Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
YouTube-ում տեսանյութերը վերջին օրերին սկսել են ընդհատվել գովազդներով, Հայաստանում սկսվել է թեստավորվել մոնետիզացիան՝ հնարավորություն տալով այս հարթակում գումար աշխատել:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ այս մի քանի օրը գովազդներն արդեն իսկ սկսել են տհաճ լինել, բայց մոնետիզացիան ունի իր կանոնները.«Հանդիպեցինք նրան, ինչը շատ երկրներում արդեն իսկ կա: Մենք գիտեինք YouTube-ը «սիրուն պուպուշ» տեղ է, հիմա մենք տեսանք այն, ինչ կա: Մոնետիզացիան շատ պարզ է, իրականում YouTube-ը որպես բիզնես մոդել գովազդային գործակալություն է, որը վաճառում է տեղ գովազդի համար: Եվ ինչքան շատ տեսանյութը նայեն, այդքան շատ գումար կստանաս: Բայց այնպես չէ, որ բոլոր տեսանյութերի վրա գովազդ տեղադրվում է, կախված է տեսանյութերի թեմայից, բովանդակությունից, երկրից և այլ գործոններից, վճարվող գումարն էլ այս չափանիշներով տարբեր»:
Կախված երկրից, տեսանյութի լեզվից, թեմայից գովազդով ընդհատվող տեսանյութի 1000 դիտումից տեսանյութի տերը կարող է ստանալ 0,5-5 դոլար: Հայաստանի դեպքում 1000 դիտումը կբերի մինչև 2 դոլար եկամուտ, ինչպես ցույց է տալիս մեր երկրի նման այլ երկրների փորձը՝ Վրաստան, Մոլդովա:
Ըստ վերլուծությունների, ավելի բարձր են վճարվում բիզնեսի, ֆինանսների, IT / ծրագրավորման, անգլալեզու բովանդակությամբ տեսանյութերի դիտման համար, փոխարենը վլոգները, խաղային, հումորային բովանդակություններն ավելի քիչ են վարձատրվում:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, քանի դեռ YouTube-ը չի ավարտել թեստավորումը, դժվար է մեր երկրի համար առաջարկով պայմանները կանխատեսել, մի բան պարզ է, որքան էլ հայաստանցիները չսիրեն գովազդները, թեստավորումը հաջողությամբ կավարտվի, քանի որ YouTube-ն արդեն պաշտոնապես խոսել է Հայաստանում մոնտեզիացիան միացնելու մասին.«Իհարկե, մոնետիզացիան չի լինի ԱՄՆ-ի գներով, այնտեղ ավելի բարձր է: Բացի դա մոնետիզիացիայի մեջ մտնելու համար պետք է ունենալ առնվազն 1000 հետևորդ, տարեկան 4000 ժամ դիտում: Միայն այդ պայմաններում կարող է միանալ գովազդը և սկսել վճարումը, եթե գովազդի վրա կա հղում և դրա վրա դիտողները սեղմեն, ապա վճարումն ավելի մեծ կլինի»:
Ըստ մեդիափորձագետի, մոնետիզացիան լավ հնարավորություն է ինչ-որ գումար աշխատելու նաև լրատվամիջոցների համար, նրա կարծիքով նախապայմաններին լրատվական դաշտի շատ ալիքներ համապատասխանում են:
«Եթե մարդն ԱՄՆ-ից է նայում քո տեսանյութը, որը տեղադրված է ամերիկյան ընկերության կողմից, ավելի շատ գումար կստանաս: Նաև եկամուտները կարող են տարբերվել, ելնելով նրանից, թե տեսանյութի բովանդակությունը որքանով է մոտ ցուցադրվող գովազդին, որքանով ալիքը և գովազդատուն ունեն նույն թիրախային լսարանը: Հիմա մարդիկ տեսնում են ընդհանուր գովազդներ, որոնք թիրախավորում են ոչ թե Հայաստանը, այլ՝ աշխարհի շատ երկրներ: Դեռ հայկական գովազդատուները խաղի մեջ չեն մտել, բայց սպասվում է, որ կլինեն հենց մեր լսարանի համար նախատեսված գովազդներ, գուցե ֆեյսբուքյան գովազդները տեղափոխվեն»,- ասաց մեդիափորձագետը:
Նա նկատեց՝ այն մարդիկ, ովքեր գովազդ տանել չեն կարողանում փրկությունը YouTube պրեմիումն է,«Բայց եթե լավ թիրախավորում են, մարդիկ սկսում են գովազդին հետևել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան, ամենայն հավանականությամբ, կակտիվացվի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։




