Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հարավային Վրաստանի և Հյուսիսային Հայաստանի սահմանամերձ հատվածներում մեկնարկել է անտառային հրդեհների դեմ համատեղ պայքարի նոր փուլ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Սեպտեմբերի 30-ին Թբիլիսիում ԵԱՀԿ-ի (OSCE) և Adelphi կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հրդեհների կառավարման, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության և վաղ ազդարարման համատեղ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը՝ «Անդրսահմանային հրդեհների կառավարումը և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը Հարավային Վրաստանում և Հյուսիսային Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Միջոցառմանը մասնակցել են երկու երկրների պետական, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ ու փորձագետներ․
• Միջազգային կազմակերպություններ՝ ԵԱՀԿ (OSCE), Adelphi և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (UNDP)։
• Հայաստան՝ ՆԳՆ Փրկարար ծառայության և Տաշիրի փրկարարական ջոկատի ներկայացուցիչներ, Շրջակա միջավայրի նախարարության, Էկոպարեկային ծառայության, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի, Լոռու մարզպետարանի և Տաշիրի համայնքապետարանի ներկայացուցիչներ։
• Վրաստան՝ Ներքին գործերի նախարարության, Տարածքային զարգացման նախարարության, Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության ու Անտառային ազգային գործակալության մասնագետներ։
• Փորձագիտական կազմ՝ կլիմայի փոփոխության և աղետների ռիսկի նվազեցման միջազգային ու ազգային փորձագետներ։
Սեմինարի հիմնական նպատակն էր ձևավորել Հայաստանի և Վրաստանի միջև հրդեհների կառավարման, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության և վաղ նախազգուշացման համատեղ աշխատանքային խումբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են․
• Ռիսկային ու հրդեհավտանգ տարածքների քարտեզագրումն ու կանխարգելիչ միջոցառումները։
• Տաշիրի և Բոլնիսիի փորձնական համայնքների առաջնահերթությունները։
• 2027 թ. սահմանամերձ համայնքներում իրազեկման քարոզարշավների և կամավորական շարժումների ներգրավումը։
• Հայաստանում սպասվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովի (#COP17) շրջանակում համատեղ նախաձեռնությունների իրականացումը։
Այս կարևոր համագործակցությունը նոր էջ է բացում տարածաշրջանային էկոլոգիական անվտանգության և բնական աղետների դեմ համատեղ դիմակայունության բարձրացման գործում։


