ զանգի են սպասում, հատկապես բարձր դասարաններում սովորողների կողմից: Բայց ժամանակի ընթացքում, սահմանափակումներին ադապտացվել են: Սակայն մի խնդիր է մատնանշում, սկզբում հեռախոսները հավաքում են, հետո օրինակ ստիպված են լինում օգտվել QR ից կամ ինտերնետից , և կրկին հեռախոսները հետ են բաժանում, ինչը անհարկի բարդացնում է դասապրոցեսը: Բայց ըստ ուսուցչի, փորձը ցույց է տալիս հեռախոսներից կտրվելով աշակերտները ստիպված կենտրոնանում են դասապրոցեսի վրա:


