Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարություններին:
«Երեկ կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման բաց հատվածում ՌԴ նախագահը լրագրողների ներկայությամբ կշտամբեց ՀՀ վարչապետին՝ նշելով, որ Հայաստանում ռուսական անձնագրով անձը քաղաքականությամբ զբաղվելու փորձի համար գտնվում է անազատության մեջ։
Ես ծանոթ եմ ՌԴ ընթացակարգերին, շփումներ եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու անհնարին եմ համարում, որ նա տեղեկացված չլիներ, որ ՌԴ քաղաքացիությամբ անձը չի կարող այլ երկրում դառնալ վարչապետ։
Վստահ եմ, որ հանդիպման բաց հատվածում Սամվել Կարապետյանի ռուսական անձնագրի առկայության շեշտադրումը կայսերական վերաբերմունքի դրսևորում էր ծայրագավառներում ղեկավար նշանակելու տրամաբանությամբ։ Այսինքն՝ կարևոր չեն ձեր ներքին օրենքներն ու ընթացակարգերը, կարևորը կայսրի ցանկությունն է․ սա է Ռուսաստանի հավաքական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։
Այսօր, երբ հայ-ռուսական հարաբերություններում փորձում ենք դուրս գալ ենթակայի կարգավիճակից, ՌԴ-ն կարող է գնալ իրեն բնորոշ կոշտ քայլերի։ Այդ համատեքստում իմ կարծիքով՝ պատահական չէր, որ ՌԴ նախագահը խոսում էր գազի գնի, ապրանքաշրջանառության և ՌԴ-ում բնակվող հայերի թվի մասին՝ ակնարկելով, որ այդ գործոնները կարող են փոփոխվել, եթե ՀՀ ընտրությունները չընթանան իրենց ցանկությամբ։ Այսօր էլ ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ եթե ՌԴ ընկերությունների ներկայությունը կասկածի տակ դրվի ՀՀ-ում, իրենք էլ կարող են արգելել ՀՀ բիզնեսի ներկայությունը ՌԴ-ում։
Վստահ եմ, որ այսպիսի սպառնալիքներով են Սերժ Սարգսյանին մտափոխել սեպտեմբերի 3-ին, այսպես են հայկական գազատարը խլել մեզնից ու այսպես են պատրաստվում ապագայում վարվել Հայաստանի հետ՝ դարձնելով գաղութ։ Ակնհայտ էր նաև Պուտին-Քոչարյան հարաբերություններում «քիմիայի» փոփոխությունը, քանի որ եթե ունես ՀՀ վարչապետի պաշտոնին հավակնող գործընկեր, ի՞նչ իմաստ ունի այլ թեկնածուի գովազդով զբաղվել։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը քո ձեռքում է։ Հունիսի 7-ին ոչ մի ձայն ՌԴ էմիսար կուսակցություններին։ Սա այն եզակի հնարավորությունն է, որը կարող է պարտադրել ռուսական կայսրությանը հաշվի նստել մեր պետականության և ձեր կարծիքի հետ, ու թող Աստված օրհնի ձեզ և Հայաստանը»,- գրել է Սարգսյանը:
ՌԴ նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ իրեն հայտնի է՝ ՀՀ-ում առաջիկա ընտրություններում մասնակցելու ցանկություն հայտնած ուժեր կան, որոնց ներկայացուցիչներն ունեն ռուսական անձնագրեր, և ըստ Պուտինի՝ նրանցից ոմանք գտնվում են ազատազրկման վայրերում: «Դա ձեր որոշումն է, բայց կցանկանայինք, որ ՌԴ անձնագիր ունեցողները կարողանան մասնակցել ներքաղաքական գործընթացներին»,- ասել էր Պուտինը:

