Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այսօր շատ հանգամանալից ելույթ ունեցաք, ասացիք՝ այս ութ տարիների ընթացում ինչ հսկայական աշխատանք է կատարվել, որովհետև բոլոր ոլորտները քանդված են եղել, անգամներ ավելի քիչ աշխատավարձ են ստացել, հիմա մի նոր փուլ ենք մտնում, որովհետև 5 հազար կմ ասֆալտ է արվել»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Սուքիասյանը նշեց, որ կա երկու ծախսային մաս, մեկը՝ պարտադիր ծախսերն են և ծախսային մաս, որը պետք է գեներացնի. «Դուք ասացիք, որ սուբսիդավորել եք և՛ IT ոլորտներին, և՛ գյուղատնտեսական, և՛ մնացած այլ արդյունաբերական ձեռնարկությունների, որոնք սկսել են արդեն գեներացնել: Կուզեմ ասեք՝ 6 ամիս հետո ինչ կարգի ոլորտներ եք նախատեսում գեներացնել, որպեսզի պատկերացնենք՝ ապագա 2-3 տարում ինչ կարգի տնտեսություն ենք ունենալու: Օրինակ՝ արևային պանելները, եթե մենք կուտակիչներով սկսենք օգնել քաղաքացիներին, որովհետև 1200 մեգավատի չափ արևային էլեկտրաէներգիա ունենք, որը բալանսավորված չենք կարողանում օգտագործել, մյուսը ջրամբարներն են, որոնք, եթե պետությունն աջակցում է, 2-3 տարի հետո սկսելու ենք բերք ունենալ: Կուզեմ այն, որը Հայաստանին բերելու է մի ուրիշ հարթակի, դրանց մասին որոշակի տեղեկություն հայտնեք»:
Վարչապետ Փաշինյանն արձագանքելով՝ նշեց. «Ջրային ոլորտի հետ կապված խնդիրները լինելու են առաջիկա հնգամյակի մեր 5 առաջնահերթությունների շարքում, դրա մեջ մտնում են ջրամբարների կառուցումը, հանրապետությունում այդպիսի բնակավայր չկա, որ ջրի հետ կապված խնդիրներ չունենա: Լավ լուրն այն է, որ լեռնաշխարհում բավարար չափով ջրաքանակ ձևավորվում է, մեր խնդիրը ճիշտ կառավարելն է և ճիշտ տեղ հասցնելն է: Մենք շատ կենտրոնացած ենք լինելու այդ խնդրի լուծման վրա: Մենք որդեգրել ենք քաղաքականություն, որ մի էֆեկտանոց որոշումներ չենք կայացնում, մեր կայացրած որոշումները պետք է լինեն առնվազն երկու և ավելի էֆեկտով: Թոշակների բարձրացումը զուգորդում ենք անկանխիկ առևտրի ծավալների մեծացման և հետվերադարձի հետ: Մենք վստահ ենք մեր երկրի հեռանկարի վերաբերյալ»:
Խաչատուր Սուքիասյանը նաև նշեց. «Օրինակ՝ բժշկական ապահովագրությունը, այդքան մեծ գումար է գնում բժշկական ձեռնարկությունների վրա, դա նշանակում է՝ մենք ապագա երեք տարվա մեջ աշխարհի լավագույն բժշկական սարքավորումներով հագեցած երկիր ենք լինելու, որովհետև շատ ահռելի գումար է ծախսվում, եթե ջրամբարներ է կառուցվելու, գյուղատնտեսական հողատարածքները կշատանան»:
Փաշինյանն էլ նկատեց, որ հիմա առողջության ապահովագրության ներդրման առաջին էֆեկտներից մեկն այն է, որ այսօր Հայաստան սկսել են ներկրվել վիրահատող ռոբոտներ, որոնք առողջապահական գերժամանակակից տեխնոլոգիաներ են:


