Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել եվրոդռների և պատուհանների ուսումնաարտադրական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։
Ստեղծված կենտրոնում ազատազրկված անձինք ձեռք են բերելու արդիական մասնագիտական հմտություններ, վարձատրվող հիմունքներով ներգրավվելու են արտադրական գործընթացներում։ Միևնույն ժամանակ իրենց աշխատանքով նպաստելու են համակարգի ներքին կարիքների ապահովմանը՝ արտադրելով դռներ և պատուհաններ քրեակատարողական բոլոր հիմնարկների համար։
Նմանատիպ հաջողված փորձ արդեն առկա է այլ քրեակատարողական հիմնարկներում։ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ «Սևան» ՔԿՀ-ում գործում են կահույքագործության և զոդման արտադրամասեր, իսկ «Վանաձորում» ՔԿՀ-ում՝ զոդման արտադրամաս, որտեղ ազատազրկված անձինք ստանում են կրթություն, ներգարվվում աշխատանքի մեջ և արտադրում անհրաժեշտ գույք մյուս քրեակատարողական հիմնարկների համար։
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ուսումնաարտադրական կենտրոնը հանդիսավոր կերպով բացել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը։
Արարողությանը ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Քրեակատարողական հիմնարկներում ուսումնաարտադրական կենտրոնների ստեղծումը նշանակալի ձեռքբերում է ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Այն կարևոր քայլ է վերասոցիալականացման գործընթացների ամրապնդման և շարունակական կատարելության ուղղությամբ՝ նպաստելով ավելի մարդակենտրոն քրեակատարողական համակարգի ձևավորմանը։ Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ՝ նպատակ ունենալով ստեղծել իրական հնարավորություններ ազատազրկված անձանց վերասոցիալականացման և մասնագիտական զարգացման համար։


