Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք ավարտվել են երկու շաբաթ շուտ՝ օգոստոսի 14-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն։
Ծրագրի պատասխանատուներն ընդգծել են, որ իրականացված բոլոր աշխատանքների առաջնային նպատակը երթևեկության անվտանգության բարձրացումն ու քաղաքացիների համար առավել անվտանգ և հարմարավետ պայմանների ապահովումն է։ Մասնավորապես՝ վերականգնվել են դեֆորմացիոն կարերը, վերականգնվել և ներդրվել են ջրահեռացման և ջրամեկուսացման համակարգեր, տեղադրվել են նոր, ցինկապատ արգելափակոցներ, լուսավորության սյուներից էլեկտրական մալուխներն ապամոնտաժվել և տեղափոխվել են մայթի տակ գտնվող դիտահորեր, տեղադրվել է ասֆալտբետոնե վերին շերտը, ասֆալտապատվել են երկու կողմերի մայթերը, իրականացվել են ճանապարհային գծանշման աշխատանքներ։

Դեֆորմացիոն կարերի հատվածում օգտագործվել է պոլիմեր-բետոնային հատուկ նյութ, որը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ։ Այն նախատեսված է տրանսպորտային միջոցների անցման ժամանակ հարվածներն ու տատանումները հնարավորինս նվազեցնելու, կամրջի շահագործման անվտանգությունն ապահովելու և երթևեկությունն ավելի հարմարավետ դարձնելու համար։
Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման, ինչպես նաև նախատեսված մյուս աշխատանքները՝ առանց երթևեկությանը խոչընդոտելու։
Վարչապետը կարևորել է Հայաստանում կամուրջների կառուցման և հիմնանորոգման ծրագրերը և ընդգծել, որ Կառավարությունը նախատեսում է 2026–2031 թվականների ընթացքում կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ։
.jpg)
Կիևյան կամուրջը վերջին անգամ հիմնանորոգվել է 1995 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին՝ ջրահեռացման խնդիրները լուծելու նպատակով: Աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքային իշխանության և Տրանսպորտի և շինարարության նախարարության համագործակցությամբ:
Հիմնանորոգումն իրականացվել է 20 տարվա երաշխիքով:

