Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 31-ին «Մանամայի երկխոսության» շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ։
Արարատ Միրզոյանը և Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանին հանգամանալից քննարկել են Հայաստանի և Բահրեյնի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխշահավետ համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև արդեն իսկ փոխհամաձայնեցման փուլում գտնվող միջազգային պայմանագրերի կնքման միջոցով իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, զբոսաշրջության ակտիվացմանը նպաստող հնարավոր քայլերին, ինչպես նաև ներդրումների խրախուսման հնարավորություններին։
Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ նաև խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հետագա ամրապնդման և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ջանքերը, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար։
Անդրադարձ է կատարվել նաև «Մանամայի երկխոսություն» և «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումների միջև փոխգործակցությանը։


