Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ամպերում պարող կամ պարզապես ամպագույն. ըստ Պանտոն գույների ինստիտուտի, հենց սա է 2026-ի գլխավոր գույնը: Պանտոնն այս գույնը ներկայացրել է որպես հագեցած, հավասարակշռված՝ ընկղմված հանգստության զգացողությամբ։
Թունդ կանաչ, մոխրագույն, փայտագույն մի շարք մասնագետներ կանխատեսում էին, որ այս գույներն էլ կարող են դառնալ տարվա գույն: Բայց ամպագույնը, ըստ գույների ինստիտուտի, խելահեղ հասարակության համար ունի խաղաղացնող ազդեցություն՝ հաղորդելով նոր մտքեր, ազդարարելով նոր սկիզբ:
«Գույնին ծանոթ եմ, այն միայն հագուստի նորաձևության մեջ չէ, որ կիրառվելու է, ակտուալ է լինելու կյանքի այլ ոլորտներում ևս: Ամպային սպիտակի տարբեր տոները կարող են տարբեր համադրությունների գաղափարներ տալ՝ սառը և տաք նոտաներով»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց դիզայներ Արամ Նիկոլյանը:

Նա ընդգծեց, որ այս տարվա երանգը բազային է և արդեն շատ դիզայներների կողմից սիրված ու կիրառվող.«Այնպիսի գույն է, որ անկախ մեր կամքից թրենդային լինել-չլինելուց լայն կիրառութուն ունի, ու դեռ կստանա, չեմ բացառում, որ ինքս կօգտագործեմ, եթե լիներ վառ նեոնային ինչ-որ գույն կմտածեի օգտագործել, թե ոչ, բայց սա այդ դեպքը չէ»:
Էլ որ գույները կլինեն ակտուալ 2026-ին, Արամ Նիկոլյանի համոզմամբ տարվա գույնի հետ համադրելի են աշխարհի բոլոր գույները.«Եթե մի գույն արդեն ընտրված է, դա չի նշանակում, որ մնացած գույները ակտուալ չեն, բոլոր գույները հնարավոր է կիրառել՝ ելնելով համադրություններից և նախընտրությունից»:
Ըստ համաշխարհային նորաձության մասնագետների՝ ամպագույնի հանգստությունը պահպանելու համար այն լավ է համադրվում վարդագույնի, դեղինի,կանաչի, մոխրագույնի երանգների հետ: Ամպագույնին բնականություն հաղորդելու համար այն կարելի է համադրել ավազի երանգի, շագանակագույնի երանգների, փայտային տաք երանգների հետ: Մինիմալիստական, բայց միևնույն ժամանակ շքեղ էֆեկտի համար ամպագույնին կսազեն սպիտակի տարբեր երանգները՝ ավելի սառը կամ ավելի տաք: Խորը կոնտրաստների համար այս գույնի հետ կարելի է նախընտրել սևը, թունդ շոկոլադագույնը, մետաղական գույները:
2026-ին շատ ակտուալ են լինելու փետուրները, բամբակյա գործվածքները: Արամ Նիկոլյանի խոսքով, արդեն իսկ պարզ է՝ 2025-ից 2026 են տեղափոխվելու նաև փայլերը, թեփուկները, ու առհասարակ փայլը, հատկապես մետաղական շատ է հանդիպելու:
«Պրիտները՝ հատկապես կենդանական, կշարունակեն ակտուալ լինել: Բայց մի քիչ ավելի լղոզված՝ ոչ հստակ տեսքով: Եթե այս տարի կովի պրինտը շատ հստակ էր ու ակտուալ, ապա 2026-ին դրան կգան փոխարինելու լեոպարդի, պանտերայի լղոզված պրինտի տեսակները»,- ընդգծեց նա:

Դիզայների խոսքով այս տարի էլ մուշտակները, դրանց համադրությունը սպորտային կերպարի հետ ակտուալ է լինելու «Ընդ որում, ոչ բնական մորթին, որովհետև բնական մորթիները թեև հարգի են, բայց նախընտրությունը տրվում է արհեստականին: Դրանց տարբեր գույները, չափերը ակտուալ են լինելու»,- ասաց նա: Ի դեպ նորաձևության մեջ էկո ուղղվածությունը շատ ցայտուն է լինելու՝ բամբուկե մանրաթելը, վերամշակված պոլիեստերը ակտուալ են լինելու կտորի արտադրության մեջ:
Ըստ Նիկոլյանի, նորաձևությունն այնքան ոչ միանշանակ է դարձել, որ դժվար է առանձնացել, թե կոնկրետ որ ոճն է գերակշռող լինելու.«Շարունակվելու են անցած տարվա միտումները, ոչ շատ լայն հագուստ, գոտկատեղն ընդգծող զգեստներ, անգամ եթե ուսերը կարող են լայն լինել, գոտկատեղը պետք է գրկի հագուստը ու ցանկալի է ընդգծել աքսեսուրաներով՝ գոտիներ կամ մեջքի զարդեր: Միտումը շարունակում է դեպի կանացիություն, ոչ թե օվերսայզ: Շատ «քիփ» հագուստներն ակտուալ չեն, լայնություններ էլ կան, բայց պետք է չափավոր լինի՝ կիսագրկող են կամ լայն իջնող, ֆորմա չունեցող ծավալները նորաձև չեն»:

Նա նշեց, որ տղամադիկ էլ պետք է շարունակեն նախընտրել առնականությունը, հատկապես հագուստի ձևվածքներում: Ակտուալ կլինեն թեթև բաճկոնները, հարթ տակացուով սպորտային կոշիկները, մինիմալիստական գույները, ցանկալի է խուսափել մեծ լոգոներով հագուստից:
Նիկոլյանը դժվարացավ նշել իրեր, որոնցող պետք է պարտադիր համադրել զգեստապահարանը.«Պետք է պարզապես անհատ լինել, նորաձևությունն այնքան լղոզված է դարձել և միատեսակ, որ նորաձև է հենց անհատականությունը: Հենց այդ պատճառով էլ խորհուրդ եմ տալիս գրագետ հագնվել, մեր օրերում ինֆորմացիայի մեծ հոսքի պատճառով շատերն ավելի տուժում են, երբ կուրորեն ու տարերային հետևում են նորաձևության կանոններին, ընկնում դրա հետևից: Ուստի պետք է մտածված համադրություններ անել՝ անպայման հաշվի առնելով սեփական մարմնի համաչափությունները»:
Ըստ չինական փիլիսոափայության, 2026 թվականի հրե ձիու համար հաջողակ գույներն են կարմիրը, ոսկեգույնը, կանաչը, որոնք խթանում են էներգիան և կենսունակությունը: Արամ Նիկոլյանը խորհուրդ տվեց չսահմանափակվել գույների ընտրության ուղղությամբ, Ամանորը դիմավորելիս չկենտրոնանալ հագուստի գույնի վրա, ըստ նրա դա պարզապես սնոտիապաշտություն է և գույնը չէ, որ կարող է ազդել տարվա հաջողակ լինել-չլինելու վրա:

_1765192925.jpg)


