Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Աֆրիկյան մի շարք երկրներում շարունակվում են Էբոլա հիվանդության դեպքերի արձանագրումները։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Քենիայում և Նիգերիայում գրանցվել են վարակման հազարավոր դեպքեր և մահեր։ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանի և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մյուս երկրների համար հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ Այս մասին տեղեկացնում են ՀՎԿԱԿ-ից:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Մինչև հոկտեմբերի 20-ն արձանագրվել է՝
* 9552 հաստատված դեպք,
* 4602 մահվան դեպք հաստատված վարակակիրների շրջանում։
Քենիա
Հոկտեմբերի 6-ին Քենիայում արձանագրվել է Էբոլա հիվանդության առաջին հաստատված ներմուծված դեպքը։
Մինչև հոկտեմբերի 20-ն արձանագրվել է՝
* 9 հաստատված դեպք,
* 1 մահվան դեպք։
Բոլոր դեպքերը գրանցվել են Նայրոբիում՝ առաջին հիվանդի հետ սերտ շփում ունեցած ընտանիքի անդամների և բուժաշխատողների շրջանում։
Ախտորոշման պահին բոլոր վարակակիրներն արդեն գտնվել են կարանտինում։
Քենիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկրում Էբոլա հիվանդության համայնքային տարածում չի արձանագրվել։
Նիգերիա
Հոկտեմբերի 20-ին Նիգերիայի առողջապահության դաշնային նախարարությունը հայտնել է Բունդիբուգյո վիրուսով հարուցված Էբոլա հիվանդության առաջին ներմուծված դեպքի մասին։
Պացիենտը մեկուսացվել է ախտանշանների ի հայտ գալու պահից և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։
Շարունակվում են նրա հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման և համաճարակաբանական հետազոտության աշխատանքները։
Ռիսկի գնահատում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին։


