Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյան:
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ փորձնակները կարող են նաեւ վարձատրվել: Մինչ օրս գործող օրենքով չվարձատրելու իմպերատիվ պահանջ կար:
Նախատեսվում է, որ փորձնակների ստաժը պետք է հաշվի առնել ոչ միայն քաղծառայության պաշտոն, այլ նաեւ որեւէ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու պարագայում: Մյուս հոդվածներում առաջարկվող փոփոխությունները կրում են տեխնիկական բնույթ:
Նախագծի անցումային դրույթները սահմանող հոդվածով նախատեսվում է որ մինչ օրս բոլոր փորձնակների ստաժը պետք է համարվի հանրային ծառայության ստաժ: Փորձնակի ստաժը հանրային ծառայության ստաժ համարելու գործընթացին տրվելու է հետադարձ ուժ:
Եթե հանրային կամ համայնքային կամ փորձագետի կամ փորձնակի պաշտոն զբաղեցնելն օրենքի խախտմամբ է, ապա այդ ամբողջ ժամանակահատվածը չի ներառվում հանրային ծառայության ստաժում: «Այս տեսանելի փոփոխությունը զգալիորեն կմեծացնի հանրային ծառայության գրավչությունը եւ լսելի կլինի երիտասարդներին, որոնք մղում ունեն իրացնելու իրենց սահմանադրական իրավունքը եւ անցնելու հանրային ծառայության»,- նշել է զեկուցողը:


