Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Իրականում Կաթողիկոսից դժգոհության պրոցես բավականին երկար ժամանակ կա, ընդ որում նույնիսկ նախկին իշխանությունների ժամանակ բավական լուրջ դժգոհություն կար, բայց դա հասկանալի պատճառներով չէր բարձրաձայնվում, մարդիկ հարմարվել էին այդ իրավիճակին»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Ղևոնդյանի խոսքով՝ Եկեղեցին և պետությունն անջատ են, ինչը նշանակում է, որ ոչ միայն պետությունը չպետք է Եկեղեցու գործերին խառնվի, այլև՝ Եկեղեցին էլ պետության գործերին չպետք է խառնվի. «Եթե դու գալիս ես և քեզ հետ քաղաքական դաշտ ես բերում ինչ-որ ինստիտուտ, դու և այդ ինստիտուտը հայտնվում եք քաղաքական հակահարվածների թիրախում, սա տրամաբանական է: Այս մի քանի մարդիկ Եկեղեցուն՝ որպես ինստիտուտ, բերել և մտցրել են քաղաքական դաշտ, հետո ծածկվում են այդ ինստիտուտով ու ցանկանում են քաղաքական դաշտում հակահարված չստանալ, այդպես չի լինում: Ցավում եմ, որ Եկեղեցին փաստացի որոշակի առումով անվանարկվել է կապված նրա հետ, որ Եկեղեցու ղեկավարից սկսած մինչև բարձրաստիճան հոգևորականներ փաստացի քաղաքական գործունեություն են իրականացրել, այսինքն՝ ինստիտուտն օգտագործել են իրենց նեղ շահադիտական նպատակների համար՝ ընդդեմ պետության»:
Անդրադառնալով Արշակ Խաչատրյանի իրեն վերագրվող տեսանյութը հերքելուն՝ Ղևոնդյանը նշեց. «Ստացվում է՝ նա ոչ միայն նման վարքով աչքի է ընկել, այլ երկրորդ մեղքն է գործել՝ ստել է՝ ասելով, թե ինքը չի եղել»:
Քաղաքագետը նաև ընդգծեց, որ Եկեղեցում գործընթացները դուրս են եկել վերահսկողությունից. «Կա հստակ գործընթաց, որը թափ է հավաքում և դա ի վերջո բերելու է Եկեղեցում արմատական փոփոխությունների: Կարծում եմ՝ Կաթողիկոսի հրաժարականի հարցն արդեն որոշված է, այստեղ ժամանակի խնդիր կա: Կաթողիկոսի շուրջ հավաքված մի խումբ կա, ովքեր ոչ միայն ՀՀ ներկայացուցիչներ են, այլև արտաքին դաշտից, օրինակ՝ ՌԴ-ի հայկական թեմի ներկայացուցիչներ, ովքեր ամեն կերպ փորձում են թույլ չտալ, որպեսզի Կաթողիկոսը հրաժարական տա, որովհետև սա հնարավորություն է ՀՀ իշխանությունների դեմ իրենց գործողություններն ավելի արդյունավետ իրականացնել և դրա դիմաց գուցե օրինակ՝ ֆինանսական միջոցներ ստանալ այնպիսի կենտրոններից, որոնք կարող են ՀՀ իշխանությունների գործողություններից դժգոհ լինել, խոսքն առաջին հերթին Մոսկվայի, Անկարայի և Բաքվի մասին է: Նրանք, իրենց շահերից ելնելով, մինչև վերջ կփորձեն Կաթողիկոսին թույլ չտալ, որպեսզի հրաժարական տա»:
Ղևոնդյանի խոսքով՝ Գարեգին Բ-ի հրաժարականի օրը մոտ է, բայց հստակ ժամկետներ չնշեց. «Գահից հրաժարվելը կարծում եմ կլինի կամովին, իր նախաձեռնությամբ, որովհետև կլինի վտանգ, որ կարող է այլ կերպ լինել նրա հեռացումը, ինչը բացարձակ չի համապատասխանում նրա դիրքին: Կարող է լինել մեկ այլ ծայրահեղ վտանգավոր իրավիճակ, երբ Գարեգին Բ-ն ուղղակի լքի Հայաստանը, գնա Ռուսաստան ու այնտեղից հայտարարի, որ չի ենթարկվում ՀՀ-ում հետագայում բարձրագույն եկեղեցական խորհրդի կողմից կայացվող որոշումներին, այլ կերպ ասած մենք կունենանք Եկեղեցու որոշակի բաժանում, ինչը մեր պատմության մեջ մեկ անգամ եղել է 10-րդ դարում: Նա կարող է մեկնել այնտեղ և փորձել Ռուսաստանի Հայ Առաքելական Եկեղեցու թեմը դարձնել անջատ Եկեղեցի, ինչը ծայրահեղ անցանկալի զարգացում կլինի»:


