Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այնպես չէ, որ Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկած պլանին, կամ այդ պլանը վերջնական է, կամ Եվրոպան է համաձայնել։ Նույնիսկ պաշտոնական Մոսկվան է ասել, որ այդ առաջարկը կարող է հիմք ընդունել հետագա բանակցությունների համար։ Այսինքն՝ դա բավականին քիչ հավանական, անիրատեսական պլան եմ համարում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության պլանին՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հետ՝ ասաց քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը:
Խուրշուդյանի կարծիքով՝ առաջարկված պլանի շուրջ չկա համախոհություն ԱՄՆ վերնախավում. «Երբ Թրամփին հարց տրվեց, թե արդյոք ինքը ճնշումներ կգործադրի Ուկրաինայի վրա, մասնավորապես՝ սպառազինությունների մատակարարումները կդադարեցնի, եթե Ուկրաինան չհամաձայնի իր պլանին, նա խուսափողաբար պատասխանեց: Հասկանալի է, որ Թրամփը միանձնյա որոշումներ նման հարցում չի կարող կայացնել, որովհետև այնտեղ լուրջ ընդդիմություն կա Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու դեմ և ուժգին տրամադրություններ կան նաև Ռուսաստանի դեմ՝ և՛ հասարակության մեջ, և՛ վերնախավում: Ընդհանուր առմամբ կարելի է համարել, որ այս ծրագիրը Ռուսաստանի շահերն է սպասարկում, ինչքան էլ, որ ՌԴ-ն որոշ կետերի դեմ է, բայց համենայն դեպս այդ պլանը չի կարող հավանության արժանանալ ԱՄՆ ամբողջ վերնախավում, ինչն ինձ հուշում է, որ այս պլանը չի իրականանա»:
Հովսեփ Խուրշուդյանը պատահական չհամարեց, որ առաջարկված պլանի շուրջ ԱՄՆ-ն առաջինը սկսել է բանակցել հենց Ուկրաինայի ներկայացուցչի հետ. «Մարկո Ռուբիոն՝ Ուկրաինայի արտգործախարար Ումերովի հետ հանդիպումից հետո ասաց, որ առաջընթաց կա քննարկումներում, ենթադրում եմ, որ Ուկրաինային հաջողվել է որոշ՝ իր համար անընդունելի կետեր դուրս բերել այդ պլանից։ Անհնար է, որ Զելենսկին այս տեսքով պլանին համաձայնություն տա, իսկ եթե կետերը փոխվեն ի օգուտ Ուկրաինայի՝ այդ դեպքում արդեն ՌԴ-ն չի հանաձայնի: Եթե պաշտոնական Կիևը շատ կոշտ ասի՝ ոչ, դա կարող է Թրամփի համար առիթ լինել նրա դեմ պատժամիջոցներ կիրառելու, բայց Զելենսկին շատ զգույշ է վարվում, ինքը չի ասում, որ լիովին դեմ է, ինքը գնում է նուրբ դիմադրության ճանապարհով և իր հայտարարության մեջ հատուկ նշեց, որ մենք չենք լինելու խաղաղությունը մերժող կողմը, բայց սա չի նշանակում, որ ամեն ինչի կհամաձայնեն»:
Անդրադառնալով ՌԴ-ի դիրքորոշմանը՝ մեր զրուցակիցը նշեց. «Թվում է, թե ՌԴ-ի համար դա ձեռնտու տարբերակ է, որովհետև դե ֆակտո պահպանվում է նրա վերահսկողությունը բոլոր այն տարածքների հանդեպ, որոնք նա գրավել է։ Բայց մյուս կողմից՝ չեն հանվում պատժամիջոցները, երկրորդ՝ այն գումարներից, որոնք առգրավվել են ՌԴ-ից՝ 100 միլիարդը տրամադրվում է Ուկրաինայի վերականգնմանը, այսինքն՝ ըստ էության Ռուսաստանը ռազմատուգանք է վճարում իր սանձազերծած պատերազմի համար՝ առանց ստանալու միջազգային հանրության պաշտոնական ճանաչումն իր գրաված տարածքների բռնակցման, անեքսիայի: Այդ առումով էլ է հարց, թե ՌԴ-ի շահերից որքանով է բխում հենց այս տարբերակի ընդունելը»:
Մեր այն հարցին, թե հնարավոր է բանակցությունների արդյունքում հասնել այնպիսի պլանի, որը երկու կողմին էլ ձեռնտու կլինի՝ Խուրշուդյանն ասաց. «Դա իրատեսական չեմ համարում։ Շատ ավելի իրատեսական կլինի, որ Ռուսաստանը շարունակի տնտեսապես թուլանալ և պատժամիջոցների օղակը սեղմվի ՌԴ-ի շուրջ և այդ ամենը բերի այդ երկրում ներքաղաքական իրավիճակի լուրջ փոփոխության, որը հիմք կհանդիսանա ցանկացած պլանի հետ համաձայնելու պարտադրանքին: Այսօրվա դրությամբ, երբ դեռ տնտեսական ճգնաժամն իր գագաթնակետին չի հասել և ՌԴ-ն դեռ հույսեր է փայփայում, որ սպառնալիքներով կարող է ստիպել Արևմուտքին ինչ-որ զիջումների գնալ, և որ Արևմուտքն էլ իր հերթին ստիպի Ուկրաինային համաձայնել այդ կարգի զիջումներին՝ դա քիչ հավանական է»:
Իսկ թե արդյոք պլանի այս տեսքով ընդունվելու պարագայում Ռուսաստանը կփորձի դիրքերն ամրապնդել նաև Հարավային Կովկասում՝ քաղաքական վերլուծաբանը նշեց. «Եթե այս պայմաններով այս պլանը համաձայնեցվի և Ռուսաստանի ձեռքերն ազատվեն, մեծ հաշվով նման հնարավորություն կարող է լինել՝ չնայած, որ ըստ այս պլանի սանկցիոն ռեժիմը չի փոխվելու: Վտանգ տեսնում եմ, որ եթե ամեն դեպքում որևէ համաձայնագիր կնքվի՝ Թրամփի ձեռքերը կազատվեն Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներից հրաժարվելու մասով, բայց պետք է հասկանալ, որ հիմնական պատժամիջոցներ կիրառողը ԱՄՆ-ն չէ, այլ ԵՄ-ն և Ռամշտայն ձևաչափի անդամ որոշ այլ երկրներ: Ինչ-որ չափով ՌԴ-ի ձեռքերը կազատվեն և կարող է փորձ անել ավելացնել իր ազդեցությունը մեր տարածաշրջանում, և հատկապես Հայաստանի ընտրություններից առաջ դա խնդիրներ կարող է ստեղծել ՀՀ-ի համար՝ ինքնիշխանության պահպանման տեսակետից, բայց քանի որ իրատեսական չեմ համարում այդ պլանի կյանքի կոչվելն այս տեսքով՝ այդ վտանգը ևս քիչ հավանական եմ համարում»:
Ըստ Խուրշուդյանի՝ ԱՄՆ-ն Թրամփի օրոք երբեք Ուկրաինային առաջ չի մղել դեպի հաղթանակ. «Թրամփն անընդհատ ասել է, որ սա իբր Բայդենի սկսած պատերազմն է, որն իրականությանը չի համապատասխանում․ սա Պուտինի սկսած պատերազմն է: Բայդենն էլ բավականին զգուշավոր էր Ուկրաինայի հարցում, և շատ սպառազինություններ, որոնք Թրամփի օրոք մատակարարվում են Ուկրաինային, Բայդենի օրոք արգելված էր տրամադրել այդ երկրին։ Այս համաձայնագիրն այնպես չէ, որ լիովին Ուկրաինայի շահերի դեմ է, պատերազմը կանգնեցնելը բխում է բոլոր կողմերի շահերից, Ուկրաինան ևս այսօր արնաքամ է լինում, ինչքան էլ օգնություն է ստանում Արևմուտքից, իրեն շունչ քաշելու հնարավորություն է պետք և ծայրաստիճան բարդ սոցիալական, տնտեսական վիճակը ևս հուշում են, որ այդ զինադադարը պետք է իրեն, ուրիշ հարց է, որ ուկրաինացի ժողովուրդը պատրաստ է շարունակել դիմադրել, եթե այդտեղ հաշվի չեն առնվում իր ինքնիշխանությունից բխող առանցքային սկզբունքները»:
Հովսեփ Խուրշուդյանը նաև ընդգծեց, որ այս հակամարտությունը լուծողը միայն Թրամփը չէ. «Այսօր ՌԴ-ի հետ հիմնական տնտեսական դիմակայության մեջ Եվրոպան է, իրենց վրա է ամբողջ բեռը և եթե ՌԴ տնտեսությունը քայքայվի, իսկ ամեն ինչ դրան է գնում, ապա հաղթանակն էլ Ուկրաինայի հետ մեկտեղ, նախևառաջ իրենցն է լինելու: Այդ իմաստով հույս ունենալ, որ միայն Թրամփի ջանքերով ու նախաձեռնությամբ հնարավոր է կանգնեցնել այս պատերազմը՝ այդքան էլ տեղին չէ»:


