Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Եթե սահմանափակվի որևէ հանրային ծառայողի մասնակցությունը որևէ հանրային միջոցառմանը, ապա դա կլինի անթույլատրելի, դա կլինի քաղաքացու իրավունքների սահմանափակում: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանի այն գնահատականներին, որ հանրային ծառայողի մասնակցությունը քաղաքական հավաքներին, քաղաքական չեզոքության խախտում է համարվում:
Եղոյանը հիշեցրեց, որ նույնիսկ Սահմանադրական դատարանը իր որոշումներում չի արձանագրել, որ հանրային ծառայողները չեն կարող մասնակցել քաղաքական հավաքներին, այլ ընդգծել է, որ չի կարելի չարաշահել նրանց ունեցած չեզոքությունը և չի կարելի հարկադրել:
«Անկուսակցական մարդիկ նույնպես ունեն քաղաքական հայացքներ: Այս ընտրություններին մասնակցած հազարավոր մարդիկ եղել են անկուսակցական:
Մեղադրանքներ են հնչում մի կուսակցությունից, որը ոչ մի խնդիր չի տեսնում, որ եպիսկոպոսն է քաղաքական երթ գլխավորում: Դրա մեջ դուք խնդիր չեք տեսնում: Հոգևորականների առաջնորդած քաղաքական գործընթացի ժամանակ դուք ասում եք. «ինչ խնդիր կա, դա իր քաղաքական դիրքորոշումն է եղել»: Այն, որ պետությունն ու եկեղեցին անջատ են, դուք ասում եք. «հա, դե անջատ են», բայց ասում ենք «վեղարն ու սքեմը հագին մարդը երթ է առաջնորդում», դուք ասում եք. «սա նորմալ է, խնդիր չկա»: Քաղաքական հայտարարություններ են անում հոգևորականները նույնիսկ: Այստեղ, ո՞րն է ձեր չափանիշը»,-ասաց պատգամավորը:
Ըստ Եղոյանի՝ ԵԽԽՎ-ն վերջին զեկույցում նույնպես արձանագրել է, որ ընտրություններն անցել են մրցակցային, ազատ ու թափանցիկ պայմաններում, իսկ մարդիկ հնարավորություն են ունեցել արտահայտել իրենց կամքը:
«Հարգելի գործընկերներ, դուք չեք հաղթել այս ընտրություններում, որովհետև ձեզ ձայն տված քաղաքացիների քվեների թիվը չի բավարարել կառավարություն ձևավորելու համար: Որովհետև 340 հազար մարդու եք կարողացել համոզել, որ դուք ավելի լավ իշխանություն կլինեք, քան մենք: Ավելի շատին համոզեիք, կլիներ ավելի շատ մարդ: Մեր այդ ցույցերին եկողներն էլ, ձեր ասած ճնշվածն էլ, հարկադրվածն էլ, մյուսն էլ կգնար ձեզ կընտրեր»,-ասաց Եղոյանը:


