Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արթիկի դպրոցի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, ամենամսյա հաշվետվության մեջ չի ներառել որոշ աշխատակիցների աշխատավարձերից գոյացած եկամտային հարկի և պարտադիր այլ վճարների գումարները, ինչպես նաև դպրոցի հաշիվներում առկա միջոցներն իր և աշխատակից չհանդիսացող անձանց անուններով իբրև աշխատավարձ կամ պարտքի վերադարձ փոխանցելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելու արդյունքում 2 անձի օժանդակությամբ հափշտակել է շուրջ 55 մլն դրամ:
Բացի այդ, վերը նշված պաշտոնյան, զբաղեցնելով նաև Հառիճի միջնակարգ դպրոցի գնումների պատասխանատուի և համակարգողի, հաջորդիվ նաև հաշվապահի պաշտոնները, իր կնոջ՝ նույն դպրոցի հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ և մեկ այլ քաղաքացու օժանդակությամբ հափշտակել են դպրոցից ելքագրված 33 մլն դրամը:
Նրանց հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 87 մլն դրամի գույքային վնաս, որից 43 մլն դրամը վերականգնվել է:
Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել 2 դպրոցների հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձին, վերջինիս կնոջը, հանցավոր գործողություններին օժանդակած անձին և դպրոցի տնօրեններին:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:


