Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՆԳ նախարար, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը հունիսի 29-ին մասնակցել է «Սահմանային կառավարման բարեփոխումներ և սահմանապահների կրթություն․ դասեր ԵՄ մոտարկման գործընթացներից» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) և ՆԳ նախարարության համագործակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Նախարարը նշել է, որ սահմանների համալիր կառավարման բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից են և զուգահեռաբար ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի առանցքային ուղղություններից մեկը։ Նրա խոսքով՝ ժամանակակից անվտանգային մարտահրավերները՝ անօրինական միգրացիան, անդրազգային կազմակերպված հանցավորությունը, մարդկանց թրաֆիքինգը, փաստաթղթային խարդախություններն ու նոր սպառնալիքները, պահանջում են համապարփակ և համակարգված լուծումներ։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է արդիականացնել ներքին անվտանգության և սահմանների կառավարման համակարգը՝ հիմնվելով եվրոպական լավագույն փորձի, գործընկեր երկրների բարեփոխումների և միջազգային համագործակցության վրա։
Արփինե Սարգսյանը կարևորել է սահմանների համալիր կառավարման (IBM) սկզբունքների ներդրումը, որը հիմնված է միջգերատեսչական համագործակցության, ռիսկերի կառավարման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և միջազգային գործընկերության վրա։ Նա ընդգծել է նաև սահմանապահների կրթության և վերապատրաստման համակարգի զարգացումը, որը նախատեսվում է իրականացնել ՆԳՆ կրթահամալիրում՝ ԱԱԾ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանների համալիր կառավարման մոդելին, ոլորտի հիմնական դերակատարների համագործակցությանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի կրթական համակարգի բարեփոխումներին և ՆԳՆ կրթահամալիրում սահմանապահների կրթության կազմակերպման գործընթացին։ Մասնակիցները նաև քննարկել են կրթական բաղադրիչի ներդրման ժամկետները, ոլորտի մարտահրավերները, զարգացման առաջնահերթություններն ու բարեփոխումների արդյունավետ իրականացման մեխանիզմները։
Քննարկվել է նաև ԵՄ մոտարկման գործընթացների շրջանակում սահմանների համալիր կառավարմանը վերաբերող միջազգային փորձը, ընդգծվել ռիսկերի վրա հիմնված պլանավորման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և վերլուծական կարողությունների զարգացման կարևորությունը։ Դիտարկվել են օրենսդրական պահանջները փուլային գործողությունների ծրագրերի վերածելու գործուն մեխանիզմները։
Կլոր սեղանին մասնակցել են DCAF-ի Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անթյե Ֆրիցը, ՆԳ նախարարության, շահագրգիռ պետական մարմինների և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։


