Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ 2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի:
«Բազմաթիվ զանգեր կան նոր տարվա շեմին, մարդիկ արդեն իսկ սկսել են գնել ապահովագրություն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Լևոն Մամիկոնյանը՝ անդրադառնալով հարևան երկրի այս նոր պահանջի վերաբերյալ մի քանի կարևոր հարցերի:
Ի՞նչ վճարի մասին է խոսքը
Լևոն Մամիկոնյանը նշեց, որ այս պահին շուկայում տարիքային սահմանափակումը մինչև 80 տարեկանն է, ներքևի շեմ չկա, հավանական է, որ նորածինն էլ պետք է ունենա բժշկական ապահովագրություն.«Կախված օրերից քանակից և ապահովագրական ընկերությունների առաջարկներից՝ ապահովագրական վճարը մեկ օրվա համար տատանվում է 150-350 դրամ, միջինում 300 դրամ, եթե գնում ես 5 օրով պետք է վճարել 1500 դրամ: Որքան երկար են օրերն այնքան էժան է, որքան կարճ՝ ավելի բարձր: Անձի տարիքը կապ չունի, գումարը որոշվում է ըստ օրերի»:
Նշենք, որ Վրաստանում գտնվող օտարերկրացու մոտ բժշկական պարտադիր ապահովագրության բացակայության համար սահմանված է տուգանք 300 լարիի՝ մոտ շուրջ 42.500 դրամի չափով:
Փոխհատուցումների մասին
«Քանի որ հարցը կարգավորվում է Վրաստանի հանրապետության տուրիզմի մասին օրենքով, այդ երկիրն է կարգավորում ապահովագրական գումարի սահմանները: Մինչև 30 հազար դոլար հոսպիտալացումն է՝ հիվանդանոցային ծախսերը՝ այդ թվում էվակուցիան և ռեպատրիացիան, այսինքն՝ հիվանդի տեղափոխումը և դիակի տեղափոխումը: Մինչև 5 հազար դոլար շտապ ամբուլատոր ծախսերի հատուցումն է»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:
Ինչպես ձեռք բերել ապահովագրություն
Լևոն Մամիկոնյանը նշեց, որ ապահովագրություն կարելի է գնել՝ այցելելով ապահովագրական ընկերությունների գրասենյակ կամ 3-4 րոպեի ընթացքում ձևակերպել օնլայն.«Վրասստանի սահմանը ցամաքային ճանապարհով հատելու պարագայում ապահովագրական ընկերությունները նաև անցակետերում են մատուցում ծառայություններ»:
Կարևոր ընդգծում
Մեր զրուցակիցն ասաց, որ եթե որոշել եք գնալ Վրաստան դեկտեմբերին, վերադառնալ հունվարին, ապա ապահովագրություն պետք է ունենալ միայն հունվարի օրերի համար:
Ապահովագրությունը հոգս չէ
«Վրաստանը մի քանի տարի մտցրեց սահմանը հատող մեքենաների ապահովագրություն, այն տեղում պետք է գնել՝ արժե 30 լարի՝ մոտ 4500 դրամ, բայց աղմուկ չառաջացավ: Հիմա, չգիտես ինչու, այս նոր պահանջը, որը շատ կարևոր ու պետքական է, որոշակի դժգոհություն է առաջացել»:
«Մարդկանց մոտ տպավորություն է, որ դա լրացուցիչ հարկ է, ծախս է, փող են աշխատում. ո՛չ, ապահովագրությունը պաշտպանություն է, հոգու հանգստություն է: Ընդ որում՝ սա առողջության ապահովագրություն չէ, այլ ապահովագրություն է դժբախտ պատահարներից, հանկարծակի հիվանդություններից,անսպասելի իրադարձություններից, մարդը չի կարող գնել այդ ապահովագրությունը և գնալ բուժվել»,-նշեց Լևոն Մամիկոնյանը:
Մամիկոնյանը նաև ընդգծեց, որ ԵՄ տարածք մուտք գործելիս էլ բժշկական ապահովագրությունը պարտադիր է, բայց ոչ ոք դրանից չի դժգոհում.«Զբոսաշրջիկի համար է, որ եթե մի բան եղավ, մեջքիդ տեր կա կանգնած՝ ի դեմս ապահովագրական ընկերության: Քաղաքակիրթ գործիք է, որով պետությունն ասում է՝ ինձ մոտ մեծանում է զբոսաշրջիկների թիվը, արտակարգ դեպքերն էլ շատանում են, ես ի վիճակի չեմ իմ բյուջեն անվճար այդ մարդկանց վրա ծախսել»"


