Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին
Չեմ կարծում, որ պետք է Թուրքիայի սահմանի բացումը և 102-րդ ռազմաբազայի՝ ՀՀ-ից դուրս գալը կապել մեկը մյուսի հետ. դա քաղաքական որոշում է, քննարկման թեմա է, որը բացել է ռուսական կողմը։ Հայկական կողմն ասել է՝ այդ քննարկմանը պատրաստ է ցանկացած ելքով։
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ասաց՝ պատասխանելով հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացումը և հարաբերությունների կարգավորումն ինքնաբերաբար չի՞ նշանակում 102-րդ ռազմաբազայի դուրս գալ ՀՀ-ից։
«Չգիտեմ՝ արդյոք, եթե դա տեղի չունենար, այդ ռազմաբազայի՝ այստեղ լինելը ՀՀ անվտանգության համար անհրաժե՞շտ էր, թե՞ անհրաժեշտ չէր: Կա կարծիք, որ, ընդհակառակը, վտանգ է: Այդպիսի գործիչներ էլ ունենք», - ասաց նա։
Լրագրողը նկատեց՝ ռուսական ռազմաբազայի տեղակայման հիմքը Հայաստան-Թուրքիա սահմանի գործոնն է, ինչին Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես չեմ տեսնում Թուրքիայից վտանգ ՀՀ ինքնիշխանությանը: 2026 թվականն է: Ես այսօր որևէ վտանգ և, կարելի է ասել, օգոստոսի 8-ից սկսած՝ ընդհանրապես որևէ վտանգ չեմ տեսնում և չեմ ուզում կապել ռազմաբազայի գործոնը Թուրքիայի հետ»։
Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ նման հարց հայկական կողմը չի քննարկել, և որ ռազմաբազայի թեման օրակարգ է բերել ռուսական կողմը։
«Օգոստոսի 8-ից հետո սպառնալիքի գոյությունն, իմ գնահատմամբ, զրո է, որովհետև բազայի գոյության պարագայում, ռուսական խաղաղապահների գոյության պարագայում մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ և ինչ արեց բազան, երբ ռուսական ուղղաթիռը խփվեց», - ասաց նա։


