Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Դեռ կոնկրետ ոչ մի բան չկա, Թրամփը չի կարող միայն միանձնյա հայտարարությամբ վերացնել «Գրին քարտի խաղարկությունը»: Ուղղակի ժամանակավորապես հետաձգված է, ոչ թե դադարեցված»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ վիզայի աջակցությամբ զբաղվող մասնագետը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ ԱՄՆ իշխանությունները կասեցնում են «Գրին քարտի խաղարկության» ծրագիրն այն պատճառով, որ Բրաունի համալսարանում հրաձգության մեջ կասկածվողը երկիր է ժամանել այդ ծրագրով։
«Թրամփի ցուցումով ես անմիջապես հրամայում եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) կասեցնել DV1 ծրագիրը՝ ապահովելու համար, որ ամերիկացիները այլևս չտուժեն այս վնասակար ծրագրից»,- հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը:
Մասնագետը բացատրեց, որ եթե ԱՄՆ-ն որոշի լրիվ չեղարկել «Գրին քարտի խաղարկությունը», Սենատի միջոցով պիտի օրենք ընդունեն, որովհետև հենց Սենատն էլ հաստատել է խաղարկությունը:
Նա հիշեցրեց, որ «Գրին քարտի խաղարկությունը» պիտի մեկնարկեր այս տարվա հոկտեմբերին, բայց շաթդաունի՝ պետական մարմինների աշխատանքի դադարեցմամբ պայմանավորված, գրանցումներ չհայտարարվեցին.«Բացի դա, իրենք ծրագրային փոփոխություններ էին ուզում անել, որոնցից մեկն օրինակ գրանցվելը 1 դոլար դարձնելն էր, նաև այդ պատճառով էր ծրագիրը ձգձգվում»:
Նրա կարծիքով, վերջին միջադեպը պարզապես առիթ էր միգրացիոն խիստ քաղաքականություն որդեգրած Թրամփի համար ծրագիրը կասեցելու.«Ինչպես նկատում ենք, մի թեթև առիթ էր պետք նման որոշման համար»:
Նա սակայն կարծիք հայտնեց, որ ծրագիրը կվերսկսի, թեև ժամկետներ բարդ է մատնանշել.«Կարծում եմ՝ իրենք հետագայում հայտարարելու են, որ «Գրին քարտի» գրանցումը ոչ թե 1 դոլար է դառնում, այլ 200-250 դոլար, հատկապես, որ նման սցենար քննարկվում էր: Սա կարվի ոչ միայն հավելյալ գումար աշխատելու համար, այլ նաև թույլ չտալու, որ ցանկացած մեկը գրանցվի, այլ պայմաններ առաջ քաշելն էլ չի բացառվում»:
Ի դեպ մասնագետը նշեց, որ Հայաստանում տարբեր տուրիստական ընկերություններ հայտարարում էին «Գրին քարտի» խաղարկության նախագրանցման մասին.«Նախագրանցում, որպես այդպիսին չկա, ուղղակի հաճախորդ չկորցնելու համար մարդկանց տվյալները վերցնում եմ: Սա նորմալ է, բայց կարևորը դրա համար գումար չվերցնեն, որ օրինակ նման արտակարգ դեպքերում մարդիկ գումար չկորցնեն: Բայց կարող է և այնպես լինի, մարդկանց ասեն գրանցում ենք, նրանք էլ շփոթեն բուն խաղարկության հետ»:

