Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Խուճապ է ուժեղ, պարզ չէ, թե ինչ է սպասվում, իրավիճակն ահավոր վատ է ու անկայուն, զարկերն անընդհատ կան: Վնասներ կան նաև հայկական շրջաններում, թեև զոհեր, տուժածներ չունենք, բայց ռումբի հարվածից հայի տուն է ավիրվել, հայերն աշխատում են մնալ տանը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց սիրիահայ մեր հայրենակիցը՝ ներկայացնելով Հալեպում իրավիճակն այս պահին:
Նշենք, որ Սիրիայի մայրաքաղաք Հալեպում իրավիճակը լարված է, բախումներ են կառավարական և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև: Հաղորդվում է առնվազն 7 զոհի և տասնյակից ավելի վիրավորների մասին: Բախումների ֆոնին հնչում են փոխադարձ մեղադրանքներ՝ Սիրիայի պաշտպանության նախարարությունը քրդերին է մեղադրում էսկալացիա հրահրելու և Հալեպի բանակային դիրքերն ու բնակելի շրջանները թիրախավորելու մեջ, քրդական կողմն էլ հերքելով սա, հայտարարում է, որ որ զոհերի պատճառը կառավարության հետ կապված խմբավորումների կողմից հրետանային և հրթիռային անխնա գնդակոծություններն են:
«Երեկ Սուրբծննդյան պատարագ է եղել հայկական եկեղեցում, բայց բոլորն ահուդողի մեջ էին: Այսօր մարդիկ պետք է գնային Մեռելոց՝ գերեզմաններ, բայց ոչ ոք չկարողացավ: Թեև հարվածների թիրախում հայկական շրջանները չեն, բայց դրանք մոտիկ են քրդական շրջաններին, անընդհատ ռումբեր են գցում, ռումբ էլ չի հարցնում՝ հայկական շրջանում ընկնի, թե քրդական»,- ասաց մեր զրուցակիցը:
«Պետությունը մինչև ժամը երեքը ժամ է դրել, որ քրդաբնակ թվով երկու շրջաններ դատակվեն, եթե չդատարվկեն, սպառնացել են, որ բանակի կողմից հարձակում կլինի: Այդ շրջաններում ժամանակին մեծամասնությունը հայեր եին, բայց հիմա քրդերի վերահսկողության տակ է», - պատմեցին մեզ:
Մեր զրուցակիցը նկատեց, որ դեկտեմբերի վերջին թվում էր՝ երկու կողմերը եկել են համաձայնության, բայց տարին տհաճ անակնկալով սկսեց.«Իշխանությունն անպայման ուզում է, որ քրդական շրջանները դատարկվեն, նրանց կողմից փակված ճանապարհները բացվեն»:
«Ամեն րոպե սպասվում է, որ իրավիճակը կվերածվի ավելի վատ ու թեժ կռիվների, պատերազմի: Այս պահին փոխադարձ հարվածներ չկան, թեև մեծ մասը տանն է, բայց որոշ մարդիկ իջել են շուկա, որ պարեն ձեռք բերեն, քանի որ վախենում են հարվածները կուժեղանան և ստիպված կլինեն տանը մնալ. վստահություն չկա, ամեն րոպե վտանգ կա: Սպասենք մինչև ժամը երեքը, տեսնենք դրանից հետո ինչ կլինի, դժվար է ասել համաձայնություն կլինի, թե ոչ, այդ շրջաններում քրդերը լավ զինված են»,- ասաց մեր զրուցակիցը և նշեց, որ փակ են նաև դպրոցները, այլ հաստատություններ:
Նշենք, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է , որ շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին: Հալեպի օդանավակայանն էլ փակ է:


