Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ-ի համահիմնադիր Արթուր Շտայնհաուերին և տնօրեն Վլադիմիր Մարտինովիչին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ագրոպարենային արտադրանքի արտահանման ներուժին, ինչպես նաև հայկական արտադրողների և գերմանական առևտրային ցանցերի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր։
Արման Խոջոյանը ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ կարևորելով միջազգային խոշոր առևտրային ցանցերի հետ համագործակցության զարգացումը՝ որպես հայկական արտադրանքի արտաքին շուկաներում ներկայացվածության և արտահանման ծավալների աճի կարևոր նախապայման։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հայաստանի վերամշակող արդյունաբերության կարողություններին՝ ներկայացնելով ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների արտադրական ներուժը, միջազգային չափանիշներին և որակի ստանդարտներին համապատասխանության մակարդակը, ինչպես նաև արտահանման փորձը։
«Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ-ի ղեկավարները ներկայացրել են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հետաքրքրություն հայտնել հայկական վերամշակված պտուղբանջարեղենային արտադրանքի, մասնավորապես՝ պտուղբանջարեղենային պահածոների ներմուծման և իրացման հնարավորությունների նկատմամբ։
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել հանդիպումներ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հետ՝ համագործակցության հնարավոր ուղղությունների և գործնական քայլերի հստակեցման նպատակով։


