ԵԱՏՄ-ն տնտեսական կառո՞ւյց, թե՞ քաղաքական մահակ Zarkerak - ԵԱՏՄ-ն տնտեսական կառո՞ւյց, թե՞ քաղաքական մահակ
Zarkerak Zarkerak - ԵԱՏՄ-ն տնտեսական կառո՞ւյց, թե՞ քաղաքական մահակ
ԵԱՏՄ-ն տնտեսական կառո՞ւյց, թե՞ քաղաքական մահակ

ԵԱՏՄ-ն տնտեսական կառո՞ւյց, թե՞ քաղաքական մահակ

Երբ տնտեսական միությունը դադարում է ապահովել իր հիմնարար սկզբունքները, բնական է հարց տալ՝ արդյո՞ք այն շարունակում է իրականում գոյություն ունենալ։ Հենց այս հարցն է բարձրացրել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ եթե այլևս չկա ապրանքների ազատ տեղաշարժ, ապա ի՞նչ իմաստ ունի խոսել Եվրասիական տնտեսական միության մասին։
Սա ոչ թե հուզական կամ քաղաքական հայտարարություն է, այլ տրամաբանական եզրահանգում։

ԵԱՏՄ-ի ստեղծման հիմնական նպատակներից մեկը անդամ երկրների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն էր։ Եթե այդ սկզբունքները խախտվում են, եթե սահմաններին առաջանում են արհեստական խոչընդոտներ, եթե անդամ պետություններից մեկի արտադրողները չեն կարող ազատ արտահանել իրենց ապրանքը մյուս անդամ երկրներ, ապա միությունը սկսում է կորցնել իր բովանդակությունը՝ վերածվելով ձևական կառույցի։

Ավելին, նման պայմաններում ԵԱՏՄ-ն աստիճանաբար ընկալվում է ոչ թե որպես հավասար իրավունքներով տնտեսական համագործակցության հարթակ, այլ որպես Ռուսաստանի քաղաքական ազդեցության գործիք։ Երբ տնտեսական սահմանափակումները կիրառվում են ընտրովի կերպով և համընկնում են քաղաքական տարաձայնությունների հետ, ստեղծվում է տպավորություն, որ տնտեսական մեխանիզմները վերածվել են քաղաքական ճնշման միջոցի։ Այդ դեպքում միությունն այլևս չի ծառայում ազատ շուկայի գաղափարին, այլ դառնում է Ռուսաստանի ձեռքում գտնվող «մահակ», որով հնարավոր է տնտեսական լծակներով քաղաքական «պատժի» ենթարկել այն անդամներին, որոնք վարում են Մոսկվային ոչ ցանկալի քաղաքականություն։

Հայաստանը միացել է ԵԱՏՄ-ին՝ ակնկալելով տնտեսական հնարավորությունների ընդլայնում և միասնական շուկայի առավելություններից օգտվելու իրավունք։ Եթե այդ հնարավորությունները չեն ապահովվում, ապա Հայաստանի ղեկավարությունը` ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն ունի բարձրաձայնելու այդ խնդիրը։ Լռելը կնշանակեր համաձայնվել, որ պայմանագրային պարտավորությունները կարող են ընտրովի կերպով կիրառվել։

Փաշինյանի հնչեցրած հարցը որևէ մեկի դեմ ուղղված քաղաքական հռետորաբանություն չէ։ Դա պահանջ է, որպեսզի միությունը գործի իր իսկ ընդունած կանոններով։ Եթե ԵԱՏՄ-ն ցանկանում է պահպանել իր հեղինակությունն ու կենսունակությունը, ապա պետք է ապահովի այն, ինչի համար ստեղծվել է։ Հակառակ դեպքում անդամ երկրների մոտ անխուսափելիորեն առաջանալու է նույն հարցը՝ եթե ազատ տնտեսական տարածք չկա, ապա ի՞նչ է մնացել այդ միությունից։

Քաղաքական հայտարարությունները կարող են տարբեր գնահատականների արժանանալ, բայց այս դեպքում դժվար է վիճել հիմնական տրամաբանության հետ. տնտեսական միության գոյության իմաստը չափվում է ոչ թե գեղեցիկ հռչակագրերով, այլ գործնականում գործող կանոններով։ Եթե այդ կանոնները չեն գործում, իսկ տնտեսական լծակները սկսում են ծառայել քաղաքական նպատակների, ապա հարցականի տակ է դրվում ոչ միայն միության արդյունավետությունը, այլև նրա իրական էությունը։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

26 Հունիս, 2026 12:51
Վեր