Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2021 թվականին ստորագրված և Ազգային ժողովի վավերացրած «Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրից բխող հերթական օրենսդրական նախաձեռնությունն է ներկայացվել քննարկման:
«Օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին և դիրեկտիվներին»:
Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ապրիլի 14-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ:
Փոխնախարարի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունները վերաբերում են օդային փոխադրումների ոլորտում ապահովագրական պարտավորություններին: Մասնավորապես սահմանվում են պահանջներ օդանավ շահագործողի վկայական ունեցող կազմակերպությունների, թռիչքային և սպասարկող անձնակազմերի, ուղեբեռի, բեռի, ինչպես նաև երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության մասով:
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գործող օրենքը և ընդունել նոր, ամբողջական կարգավորում նախատեսող օրենքի նախագիծը, որը կսահմանի ոլորտում գործող հիմնական սուբյեկտների միջև իրավահարաբերություններն ապահովագրության բնագավառում, ինչպես նաև ապահովագրության նվազագույն սահմանաչափերը՝ համապատասխանեցված Եվրամիությունում գործող պահանջներին:
Փոփոխությունների փաթեթում հաշվի են առնվել նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից 2024 թվականին կատարված թարմացումները:
Նախագիծը նախատեսում է նաև օրենքից բխող պահանջների կատարման մեխանիզմները, պատասխանատվության միջոցները, վեճերի կարգավորման ընթացակարգերը և այն սուբյեկտների շրջանակը, որոնց նկատմամբ օրենքը կիրառվելու է:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հայկ Ցիրունյանը:


