Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության «Ագրոբոտ» կենտրոնի բացումը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Կրթական ծրագրերի կենտրոնի» (ԾԻԳ) տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք, կենտրոնի ստեղծմանն աջակցած միջազգային կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։
«Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը ստեղծվել է Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում՝ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) կողմից։
«Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» ծրագրի բյուջեն կազմել է ավելի քան 118 մլն դրամ:
Ժամանակակից պահանջներին համապատասխանող կենտրոնը կծառայի գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի կրթական ծրագրերի և գիտական հետազոտությունների զարգացմանը՝ նպաստելով մրցունակ մասնագետների պատրաստմանը և բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է գյուղատնտեսության զարգացմանը համահունչ կրթական միջավայրի ձևավորումը․
«Ժամանակակից գյուղատնտեսությունը, նախ և առաջ, տեխնոլոգիապես հագեցած տնտեսական գործունեություն է։ Սա նշանակում է, որ մենք պետք է էապես վերանայենք նաև այդ ոլորտում կրթության կազմակերպման ձևերն ու միջավայրը։ Կարևոր է նաև, որ միջավայրի հագեցվածությանը զուգահեռ վերափոխվեն կրթական ծրագրերը՝ նպաստելով բուհի զարգացմանը»:
ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է, որ Ակադեմիական քաղաքի շրջանակում տեխնոլոգիական կլաստերում առանձնահատուկ ներկայացվածություն պետք է ունենա նաև ագրարային ոլորտը․ «Այսօր ստեղծված լաբորատոր ենթակառուցվածքները ցույց են տալիս, որ մենք շարժվում ենք տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ։ Կարծում եմ, որ նման ծրագրերի խթանմամբ միայն հնարավոր կլինի ապահովել բարձրորակ և միջազգային չափանիշներին համապատասխանող մրցունակ կրթություն»։
Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը նոր հնարավորություններ է բացելու ոչ միայն ապագա շրջանավարտների, այլև երկրի զարգացման համար, քանի որ այստեղ կրթված յուրաքանչյուր մասնագետ հետագայում իր ներդրումն է ունենալու ոլորտի արդիականացման և զարգացման գործում։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացմանը մասնակցած բոլոր գործընկերներին՝ ընդգծելով, որ այն համատեղ և համակարգված աշխատանքի արդյունք է։
«Նորարարությունների մրցակցային հիմնադրամի աջակցությամբ մեր տարբեր բուհերում ստեղծվել են կարևոր ենթակառուցվածքներ, և սա, իհարկե, նաև հավելյալ պատասխանատվություն է, որովհետև ձևավորված հնարավորությունները պետք է օգտագործվեն ամբողջ ներուժով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նա անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների հետ համագործակցությանը՝ կարևորելով նորաբաց կենտրոնում մասնագետների համար վերապատրաստման դասընթացների և ծրագրերի կազմակերպումը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանի խոսքով՝ վերջին 7-8 տարիների ընթացքում համալսարանում ստեղծված նոր ենթակառուցվածքների թիվը հասել է շուրջ 60-ի:
«Գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացումը առաջնահերթ խնդիր է։ Ժամանակակից և թվային տեխնոլոգիաների ներդրումը, դրանց կիրառումը գյուղատնտեսական գործընթացներում և բարձր արտադրողականությամբ գյուղատնտեսության ապահովումը հրատապ լուծում պահանջող հարցեր են»,- ասել է Հրաչյա Զաքոյանը՝ կարևորելով «Ագրոբոտ» համալիրի ստեղծումը, որը հնարավորություն է տալիս գյուղատնտեսության ոլորտում կիրառելու ժամանակակից տեխնոլոգիաներ, ռոբոտատեխնիկա և թվային լուծումներ։
ՀԱԱՀ-ում 2025 թվականի սեպտեմբերից ներդրվել է «Ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտատեխնիկա» մասնագիտական կրթական ծրագիրը: Այս մասնագիտությամբ սովորող ուսանողները ներկայացրել են մեկ տարվա ընթացքում կուտակած փորձն ու ձեռքբերումները:
Միջոցառման ընթացքում հյուրերը շրջել են «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնում հիմնված ժամանակակից AgrobotLAB և ITLab լաբորատորիաներում, ծանոթացել ժամանակակից ռոբոտներով և լաբորատոր սարքավորումներով հագեցած աշխատանքային և ուսումնահետազոտական լսարաններին:
Ծրագրի շահառուներն են ՀԱԱՀ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի և բուհի քոլեջի համապատասխան մասնագիտությունների ուսանողները, դասախոսները, ասպիրանտները, հետազոտողները, ֆերմերները, գյուղատնտեսության մեքենայացման մասնագետները, ոլորտի հետազոտողները, «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաները և այլք։


