Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը, շարունակելով համագործակցել On Point կազմակերպության հետ, առցանց հարթակում ներկայացնում է ևս մեկ ժամանակավոր ցուցադրություն «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով: Այցելելով ՀՑԹԻ կայքէջ՝ հնարավոր է «վիրտուալ շրջայց» կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներից մեկը և առցանց տիրույթում տեսնել բացառիկ ցուցանմուշներ, շուրջ երկու տասնյակ oսմաներեն բնօրինակ կալվածագրեր՝ սեփականությունը հաստատող փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Ընդ որում, հնարավոր է ոչ միայն տեսնել, այլև պատկերը խոշորացնելով կարդալ հիմնական տեքստերը, բացատրագրերը, զննել ցուցանմուշները:
Նախաձեռնության հեղինակները Գայանե Մովսեսյանը և Էրիկ Հարությունյանն են, որոնք իրենց աշխատանքով յուրահատուկ հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանք այսկերպ փորձել են Հայոց ցեղասպանության պատմության որոշ դրվագներ հասանելի դարձնել աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդկանց:
Հայոց ցեղասպանության թանգարանի «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» ժամանակավոր ցուցադրությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով:
Ցուցադրությունը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն:
Այն ներկայացված է հինգ պանելներով, որոնք անդրադառնում են՝
1. Հայկական պահանջատիրության էությանը, ձևավորմանը և փուլերին.
2. «Լքյալ գույքի» մասին օրենքներին և դրանց իրավական զարգացումներին ողջ 20-րդ դարի ընթացքում, այսինքն՝ ոչ միայն սուլթանական, այլ նաև նրան շարունակող պետության՝ հանրապետական Թուրքիայում, ընդհուպ մինչև 21-րդ դար.
3. 1919-1920 թթ. Փարիզի խաղաղության վեհաժողովին հայկական պատվիրակության ներկայացրած հատուցման պահանջներին.
4. հայկական պահանջատիրության փաստաթղթային հենքերին՝ անհատ քաղաքացիների և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերին.
5. հայկական պահանջատիրության «սահմաններին»՝ պետության/ իշխանությունների, վերլուծական կենտրոնների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների դիրքորոշումներին։