Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պարեկային ծառայությունը կայացած ինստիտուտ է Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Այլևս ինստիտուցիոնալ այնպիսի լուծումներ կան, որոնք արմատացած են, անշրջելի են, և սա շատ կարևոր նվաճում է Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների տեսանկյունից։ Այն բոլոր հարցերը, որոնք անընդհատ քննարկվում են, ես ուզում եմ փաստել, որ ինստիտուտի կատարելագործման ու լավարկման տեղիք տվող հարցեր են, որովհետև որևէ մեկն այլևս չի հիշում, որ ճանապարհային ոստիկանության դեպքում մենք քննարկում էինք կոռուպցիոն տարբեր, ընդ որում՝ համատարած կոռուպցիոն դրսևորումներ։
Եվ երբ այսօր մենք բարձրաձայնում ենք, որ, օրինակ, պարեկային ծառայողը ձերբակալել է իրեն կաշառք առաջարկած անձին, ծառայության ձևավորման առաջին օրերին դա կարող էր ինչ-որ արտասովոր բան թվալ։ Այսօր դա հերթական լուրն է, որը նախարարության հանրային հաղորդակցության շրջանակներում մենք տարածում ենք, կոմունիկացնում ենք հանրության հետ, և որևէ մեկը չի էլ մտածում, որ այլ կերպ պիտի լիներ։
Նախարարության տեսանկյունից քաղաքականության մշակման համար պատասխանատու անձ՝ ես կարծում եմ, որ սա շատ կարևոր նվաճում է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև մենք արձանագրում ենք, որ համակարգային կոռուպցիա այլևս չկա Պարեկային ծառայությունում։ Հակառակը՝ մեզ համար շատ սովորական է դարձել, որ կոռուպցիոն տարբեր դրսևորումներում ներգրավված տարբեր քաղաքացիներ կարող են ձերբակալվել հենց ոստիկանի կողմից և ներկայացվել նախաքննական մարմին»,-նշել է նա։


