Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթաժողովի բացմանը:
Այսօրվա իմ ելույթը սկսեցի՝ նշելով, որ այս ձևաչափում իմ նախորդ ելույթից ի վեր շատ բան է փոխվել։ Իրոք, անվտանգային իրավիճակը, խաղաղությունը տարածաշրջանում և Հայաստան-ԵՄ գործընկերության խորությունը էապես վերափոխվել են։ Սակայն այս բոլոր գործընթացների ընթացքում կա մի բան, որը չի փոխվել․ դա Հայաստանի կառավարության ամուր հանձնառությունն է ժողովրդավարական ուղուն՝ չնայած բոլոր մարտահրավերներին՝ պատերազմ, ներքաղաքական ճգնաժամ, արտաքին միջամտություն և մանիպուլյացիաներ:
Այսօր մենք բախվում ենք նոր սպառնալիքների։ Հիբրիդային հարձակումները՝ ապատեղեկատվական քարոզարշավները, կիբերհարձակումները, հանրային կարծիքի մանիպուլյացիայի և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ վստահության թուլացման փորձերը, դարձել են առօրյա իրականություն։ Այս սպառնալիքներն ուղղված են ժողովրդավարական հասարակությունների բաց լինելը շահագործելուն։
Բայց ահա թե ինչ ենք մենք սովորել․ երբ հիբրիդային սպառնալիքներին դիմակայում ենք տեղեկացվածությամբ և քաղաքացիական ներգրավվածությամբ, դրանք չեն թուլացնում ժողովրդավարությունն, այլ այն դարձնում են ավելի ուժեղ և դիմակայուն։ Յուրաքանչյուր հարձակումը, որը մենք հաջողությամբ կանխում ենք, յուրաքանչյուր ապատեղեկատվական արշավ, որը բացահայտում ենք, ուժեղացնում է մեր ժողովրդավարական «իմունային համակարգը»։
Եվ այստեղ ես ուզում եմ դիմել այսօր հավաքված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Պետությունը չի կարող միայնակ գործել։ Մենք ապավինում ենք ձեզ, որպեսզի դուք լինեք մեր ժողովրդավարության իմունային համակարգը։ Մենք ապավինում ենք ձեզ, որպեսզի դուք ապատեղեկատվությանը հակազդեք փաստերով և ապահովեք, որ մեր բարեփոխումները լինեն անշրջելի։ Դուք ժողովրդավարական արժեքների պահապաններն եք:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
ես վստահ եմ, որ Հարավային Կովկասին լուսավոր և խոստումնալից ժամանակներ են սպասվում։ Համագործակցության շնորհիվ մեր տարածաշրջանը կարող է բացահայտել իր ամբողջ ներուժը։ Քաղաքացիական հասարակությունն այստեղ ունի նշանակալի դերակատարություն։
Միասին՝ կառավարությունները, քաղաքացիական հասարակությունը, քաղաքացիները, ձևավորում ենք նոր ժամանակաշրջան մեր երկրի, մեր տարածաշրջանի և Եվրոպայի համար։ Սա մի ժամանակշրջան է, որը բնորոշվում է ոչ թե հակամարտությամբ և պառակտումներով, այլ խաղաղությամբ, համագործակցությամբ և ընդհանուր բարգավաճմամբ»։


