Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հակացնցումային 8 անուն դեղեր ամբողջովին անվճար երկրորդ տարին է՝ հասանելի են էպիլեպսիա ունեցող բուժառուներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարարությունը, մինչ այդ տրամադրվող 3 անուն դեղի փոխարեն, 2025 թվականից 8 անուն դեղ է տրամադրում բուժառուներին՝ այս նպատակով հատկացվող գումարը 73,8 մլն դրամից հասցնելով 228.2 մլն դրամի:
«Հիմնական դեղերի ցանկում ընդգրկված 8 անուն դեղերի փոխարեն 2026 թվականին 12 անուն հակացնցումային դեղեր են, առողջության ապահովագրությամբ և օֆերտայի սկզբունքով, ամբողջովին անվճար տրամադրվում մեր պացիենտներին:
Այս խմբի համար տարեցտարի ոչ միայն քանակապես է ընդլայնվում դեղապահովման ծրագիրը, այլև նոր դեղաչափն ու նոր դեղաձևերն են ամբողջովին անվճար հասանելի դառնում նրանց:
Այսպես, օրինակ` եթե 2018-2020 թվականներին ԱՆ հիմնական դեղերի ցանկում ընդգրկված 8 անուն դեղ էր պետությունն անվճար տրամադրում այս խմբի պացիենտներին, ապա 2025-ից` 7 նոր դեղաչափով ու 7 նոր դեղաձևով 12 անուն դեղ է նրանց հատկացվում:
Էպիլեպսիա ախտորոշումով մինչև 18 տարեկան երեխաների համար պետությունն ապահովում է դիսպանսեր հսկողություն, իսկ երբ այս հիվանդության բուժման միակ տարբերակ է մնում վիրահատական միջամտությունը, այն երեխաների համար ևս իրականացվում է պետական միջոցներով:
Պետության հոգածությամբ 2025 թվականին շուրջ 25 երեխայի վիրահատություն է իրականացվել:
Նյարդաբանական այս խնդիրն ունեցող մեր քաղաքացիների դեղապահովման ու բուժօգնության հասանելիության ապահովմանը զուգահեռ կարևոր է շարունակաբար պայքարել այս հիվանդության շուրջ եղած կարծրատիպերի, խարանի ու խտրական վերաբերմունքի դեմ:
Մարտի 26-ն աշխարհում նշվում է որպես Էպիլեպսիայի իրազեկման օր։
Կարևոր է իմանալ` էպիլեպսիան հնարավոր է վերահսկել, ուստի նյարդաբանական այս հիվանդությամբ ապրող մարդիկ հասարակության լիարժեք անդամներ են»,- ասվում է հաղորդագրությունում:


