Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 25-29-ը կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը:
ԿԳՄՍ նախարարության որդեգրած մշակույթի ապակենտրոնացման քաղաքականության շրջանակում փառատոնը, բացի Երևանից, անցկացվում է նաև մարզերում: Այն արդեն իսկ անցկացվել է Տավուշի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, իսկ այս տարի այն տեղի կունենա նաև Գյումրիում:
Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Փառատոնին ընդառաջ՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանը ներկայացվել են կինոփառատոնի ծրագիրը և առաջիկա անելիքները:
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին և մյուս գործընկեր կառույցներին՝ փառատոնի կազմակերպման և շարունակական զարգացման համար: Նա նշել է, որ փառատոնը լիովին համապատասխանում է նախարարության՝ մշակույթի ոլորտի պետական քաղաքականությանը, որի շրջանակում առանցքային նշանակություն ունեն մշակույթի ապակենտրոնացումը և կրթական բաղադրիչի խթանումը. «Փառատոնի նպատակն է բացահայտել երիտասարդ և տաղանդավոր ստեղծագործողներին, նպաստել նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, տարբեր երկրների երիտասարդ կինոգործիչների միջև բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը, նոր կինոսերնդի ձևավորմանը»:
Նախարարի տեղակալն ընդգծել է նաև փառատոնի միջազգային կարգավիճակ ունենալու հանգամանքը, որը կինոյի ոլորտում Հայաստանի միջազգային ինտեգրմանը նպաստող հավելյալ խթան է։
«Տարեցտարի փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը՝ ընդունելով կինոյի հեղինակավոր մասնագետների աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնը նպաստում է միջազգային ճանաչում ունեցող կինոգործիչների և հայաստանյան կինոոլորտի մասնագետների և կառույցների համագործակցությանը, համատեղ ֆիլմերի արտադրության զարգացմանը: Հայաստան կժամանեն տարբեր երկրների կինոգործիչներ՝ ներկայացնելու իրենց աշխատանքները։ Փառատոնի հատուկ հյուրերի կազմում են պրոդյուսերներ, կինոյի ինստիտուտների, փառատոների և կինոընկերությունների ղեկավարներ։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը»,- նշել է Դանիել Դանիելյանը։
Փառատոնի ծրագիր
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին՝ ժամը 19։00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում։ Փառատոնի բացման ֆիլմն է՝ «Մշուշը վերացել է» /ռեժիսոր՝ Սեյեդ Ալի Ղասեմի, Իրան/: Հաջորդաբար, փառատոնի միջոցառումները կշարունակվեն Գյումրիում հունիսի 28-ին և 29-ին. հունիսի 28-ին` Թումո-Գյումրիում, հունիսի 29-ին՝ ժամը 19։00-ին, «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը:
Փառատոնի շրջանակում տեղի կունենան ստեղծագործական հանդիպումներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում։
Կինոփառատոնի մրցութային ծրագիրը ներառում է «Միջազգային ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր, «Ազգային ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր, «Ուսանողական ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ուսանողական ֆիլմեր։
39 ֆիլմ՝ 22 երկրից
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ստացել է հայտեր 95 երկրից։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է 39 ֆիլմ՝ 22 երկրից (Լյուքսեմբուրգ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Նոր Զելանդիա, Ֆրանսիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Ռուսաստանի Դաշնություն, Բելգիա, Լեհաստան, Լիբանան, Հարավային Աֆրիկա, Հունգարիա, Հորդանան, Պաղեստինի Պետություն, Իտալիա, Շվեյցարիա, Չինաստան, Կանադա, Ռումինիա, Կաբո Վերդե, Ղազախստան, Նիդերլանդներ) որից 15-ը՝ ազգային ծրագրում, իսկ 24-ը՝ միջազգային ծրագրում:
Հատկանշական է, որ այս տարի նույնպես փառատոնի միջազգային ծրագրում ընդգրկված են Ա դասի՝ Վենետիկ, Սանդենս, Լոկառնո, Բեռլին, Կանն, Կլերմոն-Ֆերան, Սան Սեբաստիան, Ռոտերդամ, Տալլինի «Սև գիշերներ» փառատոների մրցութային ծրագրում մասնակցած և մրցանակակիր ֆիլմեր՝ Լեհաստանից, Իտալիայից, Շվեցարիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ֆրանսիայից, Հորդանանից, Պաղեստինի Պետությունից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Հարավային Աֆրիկայից, Լիբանանից, Նոր Զելանդիայից:
Ժյուրի և հիմնադիրներ
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժուրիի նախագահն է կինոռեժիսոր, հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Սոսո Բլիաձեն, ժյուրիի անդամները՝ դերասանուհի, պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը, կինոռեժիսոր Արշալույս Հարությունյանը։ Ժյուրին մրցանակներ կհանձնի 12 անվանակարգերում:
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2018 թվականին. հիմնադիր՝ կինոռեժիսոր, պրոդյուսեր Գուժ Թադևոսյան։ Այն filmfreeway.com հեղինակավոր հարթակում ոսկե կարգավիճակ ունեցող կինոփառատոներից է։ Փառատոնի գեղարվետական ղեկավարը Սուրեն Թադևոսյանն է, ծրագրերի ղեկավարը՝ ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանը։
Փառատոնի ազգային ծրագիր՝
Փառատոնի միջազգային ծրագիր՝
Փառատոնի ծրագիր հայերեն լեզվով՝
https://tinyurl.com/4rka2eha


