Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մի իրողության հետ ենք առնչվել, որը պետք է բացառենք, որովհետև այդ մարդը երկու օր եղել է ոչ միայն տարածքում, այլև կոնկրետ մեր քաղաքացու բնակարանում և կինը կարողացել է իր ընտանիքը պաշտպանել»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողի ՀՀ սահմանը հատելուն՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Հարցին՝ կարող է պարզվի այլ ադրբեջանցի էլ է եղել՝ Քոչարյանը նշեց. «Ամեն ինչ հնարավոր է, դրա համար մեր բոլոր ծառայությունները համակցված պետք է միասին այս դեպքի առնչությամբ ոչ միայն քննություն իրականացնեն, այլև տոտալ ամբողջ տարածքը պետք է տակնուվրա անեն: Սահմանների ամրության մասին պետք է խոսել տարիների լուրջ կատարած աշխատանքի իրացումից հետո, հիմա մեր սահմաններն ունեն խնդիրներ, որոնց հետ կապված պետք է գտնենք լուծումներ: Մշտադիտարկումը մեզ հնարավորություն կտար ավելի էֆեկտիվ սահմանների պահպանությանը մոտենալ: Իմ փորձառությունը հուշում է, որ ցանկացած վարկած պետք է ամբողջ խորությամբ ուսումնասիրել, որպեսզի բացառենք բոլոր այն վտանգավոր մտադրությունները, որոնք կարող է նաև հակառակորդն ունեցած լինի: Սյունիքի այդ հատվածում էլ ունենք ինժեներական կառույցներ, բայց դա շատ քիչ է, դրա համար մենք խոսում ենք սահմանապահ զորքերի մասին և ստեղծում ենք այդ զորքերը, իսկ դա մեկ օրում չի կայանալու, իսկ այդ զորքերը միայն հրացանով մարդը չի, դա համակարգ է»:
Անդրադառնալով նաև ադրբեջանցի զինծառայողի հետ կապված հնարավոր զարգացուներին՝ Քոչարյանն ասաց. «Քրեական գործ կա հարուցված, պետք է շարժվել քրեական գործի պահանջներին համապատասխան: Հանձնելը հենց այնպես չի լինում, ինչ-որ բանի դիմաց է լինում»:


