Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանում նոր զորահավաքի հավանականությունը բավականին մեծ է և երկրից նկատվող արտահոսքը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ շատերը չեն ցանկանում գնալ ու կոտորվել Պուտինի իշխանության համար, այդ թվում և տեղի հայ բնակչությունը։ Այս մասին Zarkerak.am-ի զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության ներկա ընթացքին։
Ըստ քաղաքագետի՝ որոշ հայերի ներգաղթը կրում է ինքնապահպանման բնազդ, քանի որ նրաց մեջ կան այնպիսի մարդիկ, ովքեր Հայաստանից հեռացել էին՝ նպատակ ունենալով ազատել իրենց որդիներին Ղարաբաղում ծառայելուց, իսկ հիմա հեռանում են Ռուսաստանից, որպեսզի չուղարկեն Ուկրաինայում ընթացող պատերազմին մասնակցելու։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է նման հոսքերին Ղևոնդյանը նշեց․ «Նման տեղաշարժերին առանձնահատուկ պատրաստվելու անհրաժեշտություն չունենք։ Սա այն դեպքը չէ, երբ մարդկանց փախուստ է տեղի ունենում։ Այստեղ մարդիկ գալիս են իրենց գումարներով, իրենց բիզնեսներն են տեղափոխում, ունեն որոշակի հնարավորություն, գալիս են տներ են գնում կամ վարձում։ Այսինքն սա Արցախի դեպքը չէ, երբ մարդիկ էթնիկ զտման ենթարկվեցին և ամեն բան թողնելով մի կերպ փախան եկան ու նրանց պետք էր ապահովել։ Կարծում եմ սա կառավարելը շատ ավելի հեշտ է, քան Արցախի դեպքում էր։ Ավելի այստեղ կրկին Արցախի նման գործ չունենք նաև 120 հազար մարդու տեղաշարժի հետ, և Հայաստան կարող է այդքան մարդ էլ չգալ։
Հայաստանի դերը այստեղ երևի պետք է լինի հնարավորություն տալ այն մարդկանց ովքեր փորձում են փախչել Պուտինի խելահեղություններից և անվտանգություն գտնել Հայաստանում կամ Հայաստանի միջոցով։ Կարծում եմ Հայաստանը այլ գործառույթ չունի այս հարցում»։
Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանի բնակչության կողմից հետխորհրդային երկրներն ընտրելը պայմանավորված է նրանով, որ սա իրենց համար ամենահեշտ տեղափոխվելու վայրն է, քանի որ Եվրոպան նրանց համար փակ է, Չինաստանում կամ Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներում էլ դրսևորվելու և լեզվական խնդիր կա։ Ըստ բանախոսի՝ մյուս առավելությունը այն է, որ սրանք սահմանակից երկրներ են և որոշներն էլ գտնվում են տնտեսական համագործակցության մեջ, ինչը լայն հնարավորություններ է բացում տեղաշարժերի համար։
Ղևոնդյանը նշեց, որ ուկրաինական հակամարտության վրա կենտրոնացվածությունը հնարավորություն չի տվել Ռուսաստանին պահպանել այն ազդեցությունը, որը ուներ Հարավային Կովկասում։
«Սա բնականաբար երեք հանրապետություններին էլ ավելի մեծ ազատության հնարավորություն է տվել, որը կոնկրետ արդեն Հայաստանի դեպքում օգտագործում ենք մեր ինքնիշխանության ամրապնդման և շահերի սպասարկման համար»,-ասաց բանախոսը։
Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող ռազմական գործողությունների ներկա ընթացքին, Ղևոնդյանը նշեց, որ դրա շուրջ կողմերի տեղեկությունները բավականին հակասական են, սակայն վերջին ամիսներին հարվածների հեռահարության մասով ուկրաինական կողմն ունեցել է ավելի մեծ տարածվածություն քան ռուսական կողմը։
«Այսինքն հարաբերակցությունը հօգուտ Ուկրաինայի է, սակայն սա չի նշանակում, որ կարող ենք խոսել բեկման կամ ավարտի մասին։ Բացի այս, առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում կողմերի հայտարարությունները հուշում են, որ ընդհանուր առմամբ ճակատը լճացած է և ոչ ռուսական, ոչ էլ ուկրաինական կողմը էական հաջողություններ չունեն։ Սա չի նշանակում, որ ռազմաճակատը կայունացել է, քանի որ որոշակի առաջխաղացումներ ու նահանջներ լինում է։ Խնդիրն այստեղ այն է, որ լճացել է այդ ոչ ստաբիլ վիճակը, եթե որևէ հատվածում կողմերից մեկը ինչ որ բան վերցնում է, մեկ այլ հատվածում կորցնում է։ Սրան զուգահեռ 2023 թվականի ձմեռվանից փոխվել է նաև հակամարտության տրամաբանությունը։ Կողմերը մեկը մյուսի նկատմամաբ փորձում են վարել հյուծիչ պատերազմ»,-ասաց քաղաքագետը։
Ղևոնդյանը քիչ հավանական է համարում, որ ռազմական գործողությունների նման ընթացքը կարող է փոփոխություններ մտցնել բանակցային գործընթացի մեջ և ապահովել գոնե երկարատև հրադադար։ Ըստ նրա՝ ամենահավանականը այն է, որ իրավիճակը այս առումով էական փոփոխությունների չի ենթարկվի մինչև 2028 թվականը, այսինքն մինչև ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների սկիզբնական փուլ՝ քարոզարշավի մեկնարկ։
«Այս ժամանակ գուցե, որոշ գործոններ, թե՛ այն, որ Դոնալդ Թրամփը փոխվելու է, և թե՛ այն, որ Միացյալ Նահանգները զբաղված են լինելու ընտրություններով կարող է որոշակի առումներով կողմերին մղել բանակցային գործընթացի ակտիվացմամբ փոխհամաձայնության հասնելուն, կամ էլ ընդհակառակը՝ ռազմական գործողությունների թեժացման ու հարցը վերջնականապես վճռելու փորձերի։ Սակայն մինչ այս, մոտավորապես մեկ կամ մեկուկես տարվա ընթացքում, իմ կանխատեսմամբ որևէ էական բան չի փոխվի»,-ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ռուսական տնտեսական ենթակառուցվածքների ուղղված ուկրաինական վերջին հարվածները կարող են բանակցային գործընթացում թուլացնել Ռուսաստանի դիրքերը, Ղևոնդյանը նշեց․ «Իմ կարծիքով ուկրաինացիների գլխավոր նպատակը ոչ թե պետք է լինի Ռուսաստանի ինչ-որ բան ապացուցելը, այլ ինչ-որ բան ստիպելը նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ սրանք միմյանից խիստ տարբեր բաներ են։ Էներգետիկ, առևտրային կամ այլ տնտեսական ենթակառուցվածքնրին ուղղված հարվածները գլխավորապես միտված են Ռուսաստանի բնակչության մոտեցումները փոխելուն։ Սակայն, սրանցից չեն փոխվում Պուտինի մոտեցումները, որովհետև նա ունի իր անձնական շահերը, իր շրջապատը ունի իր շահերը, մինչդեռ ՌուսաստՖանի Դաշնությունը ունի այլ շահեր։ Կարծել, թե բենզինի ճգնաժամով, կարելի է ստիպել Պուտինին կանգնեցնել պատերազմը կարծում եմ ճիշտ չէ, որովհետև նրա գլխավոր վախերը կապված չեն նշածս հանգամանքների հետ, այլ կապված են իր անվտանգության ու իշխանության հետ։ Հետևաբար, քանի դեռ պատերազմի դադարեցումը Պուտինի համար կարող է ստեղծել այսպիսի սպառնալիք կարծում եմ նա դա չի անի և սա անկախ այն հանգամանքից, թե ուկրաինացիները կոչնչացնեն էներգետիկ ենթակառուցվածքները, թե չէ»։
Այն, որ պատերազմի ընթացքը հեռահար հարվածներով հնարավոր չէ փոխել, քաղաքագետը նաև կապեց այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանը թե՛ իր մարդկային, թե՛ հանքարդյունաբերական, և թե՛ տնտեսական ռեսուրսների մասով մեծ հագեցված պետություն է, ինչը հնարավոր չէ այնքան ոչնչացնել, որ Մոսկվան չկարողանա շարունակել պատերազմը։
«Այստեղ հարցը այն է, որ երբ ոչնչացվում մի այլ բան, դրա փոխարեն ներդրվում է մեկ այլ բան։ Օրինակ Ռուսաստանը քամում է իր հեռավորարևելյան տարածաշրջանի ռեսուրսները՝ պատերազմը շարունակելու համար։ Բնականաբար դրանից շատ ավելի վատ են սկսում ապրել բաշկիրները, թաթարները, ուդմուրտները և այլ ժողովուրդները, սակայն պատերազմը հնարավոր է դառնում շարունակել։ Այսինքն ռեսուրսները քամվում են մարդկանց հաշվին, ռեգիոնների հաշվին, տնտեսության մնացորդների հաշվին, սակայն դրանք այնքան շատ են, որ ուկրաինացիները վերացնում են կենտրոնականները, բայց մյուսները մնում են։
Սրան զուգահեռ Ռուսաստանում վերջերս շրջանառվում է նաև այն խոսույթը, որ չեն բավարարում ռեսուրսները, և որ անհրաժեշտ է հետ հավաքել նախկին ԽՍՀՄ անդամ երկրներին, որպեսզի կարողանանք արդեն նրանց բնակչությանը ուղարկենք Ուկրաինա կոտորվելու։ Այնպես, որ այստեղ էլ ամեն դեպքում կան խնդիրներ, բայց չեմ կարծում, որ դրանք մոտակա մեկ կամ երկու տարվա ընթացքում կհանգեցնի նրան, որ չբավարարի պատերազմը շարունակելու Ռուսաստանի ունակությունը»,-ասաց Ղևոնդյանը։

