Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ: Չափազանցություն չի լինի ասել, որ մենք թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ մի փուլ՝ հաշվի առնելով մեր երկկողմ օրակարգում հաճախակի, պարբերական զարգացումները: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ամենակարևոր իրադարձությունը, ըստ նախարարի, անցած տարի՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովն էր և դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարը նաև հիշեցրեց հունվարի սկզբին TRIPP նախագծի իրականացման շրջանակի մասին նոր փաստաթղթի ստորագրման մասին:
«Այսօր Երևանում մենք կարողացամք նախաստորագրել արդեն TRIPP ծրագրի վերաբերյալ միջպետական համաձայնագիրը: Իհարկե, սա չի ծածկում այն ամբողջ ճանապարհը, որ այս ամիսների ընթացքում միասին անցել ենք: Մենք ունենք արդեն ստորագրած և ստանձնած հանձնառություններ ԱԲ-ի և կիսահաղորդիչների մասին, միջուկային էներգետիկայի ոլորտի մասին:
Քիչ առաջ ականատես եղաք, թե ինչպես ստորագրեցինք նոր փաստաթուղթը հանքանյութերի, կրիտիկական միներալների վերաբերյալ, նաև ամենակարևորը, ես կասեի՝ հովանոցային պայմանավորվածությունը, [այն է՝] պետքարտուղարության հետ մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն»,- ասաց նախարարը:
Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարևորեց և բարձր գնահատեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, նրա ամբողջ վարչակազմի, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ու մյուսների դերակատարությունն ու նվիրվածությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում՝ Հայաստանի համար ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հարցում:
«Բոլոր պայմանավորվածությունները, որոնք հիմա կյանքի ենք կոչում ստորագրությամբ և այնուհետև կտեսնենք գետնի վրա՝ որպես իրականություն, միանշանակ շահեկան են ՀՀ համար, և աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար»,- ասաց նա:

